‘ԼՂՀ փոխվարչապետը կարեւորել է Արաքսի ափամերձ շրջանների զարգացման անհրաժեշտությունը’

1221

ԼՂՀ իշխանությունները ողջունում են այն վերաբնակչին, ով պատրաստ է սեփական ուժերով` տրամադրված շինանյութերով, տուն կառուցել և ժամանակավոր ապրել այնտեղ՝ մինչև պետությունը կկարողանա ապահովել իր ընտանիքի համար մինիմալ պայմաններ, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

Նա նշել է, որ հանրապետության ռեսուրսները դեռ սահմանափակ են՝ իրականացնելու զանգվածային վերաբնակեցում: Փոխվարչապետը տեղեկացրել է, որ այժմ հաշվառվում են 100, 200 բնակիչ պահելու ունակ գյուղերը:

«Քաշաթաղի, Հադրութի շրջաններում ընտրվել են գյուղեր, որտեղ կարելի է բնակչության թիվը հասցնել 1000-ի»,- HayNews-ի փոխանցմամբ, հայտարարել է Արթուր Աղաբեկյանը:

Արցախի փոխվարչապետը շեշտել է` վերաբնակեցման ծրագիրը Հայաստանի Արցախի  հանրապետություններում պետք է միշտ արդիական լինի և դուրս քաղաքական և կուսակցական հետաքրքրություններից:

Այս համատեքստում Արթուր Աղաբեկյանն անդրադարձել է նաև Հադրութից մինչեւ Արաքսի ափն ընկնող շրջանների բնակեցման, հողերի օգտագործման «Արաքս» ծրագրին: Նրա խոսքով, անթույլատրելի շռայլություն է, որ 2 մլն. բնակիչ կերակրել կարողացող Արցախում ընդամենը 140.000 մարդ է ապրում. «Տեսեք՝ մենք Հադրութից մինչև Արաքս 70 կմ-ից ավել տարածք ենք անցնում և այդ ամբողջ ճանապարհին բերրի հողեր, աղբյուրներ և տարածք, տարածք, տարածք: Տասնյակ կիլոմետր առաջնագիծ, մարտական հերթապահություն, մարտական առաջադրանքի կատարում մեր զինծառայողների կողմից, իսկ թիկունքում 150 կմ խորությամբ անմարդաբնակ տարածքներ: Արաքսի ափի հողատարածքների միայն 5-10 տոկոսն է օգտագործվում, հողերն էռոզիայի են ենթարկվել արդեն: Հիմա առաջարկում ենք բնակիչներին, վերաբնակիչներին, ներդրողներին գան ու օգտվեն այս հնարավորություններից: Մասնավորապես`մտածում ենք` ինչպես անենք, որ հադրութեցիներից մեկին համոզենք գնա այնտեղ ու մի խանութ հիմնի, մի բենզալցակայան դնի, բոլոր հնարավորությունները ստեղծենք` տեսնենք, կգա՞ն, կարձագանքե՞ն մեր խիստ ցանկությանը: Բա ամոթ չի՞ մեզ, որ մինչև հիմա ձմեռը պոմիդորը Թուրքիայից ենք ներկրում, երբ Արաքսի ափին ամենացածր ջերմաստիճանը 0-ի է հասնում: Չեք պատկերացնի, թե ինչ հպարտություն ապրեցի, երբ 2012-ին Արցախից Հայաստան 20 հազար տոննա ցորեն արտահանվեց, երբ տեսնում եմ, որ ցանկացած արցախցի բարձված «Կամազներով» գնում է դեպի Մայր Հայաստան: Սրա համար արժե մարտնչել»:

Արթուր Աղաբեկյանը միաժամանակ, տեղեկացրեց, որ արդեն ծրագրին արձագանքողներ կան: Մասնավորապես` Եղվարդում գործող «Բերրիություն» կազմակերպությունն իր ողջ տեխնիկական պարկը տեղափոխել է Արաքսի ափ: Արցախի փոխվարչապետը նկատեց, որ Աքարա գետի ափամերձ հողերը ևս լիովին չեն օգտագործվում:

Արթուր Աղաբեկյանն ասել է նաեւ, որ դեռ ծովից ծով Հայաստան չունենք, բայց գետից գետ Ղարաբաղ կարող ենք ունենալ:

Աղաբեկյանն ընդգծել է նաեւ, որ ազատագրված տարածքները չեն կարող լինել բուֆերային գոտի կամ դիտվել այդպիսին, դրանք անբաժանելի մասն են ԼՂՀ Հադրութի, Մարտունիի, Մարտակերտի և մյուս շրջանների:

Նախորդ հոդվածը‘ԱԱԾ-ը 65 միլիոն դրամի խոսել է’
Հաջորդ հոդվածը‘Օզբիլիսը «Սպարտակում». արձագանքներ տեղափոխության վերաբերյալ’