‘Լյովա Խաչատրյան. Արդեն գնում են ունեւոր ձեռներեցները, իսկ դա լուրջ խնդիր է ‘

1376

iLur.am-ի հետ զրույցում ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

-Պարոն Խաչատրյան, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել գազի եւ լույսի սակագները բարձրացնելու մասին: Սա, ձեր կարծիքով, ի՞նչ հետեւանքներ կունենա:

-Միանշանակ է, որ կբարձրանա ամեն ինչի գինը, բացի այդ՝ կավելանա աղքատությունը: Բայց դե, այդ ամենը շատ վատ հետեւանքներ չեն ունենա:

-Աղքատության թվի ավելացումը վատ հետեւանք չէ՞:

-Դե հիմա մենակ այդ երկու հետեւանքն է: Դրանք են, ու վերջ:

-Այսինքն՝ փառք տանք Աստծուն, որ այդքանն է, ու վե՞րջ:

-Դե երեւի:

-Ու այսպես ո՞ւր ենք գնում:

-Գնում ենք պայծառ ու ապահով ապագա:

-Ու հավատո՞ւմ եք ապահով ապագային, ապահով Հայաստանին:

-Ես իմ աչքի տեսածին եմ հավատում, իսկ ես առայժմ հակառակն եմ տեսնում:

-Այս իրավիճակը իշխանությունը չի՞ ուզում, թե՞ չի կարող փոխել:

-Իշխանությանը հարցրեք:

-Իսկ ձեր կարծիքո՞վ:

— Իմ կարծիքով՝ կարելի էր աշխատել, որպեսզի նման տեմպեր չլինեին: Թող գործադիրը լավ աշխատեր:

-Բայց գործադիրը՝ վարչապետի գլխավորությամբ ,ասում է՝ 7 տոկոս տնտեսական աճ ունենք:

-Ուրեմն՝ պետք է այնպես անել, որպեսզի 7 տոկոս «անկում» ունենանք: Եթե այդ աճը չի ազդում մարդկանց կենսամակարդակի վրա, հետեւաբար՝ կարելի է փորձել այլ մեխանիզմ: Մենք այստեղ էլ ենք ուրույն, ուստի հարկավոր է՝ տնտեսական անկում ունենանք, որպեսզի ազդի մարդկանց կենսամակարդակի վրա: Պարզ տրամաբանություն է՝ եթե տնտեսական աճը չի ազդում մարդկանց կենսամակարդակի բարձրացման վրա, ապա հարկավոր է տնտեսական անկում:

-Իսկ դուք ի՞նչ եք անում երկրում ստեղծված իրավիճակի դեմ պայքարելու համար:

-Սա քաղաքական մեծամասնության քաղաքական կամքի խնդիրն է: Ես ինչո՞վ կարող եմ պայքարել: Ես իմ կողքի հարեւաններին հնարավորինս օգնում եմ, որպեսզի նրանց բեռը թեթեւացնեմ, բայց դա՝ մի քանի հոգու, բոլորին չեմ կարող օգնել: Հարկավոր է նպատակաուղղված պետական քաղաքականություն, որպեսզի ձեռներեցներն ազատ աշխատեն, իրենց ընտանիքներին հացով ապահովեն: Մեզ մոտ արդեն գնում են ունեւոր ձեռներեցները, հաջողակ ձեռներեցները: Իսկ դա արդեն լուրջ խնդիր է:

-Իսկ հնարավո՞ր է՝ այս թանկացումները ժողովրդին դուրս բերեն փողոց, դուրս բերեն սոցիալական բունտի:

-Անկանխատեսելի են Աստծո ճանապարհները:

-Իսկ ժողովրդի՞նը:

-Ժողովուրդն Աստծուն է նայում, Աստծուն է ապավինում:

 

Արման Գալոյան

 

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» պատրաստ է Կավանիի համար վճարել 63 միլիոն եվրո’
Հաջորդ հոդվածը‘Գյուղնախարարությունը դեմ է Սյունիքի արոտավայրերը իրանցիներին տրամադրելու գաղափարին’