‘ԼՂ հիմնախնդիրն ու Հայաստանի ժողովրդավարացումը Լ. Զուրաբյանի ընտրության համար ուղենիշ կծառայեն’

1378

Հունվարի 27-ին Ստրասբուրգում մեկնարկելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը:  Նստաշրջանի մեկնարկի կարեւորագույն հարցերից մեկը Վեհաժողովի նախագահի ընտրություններն են, քանի որ գործող նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի պաշտոնավարման ժամկետները սպառվում են:

Ըստ ԵԽԽՎ-ում ներկայացված հինգ խմբակցությունների 2008-ին ստորագրված համաձայնության, յուրաքանչյուր հաջորդ նախագահի թեկնածությունն առաջադրում է խմբակցություններից մեկը: Ըստ այդմ, այս նստաշրջանին թեկնածություն պետք է առաջադրի ALDE/ԵԼԴՄ (Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների միավորում) խմբակցությունը` ի դեմս խմբակցության ղեկավար Անն Բրասորի:

Սակայն, ի հեճուկս պայմանավորվածության, Եվրոպայի դեմոկրատական խումբը (EDG) նույնպես առաջադրել է իր թեկնածուին (ի դեպ, վերջերս այս խմբին է միացել հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, թեեւ ՀՀԿ պատգամավորներն ավանդաբար ընդգրկվում են ԵԺԿ/EPP խմբում-խմբ.), չնայած, որ 2010-2011 թվականներին հենց այդ խմբակցությունն էր ներկայացրել նախագահի իր թեկնածուին:

Այդուհանդերձ, մեր տեղեկություններով, հենց Անն Բրասորն է համարվում ԵԽԽՎ նախագահի ամենահավանական թեկնածուն:

Բրասորի ընտրվելու դեպքում ԱԼԴԵ խմբակցության ղեկավարի պաշտոնը թափուր է մնալու: Այդ պատճառով, խմբակցության ներսում արդեն իսկ ղեկավարի պաշտոնի համար «քարոզչություն» են իրականացնում Ջորդի  Խուջլան (Իսպանիա) եւ Մայլիս Ռեփսը (Էստոնիա), ով նաեւ խմբակցության քարտուղարն է: Մասնավրապես, թեկնածուներն իրենց օգտին քվեարկելու գրավոր խնդրանք են ներկայացրել խմբում ընդգրկված պատգամավորներին, այդ թվում` Հայաստանի պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանին:

iLur.am-ի հետ զրույցում պարոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ երկու թեկնածուների միջեւ ընտրություն կատարելիս առաջնորդվելու է երկու հիմնական ուղենիշներով:
«Ես նամակով տեղեկացրել եմ խմբակցության ղեկավարի թեկնածուներին, որ ինձ համար սկզբունքային նշանակություն ունեն երկու հարցեր. Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված գործընթացները պետք է ընթանան բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, քանի որ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում զուգահեռ քննարկումները միայն կարող են վնասել հակամարտության լուծմանն ուղղված ջանքերին», — նշեց պատգամավորը:

Երկրորդ սկզբունքային հարցը, Զուրաբյանի խոսքով, Հայաստանում մարդու իրավունքների խախտման հետ կապված եւ ժողովրդավարության խնդիրներն են: Պատգամավորը թեկնածուների ուշադրությունն է հրավիրել 2008-ի մարտի 1-ի հանցագործությունների, Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու փաստացի անհնարինության եւ այս ամենի վերաբերյալ եվրոպական կառույցների ոչ համարժեք գնահատականների վրա:

«Գրավոր կերպով խնդրել եմ պարոն Խուջլային եւ տիկին Ռեփսին` ներկայացնել իրենց հստակ դիրքորոշումները այս երկու հարցերի կապակցությամբ: Կապված այդ դիրքորոշումների հետ` ես կկատարեմ իմ ընտրությունը», — նշեց Լեւոն Զուրաբյանը՝ հավելելով, որ իր համար շատ էական է, որ այդ հարցերի վերաբերյալ թեկնածուները գրավոր պատասխաններ ուղարկեն իրեն, ինչը հետագայում կարող է պետք գալ ԵԽԽՎ-ում իր գործունեության ժամանակ:  

 

Նախորդ հոդվածը‘Վովա Գասպարյան. Մենք էլ էինք ծեծում, ջարդում, ստորացնում–ԳԱԼԱ’
Հաջորդ հոդվածը‘Գրոհ ոստիկանության վրա. Եգիպտոսում երրորդ պայթյունն է որոտացել’