‘ԼՂՀ վարչապետն ադրադարձել է կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանը’

1213

Հունվարի 17-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունայնի մոտ հրավիրվել է խորհրդակցություն` նվիրված կենսաթոշակային բարեփոխումների իրականացման հարցերին: Ողջունելով Հայաստանի Հանրապետությունից Արցախ ժամանած  պատվիրակության անդամներին` կառավարության ղեկավարը կարևորել է նրանց օժանդակությունը ԼՂՀ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող կառավարման հանձնաժողովին: ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վարչապետը նշել է, որ կենսաթոշակային կուտակային նոր համակարգը հնարավորություն է տալու քաղաքացիներին երաշխավորել իրենց ապահով ծերությունը: Քաղաքացին պետք է մտածի, որ ինքն է պատասխանատու իր ապագայի համար,- այս տրամաբանությունն է դրված կենսաթոշակային բարեփոխումների հիմքում, ինչը համահունչ է ժամանակակից աշխարհի իրողություններին: Ա. Հարությունյանը բարեփոխումների իրականացման նախնական փուլում մեծ կարևորություն է տալիս նոր համակարգի իմաստը հանրությանը հասցնելու աշխատանքին:

Խորհրդակցության ժամանակ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը արցախյան գործընկերներին հնարավորինս աջակցելու  պատրաստակամություն է հայտնել: Նա հակիրճ ներկայացրել է բարեփոխումների ուղղությամբ Հայաստանում կատարված աշխատանքները, մասնավորապես` օրենսդրական դաշտում, և նախանշել հետագա անելիքները: Կուտակային նոր համակարգի վերաբերյալ ընդհանուր պատկեր կա նախանշված նաև Արցախում,- ծրագրի մշակման ուղղությամբ հանրապետությունում իրականացված աշխատանքները ներկայացնելով` նշել է ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Խորհրդակցության ավարտին ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող կառավարման հանձնաժողովի անդամներին հանձնարարել է ակտիվ փոխհամագործակցել հայաստանյան գործընկերների հետ, որպեսզի հնարավոր լինի նախանշված ժամկետում Արցախի Հանրապետությունում գործադրել նոր համակարգը:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նախորդ հոդվածը‘Մեկօրյա Ստալինգրադ’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալիայի աննախադեպ շոգերը հատել են 150-ամյա ռեկորդի շեմը’