‘ԼՂՀ վարչապետ. Ժամանակն է, որ հանրապետությունն անցում կատարի իր բնականոն կյանքին’

1756

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու շրջաններում տնտեսական ակտիվության վերականգնման հետ կապված մի շարք հարցեր:

Վարչապետը կարևորել է տնտեսության բնականոն գործունեության վերականգնման նշանակությունը՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներն արագ վերացնելու և բնակչության սոցիալ-տնտեսական դրության հետագա բարելավման գործում: Հարությունյանը գյուղնախարարին և շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարել է պատշաճ ձևով կազմակերպել գարնանացանի աշխատանքները: Գործադիրի ղեկավարը հանձնարարականներ է տվել նաև հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ՝ բերքահավաքի շրջանում հնարավոր կորուստների նվազեցման նպատակով:

«Իհարկե, հատկապես այս օրերին բոլորս լծված ենք հայրենիքի սահմանների պաշտպանության գործին, սակայն արդեն ժամանակն է, որ, դրան զուգահեռ, հանրապետությունն անցում կատարի իր բնականոն կյանքին: Այդ միջոցով մենք կկարողանանք կարճ ժամանակահատվածում վերացնել ռազմական գործողությունների հետևանքները և շարունակել տնտեսությունը զարգացնելու մեր ճանապարհը»,- նշել է վարչապետը:

 

Նախորդ հոդվածը‘Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները կաջակցեն Ուկրաինայի նոր կառավարությանը’
Հաջորդ հոդվածը‘Հարձակում Ռոբերտ Քոչարյանի տան վրա. Tert.am’