‘ԼՂՀ-ում 2015 թվականի հունվարի 1-ից մոտ 13 %-ով կաճի աշխատանքային կենսաթոշակի միջին չափը’

999

Դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության՝ այս տարվա վերջին նիստը, որը  վարել է վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Կառավարությունը սահմանել է աշխատանքային կենսաթոշակը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը` 16 հազար դրամ և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` 800 դրամ: Արդյունքում՝ աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2015 թվականի հունվարի 1-ից կկազմի շուրջ 43200դրամ` աճելով մոտ 13 %-ով:

Անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամների, ԼՂՀ պաշտպանության ժամանակ  ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների զավակների, բազմազավակ, միածնող ընտանիքների և փախստական քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման նպատակով՝ նրանց կտրամադրվի հիփոթեքային վարկավորմամբ պետական ֆինանսական աջակցություն, որն արտահայտվելու է հիփոթեքային վարկի տոկոսագումարների սուբսիդավորմամբ և կանխավճարի տրամադրմամբ:

Բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 15 տարի ժամկետով, իսկ վերանորոգման համար՝ մինչև 10 տարի ժամկետով: Բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող երկրորդ խմբի հաշմանդամ շահառուներին հատկացվելու է կանխավճար՝ գործարքի արժեքի մինչև 30 տոկոսի չափով, որից երկու երրորդը կամ գործարքի արժեքի 20 տոկոսը՝ անհատույց, իսկ 10 տոկոսը՝ վերադարձման պայմանով: Մնացած շահառուներին տրամադրվելու է գործարքի արժեքի մինչև 20 տոկոսի չափի կանխավճար՝ վերադարձման պայմանով:

«Սույն որոշումը կհամարեի  2015 թվականի՝ կառավարության ամենակարևոր սոցիալական ծրագրերից մեկը, որը նախագահի նախընտրական ծրագրի գլխավոր ուղղություններից էր հանդիսանում: Այն ոչ թե վերցվել է որևէ երկրի փորձից, այլ հաշվի են առնվել ԼՂՀ քաղաքացիների կարիքներն ու հնարավորությունները»-, ընդգծել է վարչապետ Հարությունյանը:

Գործադիրի ընդունած որոշմամբ՝ 40 տոկոսով բարձրացվել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող ամենամսյա պատվովճարի չափը: Մեկ այլ որոշմամբ սահմանվել են ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակների չափերը` ապահովելով միջին չափի շուրջ 13 % աճ:

2015 թվականի հունվարի 1-ից 5000-ական դրամով կբարձրանան պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձանց, Հայրենական մեծ պատերազմում (նաև այլ պետություններում մարտական գործողությունների մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս) հաշմանդամ դարձած անձանց, ինչպես նաև նույն պատերազմում (նաև այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս) զոհված զինծառայողի ընտանիքի՝ աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անդամներին տրվող պարգևավճարների ամսական չափերը: 8000-ական դրամով կավելանան ԼՂՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված կամ զինծառայության ընթացքում մահացած զինծառայողի` աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող երեխաներին և ընտանիքի այլ անդամներին տրվող պարգևավճարների ամսական չափերը:

Մեկ այլ որոշմամբ՝ պարզեցվել է խնամքի կարիք ունեցող անձանց համապատասխան հաստատություններում  տեղավորման գործընթացը: Ըստ փոփոխության՝ խնամքի կարիք ունեցող անձինք բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կտեղավորվեն վերջինիս կողմից՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի ղեկավարի ընդունած որոշման հիման վրա:

Ելնելով գործող օրենսդրության պահանջներից՝ գործադիրը որոշում է ընդունել հանրակրթական ուսումնական բոլոր հաստատություններին պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ տալու մասին: Որոշման համաձայն՝ 216 դպրոցներ միավորվել են մի շարք ՊՈԱԿ-ներում: Շրջանների հանրակրթական դպրոցների գերակշիռ մասի ֆինանսատնտեսական գործունեությունը իրականացվելու է կենտրոնացված ձևով, իսկ մյուս դպրոցները կգործեն որպես ինքնուրույն պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

Կառավարությունը հաստատել է բարձրագույն, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման՝ 2015-2016թթ. ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:  Ցանկում չընդգրկված, սակայն պահանջված մասնագիտությունների համար ՀՀ բուհերում կհատկացվեն նպատակային տեղեր:

Գալիք ուսումնական տարում նախատեսվում է Շուշիում բացել արհեստագործական ուսումնարան՝ առկա ուսուցման համակարգի «Ջերմաէներգետիկ սարքավորումների և ջերմային ցանցերի տեխնիկական շահագործում», «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում», «Շենքերի և կառույցների սանիտարատեխնիկական սարքավորումներ» և այլ մասնագիտացումներով:

Դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձն օտար լեզվի իմացության համար կստանա հավելավճար. այդ մասին որոշում է ընդունել կառավարությունը և սահմանել հավելավճարի չափը՝ երկու օտար լեզվից բացի երրորդ օտար լեզվի իմացության դեպքում՝ դիվանագետի պաշտոնային դրույքաչափի 10, դրանից ավելի օտար լեզուների իմացության համար՝ 15 տոկոսի չափով:

Գործադիրի որոշմամբ՝ ստեղծվել է «Ազոխի քարանձավ» պետական բնապատմական արգելոց և հաստատվել դրա կանոնադրությունը: Արգելոցի ստեղծմամբ լիարժեք կիրականացվի տարածքում գտնվող պատմահնագիտական հուշարձանի, բնական միջավայրի պահպանումը, ինչպես նաև մշակութային արժեքների ուսումնասիրությունն ու դրանց նպատակային օգտագործումը:

«Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցի տարածքում գտնվող բնակելի տները և գույքը, որպես նվիրաբերություն, փոխանցվել և ամրագրվել են «ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ արգելոցի պատմական միջավայրի ամբողջականացման և պահպանման նպատակով:

Կառավարության որոշմամբ՝ կազմվելու է հուշարձանների գիտատեղեկատու շտեմարան, որի ստեղծման և վարման համար կհատկացվի 2մլն 640 հազար դրամ գումար: Շտեմարանը հանրամատչելի կդարձնի հանրապետությունում գտնվող հուշարձանների մասին տեղեկությունները:

Նիստում հավանության են արժանացել չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ռազմավարական ծրագիրը և միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Ծրագրի նպատակն է բնակչության շրջանում նվազեցնել այդ հիվանդության, բարձիթողության և դրա պատճառով մահացության ցուցանիշները:

Նիստում կառավարության հավանությանն է արժանացել ««Կրթության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Նախնական մասնագիտական (արհեստագործական)  և միջին մասնագիտական կրթության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին» և ««Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի  փաթեթը: Կրթության և գիտության նախարար  Ս. Ասրյանի խոսքով՝ օրենսդրական այս նախաձեռնության նպատակն է բարձրագույն կրթության բնագավառում սահմանել պետական քաղաքականության միասնական չափանիշներ, ապահովել անհրաժեշտ պայմաններ և ուսուցման որակ, ինչպես նաև վճարովի համակարգում կիրառել ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման մեխանիզմներ:

Գործադիր մարմնի հավանությանն է արժանացել նաև «ԼՂՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի  ընդունմամբ կկարգավորվեն հասարակական մի շարք հարաբերություններ, կհստակեցվեն ջրային համակարգում առկա խնդիրների լուծման ուղիները, կսահմանվեն միջազգային պրակտիկայում ընդունված որոշ հասկացություններ:

Հանրապետությունում  գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտների գնային քաղաքականության բարելավման, Արցախ այցելած զբոսաշրջիկների քանակի վիճակագրության հստակեցման և զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող բոլոր սուբյեկտների համար պարտադիր հաշվառում իրականացնելու, ինչպես նաև դրանց տարբերազատման  հստակեցման անհրաժեշտությունից ելնելով՝  կառավարությունը լրացումներ է առաջարկել «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում: Գործադիր մարմնի հավանությանն արժանացած օրինագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:

Նախորդ հոդվածը‘Սուարեսը 500 նվեր է ուղարկել Մոնտեվիդեոյի հիվանդանոց (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. Ավագ Եփրեմյանի «Վարք. սևագրություն»-ը ‘