‘ԼՂՀ վարչապետն ընդունել է Գերմանիայի պատվիրակությանը’

1059

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր ընդունել է երկօրյա ճանաչողական այցով Արցախում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսեն երկրամասի Բերգշտրասսեի մարզային խորհրդի նախագահ Մաթիաս Վիլկեսին և Հեսսեն երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Ֆերային: Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրերին` վարչապետը կարևորել է տարբեր ոլորտներում Գերմանիայի Դաշնության հետ Արցախի Հանրապերության համագործակցությունը, նշելով, որ Գերմանիայի տնտեսական մոդելը արժանի է ընդօրինակման: Ա. Հարությունյանն անդրադարձել է գերմանական առանձին ընկերությունների հետ, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում, սկզբնավորված համագործակցությանը`  հույս հայտնելով, որ այն ավելի  կընդլայնվի:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` հյուրերը ափսոսանք հայտնեցին եվրոպական ազատականացման գաղափարները որդեգրած երկրի` ԼՂՀ-ի մասին  սակավ տեղեկատվություն ունենալու վերաբերյալ: Նրանց կարծիքով` դա խոչընդոտում է ԼՂՀ միջազգային  ճանաչման գործընթացին: Գերմանական պատվիրակության անդամները ԼՂՀ կառավարության ղեկավարին  հրավիրեցին  իրենց վարչական շրջան,  որտեղ կկազմակերպվի ֆորում`  Արցախի մասին մանրամասն տեղեկատվություն տարածելու նպատակով: Հյուրերը Ա. Հարությունյանին իրազեկեցին նաև Արցախի ուսումնական հաստատություններում գերմաներենի ուսուցման և ԱրՊՀ-ում գերմանական գրադարանի ստեղծման  մտադրության մասին:

Հանդիպման ավարտին վարչապետ Ա. Հարությունյանը հյուրերին նվիրեց Արցախի Հանրապետության ատլասը:

Հանդիպմանը մասնակցում էին գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նախորդ հոդվածը‘Թունավորման դեպք Երևանում’
Հաջորդ հոդվածը‘Քվեարկում եք Տարոնին` ընտրում եք Նեմեցին, Թոխմախցուն, Լֆիկին…’