‘ԼՂՀ վարչապետը հանձնարարել է ծախսերի կրճատման ծրագրեր ներկայացնել’

1983

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ՝ մայիսի 17-ին տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որտեղ մի շարք որոշումներ են ընդունվել: Տեղեկացնում է ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունը:

Նիստի ավարտին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ամփոփելով Ադրբեջանի վերջին շրջանի ագրեսիայով պայմանավորված իրադարձությունները, նշել է, որ դրանք իրենց հետևանքներն են թողնելու հանրապետության տնտեսության և բյուջեի վրա: Մասնավորապես, ստեղծված իրավիճակում ծախսերը նախատեսվածից ավելի են արվում մի շարք կարևորագույն  խնդիրների լուծման ուղղությամբ:

«Պահուստային ֆոնդից առաջնագծի ամրապնդման և սոցիալական լարվածության թուլացման ուղղությամբ գումարներ են ծախսվել: Աշխատավարձերի փոխհատուցում և դրամական աջակցություն են տրվում առաջնագիծ մեկնած մեր բոլոր հայրենակիցներին: Իսկ գործատու հանդիսացող ընկերություններին առաջարկվելու է արտոնյալ վարկերի տրամադրում՝ իրենց աշխատակից-դիրքապահներին աշխատավարձ տալու նպատակով: Այս ամենին զուգահեռ՝ նաև բյուջեի եկամուտների ձևավորման խնդրի առջև ենք կանգնելու՝ վերջին շրջանի ռազմական գործողություններով և խոշոր հարկատու հանդիսացող ընկերությունների չնախատեսված աշխատանքներով  պայմանավորված: Մի կողմից պետք է լրացուցիչ ծախսեր իրագործենք, մյուս կողմից եկամուտների նվազում է տեղի ունենալու: Հետևաբար, պետք է ծախսերը կտրուկ նվազեցնենք»,- նշել է ԼՂՀ վարչապետը և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել մեկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել ծախսերի կրճատման առաջարկություններ: Կրճատումները, սակայն, ըստ Ա. Հարությունյանի, չեն ազդելու այն ծրագրերի վրա, որոնք աշխատատեղեր են ստեղծում:

 

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ում 2-րդ ընթերցմամբ ընդունել են ԸՕ-ի նախագիծը’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիան ողջունում է Վիեննայում կայացած հանդիպումը’