‘ԼՂՀ ՌՊԱԿ հարցերով պետական հանձնաժողովը՝ դիվերսանտների մասին’

1298

ԼՂՀ ՌՊԱԿ հարցերով պետական հանձնաժողովը՝ դիվերսանտների մասին. գործ ունենք առնվազն հատուկ պատրաստվածություն անցած հանցավոր խմբի հետ  

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը, բարի կամք դրսևորելով, հաշվի առնելով այն փաստը, որ 1993 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միակողմանի ընդունել է Ժնևի 1949թ. Կոնվենցիան, իսկ 2002թ., որպես հավելում, նաեւ քառակողմ համաձայնագիր է կնքվել ԼՂՀ իրավապահ մարմինների եւ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջեւ, դիմել է Ադրբեջանի Հանրապետության՝ ԼՂՀ տարածքում ձերբակալված քաղաքացիների գործը քննող քննիչին՝ ձերբակալվածների հետ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչների տեսակցությունը թույլատրելու խնդրանքով: Քննիչը հանձնաժողովի միջնորդությունը բավարարել է: Հանդիպումը կայացել է այսօր՝ հուլիսի 26-ին:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ, ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը, հիմք ընդունելով անօրինական կերպով ԼՂՀ տարածք մուտք գործելու և մի շարք ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալները, համարում է, որ ի դեմս Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւի, Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի և քննությամբ դեռեւս ինքնությունը չպարզված անձի, գործ ունենք առնվազն հատուկ պատրաստվածություն անցած հանցավոր խմբի հետ, որի գործողությունների արդյունքում այս պահի տվյալներով կա 2 զոհ, այդ թվում՝ մեկը՝ անչափահաս, և մեկ ծանր վիրավոր: Հենվելով ունեցած և արդեն հրապարակված տվյալների վրա՝ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հայտարարում է, որ նշված անձանց վրա չի տարածվում՝ՙՌազմագերիների հետ վարվելակերպի մասին՝ Ժնևի կոնվենցիան, քանի որ նրանք չեն համապատասխանում կոնվենցիայով սահմանված կատեգորիաներից որևէ մեկին: Հաստատված համարելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ այդ անձանց թշնամական գործողությունները և հենվելով Ժնևի 4-րդ կոնվենցիայի 5-րդ հոդվածի վրա՝ հանձնաժողովը հայտարարում է, որ նշված անձանց վրա չի տարածվում նաեւ՝ՙՊատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին՚ Ժնևի կոնվենցիան, միաժամանակ վստահեցնում, որ նրանց նկատմամբ դրսևորվում է մարդասիրական վարվելակերպ՝ Ժնևի 4-րդ կոնվենցիայի 3-րդ մասով սահմանված նորմերի շրջանակներում, և հետագայում էլ, քրեական հետապնդման ժամանակ, նրանք օգտվելու են արդարացի դատաքննության իրավունքից:

Ինչ վերաբերում է խմբի երրորդ՝ սպանված անդամին, պետական հանձնաժողովն իր պատրաստակամությունն է հայտնում անձը պարզելուց և քննչական գործողությունների ավարտից հետո Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության հետ համագործակցել դիակը հարազատներին հանձնելու հարցում ևս: ԿԽՄԿ-ն կարող է զգալի արագացնել գործընթացը՝ այդ անձի ինքնությանը վերաբերող պաշտոնական հարցում ուղղելով Ադրբեջանի Հանրապետությանը և հավաստի տեղեկատվություն ստանալով:

  

Նախորդ հոդվածը‘Հուլիսի 26-ին ծնվել է անգլիացի գրող Բեռնարդ Շոուն’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ-ն մտադիր է անօդաչու սարքեր օգտագործել ռուս-ուկրաինական սահմանը վերահսկելու համար’