‘ ԼՂՀ ՊՆախարար. Հակառակորդին այս տարվա ընթացքում չի հաջողվել հաջողություն ունենալ ‘

727

«Ադրբեջանի իշխանություններն այսօր չէ եւ նաեւ վաղն են հայտարարելու ռազմական ճանապարհով ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու մասին։ Նրանք նաեւ միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ Մինսկի խմբին, անընդհատ շանտաժի են ենթարկում, հայտարարելով, որ պատրաստվում են հարցը հենց այդ ճանապարհով լուծել»,-այսօր Karabakh-open.info-ի հարցին ի պատասխան նշել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը։ 

Նա խոստովանել է, որ որպես պաշտպանության նախարար այդ հայտարարություններն իր համար էլ են մտահոգիչ եւ անընդհատ հուշում են, որ պաշտպանության բանակը միշտ պետք է պատրաստ լինի իր առջեւ դրված խնդիրը կատարելուն։ «Եւ բանակի այս տարվա միջոցառումները հենց դրան են ուղղված եղել։ Ինչ վերաբերում է դիրքերի կրիտիկական մոտիկ լինելուն, իհարկե դա լրացուցիչ լարվածություն է ստեղծում, քանի որ ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի կողմից վարվող պատերազմը շարունակվում է, իսկ մեր բոլոր առաջարկություններին՝ ուղղված առաջնագծում լարվածության թուլացմանը, Ադրբեջանը պատասխանում է նոր լարվածության ստեղծմամբ»,- նշել նախարարը՝ հավելելով, որ ՊԲ-ում իրականացրած միջոցառումների շնորհիվ այսօր զինծառայողները լրիվությամբ անվտանգ են ծառայություն իրականացնում առաջնագծում։

Առաջնագծում բոլոր հրամանատարներին ցուցում է տրված, որ անընդհատ պետք է հակազդեն հակառակորդին եւ չթույլատրեն, որպեսզի նա հայտնվի գերիշխող դիրքում։ 
«Հակառակորդին այս տարվա ընթացքում չի հաջողվել հաջողություն ունենալ։ Հակառակը՝ դիտարկման համակարգը բավականին կատարելագործվել է, ինչի մասին խոսում են Ադրբեջանի պաշտոնական տվյալները, ըստ որոնց, միայն մեր դիպուկահարների աշխատանքի շնորհիվ հակառակորդը 15 զոհ է ունեցել»,-ավելացրել է Մովսես Հակոբյանը։

Աղբյուրը՝ Karabakh-open.info

Նախորդ հոդվածը‘Սուրբ Ծննդյան տոնակատարությունների ընթացքում Կենտրոնական Ամերիկայում զոհվել է շուրջ 90 մարդ’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ պատգամավորներ Վիտալի Բալասանյանն ու Վահան Բադասյանը դեմ են քվեարկել ԼՂՀ 2013-ի բյուջեի նախագծին ‘