‘ԼՂՀ-ում կստեղծվեն «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ և սննդամթերքի անվտանգության ծառայություն’

1239

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: Գործադիրը հավանություն է տվել ԼՂՀ քրեական օրենսգրքի, «ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ԼՂՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին, որոնք կներկայացվեն Ազգային ժողովի քննարկմանը:

Կառավարության հավանությանն է արժանացել ԼՂՀ նախագահի հրամանագրի նախագիծը, որի համաձայն՝ նախատեսվում է գյուղատնտեսության նախարարության երկրագործության և անասնաբուժական ու անասնապահական պետական տեսչությունները վերակազմակերպել նախարարության կառավարման ոլորտում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայության: Գործադիրը մեկամսյա ժամկետում պարտավոր է ընդունել սպասվող հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:

Նիստում հաստատվեց ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության կանոնադրությունը: Տեսչության նպատակներն են ապահովել ոչ պարենային ապրանքների անվտանգությունը, պաշտպանել սպառողների իրավունքները, կանխարգելել և վերացնել սահմանված պահանջների խախտումները:

2013 թ. զբոսաշրջության զարգացման՝ գործադիրի հավանությանն արժանացած ծրագրով նախատեսված միջոցառումները հիմնականում ուղղված են միջազգային շուկայում ԼՂՀ՝ որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ձևավորմանը: Վարչապետը հանձնարարեց առավել ուշադրություն դարձնել ԼՂՀ-ի՝ որպես զբոսաշրջային երկիր ներկայացնելու հարցին՝ օգտագործելով գովազդային տեսահոլովակներ և այլ միջոցներ:

Ստեղծվեց ԼՂՀ պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձի և հաղթանակի օրվա տոնակատարության միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողով, որի քննարկմանը կներկայացվի տոնական միջոցառումների ծրագիրը:

Կառավարության ընդունած որոշումներից մեկով ստեղծվեց «Բնապահպանական փորձաքննություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, և հաստատվեց կանոնադրությունը: Կազմակերպության գործունեության նպատակն է ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն, տրամադրել մասնագիտական եզրակացություններ: Մեկ այլ որոշմամբ սահմանվեց բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կարգը: Այս մասին հայտնում է Արցախի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Hetq.am

Նախորդ հոդվածը‘ Իսկական ՀՀԿ-ական պատգամավոր. Մհեր Սեդրակյան՝ 0 ելույթ, 0 հարց, 1 դեմ’
Հաջորդ հոդվածը‘Մեսին կարող է հայտնվել Մոուրինյոյի թիմում’