‘ԼՂ ՊԲ. Զոհերը՝ 29, վիրավորները՝ 101’

2007

ԼՂ ՊԲ. Զոհերը՝ 29, վիրավորները՝ 101

«Հետք»-ը գրում է. «Այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ ՊԲ գնդապետ Վիկտոր Առուստամյանը հայտնել է, որ ապրիլի 2-ին սկսված լայնածավալ բախումների ընթացքում, ՊԲ վերջին տվյալներով, հայկական կողմն ունեցել է 29 զոհ (7 սպա եւ ենթասպա, 22 սերժանտ, շարքային, պայմանագրային զինծառայող), 101 վիրավոր (20 սպա եւ ենթասպա, 81 սերժանտ, շարքային, պայմանագրային զինծառայող) եւ 28 անհետ կորած: 

Ադրբեջանի ԶՈւ մարդկային կորուստները մի քանի հարյուրի են հասնում: Լրագրողներին ներկայացվեց գաղտնի ձայնագրություն, որտեղ խուճապահար ադրբեջանուհին պատմում էր ԼՂՀ սահմանին մոտ գտնվող քաղաքների հոսպիտալներում տիրող վիճակի, դատարկված սահմանամերձ գյուղերի, բանակում առկա խուճապի մասին: Կինը շարունակ կրկնում էր, որ պետք չէ հավատալ հեռուստացույցին, որով «1000 կորստից միայն 1-ն է ներկայացվում»: 

Գնդապետ Առուստամյանի ներկայացրած օպերատիվ տվյալներով՝ այս օրերին ՊԲ-ն կորցրել է 14 տանկ, իսկ Ադրբեջանի ԶՈւ-ն՝ 24 տանկ, նաեւ 4 ՀՄՄ (հետեւակի մարտական մեքենա), 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 12 ԱԹՍ (անօդաչու թռչող սարք), 1 «Գրադ» կայանք»:

 

Նախորդ հոդվածը‘Սարգսյանը վաղը մեկնում է Գերմանիա’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն չի մեկնաբանում քաղաքական ղեկավարների հայտարարությունները’