‘ԼՂՀ վարչապետը տեղական իշխանություններին հանձնարարել է 5-ամյա շինարարական ծրագիր ներկայացնել ‘

905

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն` հանրապետության շինարարական կազմակերպությունների պատասխանատուների մասնակցությամբ, որտեղ քննարկվել են շինարարարության ոլորտին առնչվող մի շարք կարևոր հարցեր, հայտնում է ԼՂՀ կառավարության լրատվական ծառայությունը:

Վարչապետը ներկաների ուշադրությունն է հրավիրել վերջերս ԼՂՀ նախագահի կողմից աշխատավարձային ճիշտ քաղաքականություն իրականացնելու վերաբերյալ  բարձրացված հարցի վրա: Ա.Հարությունյանը շինարարական կազմակերպությունների ղեկավարներին հորդորել է խուսափել  իրական աշխատավարձերը թաքցնելու արատավոր երևույթից և  գործել արդար ու թափանցիկ`ստուգող մարմիններին ներկայացնելով ստույգ հաշվետվություններ, ինչի համաձայն կհստակվեն նաև պետական բյուջե կատարվող մուտքերը: Աշխատանքին համապատասխան վարձատրությունը, ըստ կառավարության ղեկավարի,  կարևոր է ոչ միայն մասնագետների վերապատրաստման, այլև արտագաղթի կանխման գործընթացներում: Վարչապետի խոսքով` պատկան մարմինները կիրականացնեն վերահսկողություն, հայտնաբերված խախտումների դիմաց կազմակերպությունները կենթարկվեն տույժի:

Անդրադառնալով կառավարության կողմից հաստատված 2013թ. կապիտալ շինարարության պետական ծրագրին` Ա.Հարությունյանը նախկինում թույլ տված բացթողումները չկրկնելու և հետաձգված վճարների պատճառով գոյացող պարտքերից խուսափելու համար կարևորեց նոր աշխատաոճի որդեգրումը: Վարչապետը քաղաքաշինության նախարարին հանձնարարականներ տվեց մրցույթների թափանցիկության ապահովման  և աշխատանքները` պայմանագրի առկայության և համապատասխանության դեպքում միայն իրականացնելու ուղղություններով:  Ա.Հարությունյանը հանձնարարեց նաև հանրապետության շրջվարչակազմերի և Ստեփանակերտի քաղաքապետարանի ղեկավարների հետ մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել 5-ամյա կապիտալ շինարարության ծրագիր, որտեղ նախանշված կլինեն առաջիկա տարիների անելիքները:

Վարչապետը ֆինանսական խնդիրներ ունեցող շինարարական կազմակերպությունների ղեկավարներից պահանջեց սահմանված ժամկետներում կատարել իրենց պարտավորությունները` աշխատանքում ներգրավելով բանկային կամ այլ ռեսուրսներ` առանց պետական երաշխավորության, հակառակ դեպքում` հրաժարվել պատվերներից:

Խորհրդակցության ժամանակ խոսվեց նաև վերջին տարիներին ոլորտում արձանագրված դրական տեղաշարժերի մասին, թեժ քննարկումներ ծավալվեցին առկա խնդիրների և դրանց լուծման տարբերակների շուրջ: Ա.Հարությունյանը շինարարներին խորհուրդ տվեց հնարավորինս շատ օգտագործել տեղական շինանյութերը` դրանով խթանելով նաև տեղական արտադրության զարգացումը:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ Վերահսկիչ պալատի նախագահ Ա.Մոսիյանը, ֆինանսերի և էկոնոմիկայի նախարար Ս.Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Նախորդ հոդվածը‘Վրաստանում ձերբակալվել է Աջարիայի հարկային ծառայության ղեկավարը’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինա-լեհական մաքսակետում Պիկասոյի բնագրերից մեկն է հայտաբերվել’