‘ԼՂՀ Վարչապետ. Բազմաթիվ հաջողակ ձեռներեցներ, այսպես կոչված` իմ մտերիմ շրջապատից չեն ‘

2089

Օրերս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ձեւավորել է կառավարության նոր կազմը: Վարչապետի պաշտոնում Սահակյանը նորից նշանակել է Արա Հարությունյանին, ում թեկնածությունը գրեթե միաձայն հավանության էր արժանացել ԼՂՀ ԱԺ-ում: Ստորեւ ներկայացնու ենք Արա Հարությունյանի հետ մեր հարցազրույցը:

Պարոն Հարությունյան, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նորից առաջարկել է ձեր թեկնածությունը վարչապետի պաշտոնում, եւ ԼՂՀ ԱԺ պատգամավորները քվեարկել են հօգուտ ձեր թեկնածության: Ինչո՞վ եք բացատրում այն, որ Բակո Սահակյանը նորից ձեր թեկնածությունն է առաջադրել:

-Կարելի է շատ հակիրճ պատասխանել հետևյալ կերպ. երկրի ղեկավարությանը գոհացրել է իմ աշխատանքը, ուստի և կրկին վստահել է կառավարության ղեկավարի պաշտոնը: Նախորդ տարիներին կատարած իմ աշխատանքը հիմնականում դրական է գնահատվել նաև խորհրդարանի կողմից:

-Դուք վարչապետ եք եղել անցած 5 տարիներին: Ինչպե՞ս եք գնահատում ձեր վարչապետության 5 տարիները:

-Պիտի ասեմ, որ բավական բարդ ժամանակաշրջան էր: Մեր ամենամեծ փորձությունն այն եղավ, որ անցանք համաշխարհային տնտեսական ճգնաժամի բերած դժվարությունների միջով: Կարելի է ասել, որ մենք այդ քննությունը հաջող ենք հանձնել:

-Կնշե՞ք այն ձեռքբերումները, որոնք ունեցաք ձեր վարչապետության 5 տարիների ընթացքում:

-Անցած հինգ տարիներին ընդհանուր առմամբ մեզ հաջողվել է կյանքի կոչել կառավարության առջև դրված գլխավոր ծրագրերը: 2007-2012թթ. արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշները գրեթե բոլոր ոլորտներում առաջընթաց են մատնանշում: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հաջողվել է ոչ միայն խուսափել ցնցումներից, այլեւ ապահովել 10,5 տոկոս միջին տարեկան տնտեսական աճ: Կրկնապատկվել է համախառն ներքին արդյունքի ծավալը (ՀՆԱ) եւ մեկ բնակչի հաշվով աճել է 84 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի տարեկան ծավալն աճել է ավելի քան 2 անգամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքը` 1,6 անգամ, շինարարության տարեկան ծավալը կրկնապատկվել է, արտաքին առեւտրաշրջանառության ծավալն աճել է 1,4 անգամ, բնակչության դրամական եկամուտներն ավելացել են 1,6 անգամ, իսկ պետական բյուջեի եկամուտները` 2,2 անգամ:
Տարիների ընթացքում կառուցվել, վերանորոգվել ու բարեկարգվել են մի շարք կարեւոր նշանակության օբյեկտներ, մասնավորապես, Ստեփանակերտի հուշահամալիրը, մշակույթի եւ մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնները, Վերածննդի հրապարակը, Ս. Շահումյանի անվան պուրակը, մի շարք նոր վարչական շենքեր ու բնակելի թաղամասեր: Վերակառուցվել է նաեւ Ստեփանակերտի օդանավակայանը, ավարտման փուլում է գտնվում Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման նոր ցանցի կառուցման եւ շուրջօրյա ջրամատակարարման ծրագիրը:
Ծավալուն աշխատանքներ են իրականացվել էներգետիկայի բնագավառում: Շահագործման են հանձնվել 6 փոքր ՀԷԿ-եր` 21,5 մեգավատ հզորությամբ: Զգալի առաջընթաց է տեղի ունեցել հանքաարդյունաբերության, հեռահաղորդակցության բնագավառներում: Զարգացման դինամիկա է նկատվում նաեւ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ` ինչպես բնական աճի, այնպես էլ` վերաբնակեցման տեսանկյունից:

-Ի՞նչ բացթողումներ կամ սխալներ եք ունեցել այդ 5 տարիների ընթացքում:

-Էական և լուրջ սխալների մասին խոսելու առիթ և պատճառ կարծես թե չունենք: Երբ տնտեսական ճգնաժամի պայմաններում հաջողվում է տնտեսական նշանակալից աճ ապահովել, առանձին վրիպումները չեն կարող էական դեր խաղալ: Գուցե մեզ պետք էր ավելի շատ տեղ տալ հասարակությունից հնչող որոշ առաջարկությունների ու գաղափարների: Այդ բացը մենք կլրացնենք վարչապետության այս շրջանում:

-Պարոն Հարությունյան, վերջին շրջանում ձեր` որպես վարչապետի կատարած քայլերի հանդեպ քննադատություններ են հնչում: Իրավապաշտպան Կարեն Օհանջանյանն օրինակ` հայատարարել է, որ այս տարիների ընթացքում Ղարաբաղում իրականում բարգավաճել է միայն ձեր մտերիմ շրջապատը: Ինչպե՞ս կմեկնաբանեիք այդ քննադատությունները:

-Կտրականապես հերքում եմ այդ կարգի քննադատությունը, այն իրականության հետ որևէ առնչություն չունի: Անցած տարիներին բազմաթիվ ձեռներեցներ են հաջողությունների հասել, որոնք, այդպես կոչված` իմ մտերիմ շրջապատից չեն: Ընդհանրապես, պիտի ասեմ, որ ինձ համար մտերիմ է Արցախի ողջ գործարար միջավայրը, բոլորն` առանց բացառության: Երևի նրանցից յուրաքանչյուրի համար ես, կամ կառավարական որևէ օղակ, մի օգտակար գործ կատարել է: Ես սիրում եմ աշխատել բոլորի հետ:

-Դուք եղել եք Բակո Սահակյանի նախընտրական շտաբի պետը: Ինչպե՞ս եք գնահատում վերջին նախագահական ընտրությունները: Վարչական ռեսուրսի օգտագործման հետ կապված տարբեր հայտարարություններ են հնչել: Ինչպե՞ս կմեկնաբանեիք այդ հայտարարությունները:

-Այդ թեման միշտ շահարկվում է նման կարգի ընտրություններից հետո: Մենք օրինական ընտրություններ ենք անցկացրել:

-ԼՂՀ նախագահի ընտրությունների պատմության մեջ առաջին անգամ ընդդիմադիր թեկնածուն` Վիտալի Բալասանյանը այս ընտրություններում հավաքել է ավելի քան 30 տոկոս քվե: Ինչպե՞ս եք համագործակելու ընդդիմության հետ, հաշվի առնելով ընդդիմությանը տրված նման մեծ աջակցությունը նախագահական ընտրություններում, արդյո՞ք համագործակցության փորձեր արվել են, կամ արվելու են:

-Նշված այդ ընտրազանգվածը մեր քաղաքացիներն են, որոնց հետ մենք, անշուշտ, աշխատելու ենք և կառավարական գործառույթների բերումով, և որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ: Նաև` որպես մարդ-անհատ: Ես միտք չունեմ օտարելու նրանց, բոլորի հետ համահավասար նրանք կստանան մեր աջակցությունը:

-Կարեն Օհանջանյանը հայտարարությամբ պահանջել էր նաեւ ցրել խորհրդարանը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել` քանի որ ներկայիս ԱԺ-ն չի արտահայտում հասարակության ներսում առկա տրամադրությունները: Համաձա՞յն եք այդ տեսակետի հետ:

-Դարձյալ կտրականապես դեմ եմ այդ կարգի դատողություններին, դրանք զուրկ են որևէ հիմքից: ԼՂՀ Սահմանադրության մեջ հստակ գրված է, թե որ դեպքերում կարելի է ցրել խորհրդարանը: Պետք է իմանալ Սահմանադրությունը: Ինչ վերաբերում է ներկայիս խորհրդարանին, պիտի ասեմ, որ այնտեղ ներկայացված քաղաքական ուժերը մեծամասամբ արտահայտում են հասարկական տրամադրությունները: Քիչ թե շատ գործող քաղաքական չորս ուժերից խորհրդարանում ներկայումս աշխատում են երեքը:

-Օրերս Սերժ Սարգսյանը արտահերթ խորհրդակցություն է անցկացրել ՀՀ կառավարության անդամների հետ, որտեղ խոսել է նաեւ պետական միջոցների անհարկի վատնումների, ատկատների մասին: Դուք, որպես ԼՂՀ վարչապետ, բացառո՞ւմ եք, որ նման երեւույթները բնորոշ են ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, եւ արդյո՞ք նման երեւույթներ կան նաեւ Արցախի Հանրապետությունում:

-Չէի ասի, թե բացարձակապես նման երևույթներ չկան: Հաստատ մի բան կշեշտեմ, որ մենք վճռականորեն ենք տրամադրված, որպեսզի նման երևույթների տեղ չթողնենք: Կարծում եմ` մեզ շատ բան կհաջողվի անել այդ ուղղությամբ:

Զրուցեց Քրիստինե Խանումյանը

 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը Յալթայում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին ‘
Հաջորդ հոդվածը‘ՈՒԵՖԱ-ն տեսահոլովակ է նկարահանել Հենրիխ Մխիթարյանի մասին’