‘Լյուդմիլա Սարգսյանը Կոստանյանին հարցրել է «գոմեշի մսից» եւ գեներալ Փայտյանից’

1208

Այսօր ԱԺ նիստի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հարց է ուղղել Սերժ Սարգսյանի կողմից որպես գլխավոր դատախազի թեկնածու ներկայացված Գեւորգ Կոստանյանին՝ կապված «Գոմեշի գնի» հայտնի պատմության հետ:

«Ավելի քան վստահ եմ, որ կոալիցիոն ձայների մեծամասնության օգնությամբ դուք կնշանակվեք գլխավոր դատախազ: Սակայն դա չի նշանակում, որ ձեր նշանակմանը կողմ են բոլոր խմբակցությունները: Գնահատելով զինդատախազի պաշտոնում ձեր աշխատնքի տարինրը, պետք է նշեմ, որ հասարակությանը հուզող բազմաթիվ գործեր ձեր կողմից անաչառ քննության չեն ենթարկվել: Դրանցից մեկը բանակին հնդկական գոմեշի սառցված մսի մատակարարումն է, որի քննության արդյունքում Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը ձրբակալվեց և ամիսներ շարունակ գտնվում էր անազատության մեջ: Իսկ Հայաստանի զիված ուժերի շտաբի պետի տեղակալ Արշալույս Փայտյանը, որն, ըստ էության, ստորագրել էր մատակարարման համար անհրաժեշտ փաստաթղթերը, այդպես էլ քրեական պատասխանատվության չենթարկվեց: Եվ սա այն դեպքում, որ դա ակնհայտ կոռուպցիոն գործարք էր, քանզի Փայտյանը Օհանջանյանից պարտքի անվան տակ վերցրել է 200 հազար դոլար: Հարց՝

Ինչպե՞ս կբացատրեք ձեր կողմից այդ, մեղմ ասած, հանդուրժողական վերաբերմունքը Արշալույս Փայտյանի նկատմամբ:

Ակնհայտորեն երևում է, որ որոշ մարդկանց նկատմամբ դուք անզոր եք օրենքը կիրառել, մինչդեռ իշխանության համար անհաճո մարդիկ ստանում են առավելագույն պատիժներ: Հետևաբար, դուք անկախ դատխազ լինե չեք կարող, քանի որ ըստ վաղուց ձևավորված կարգի կիրառում եք երկակի ստանդարտներ»:

Ի պատասխան տիկին Սարգսյանի հարցադրման, Կոստանյանը հայտարարել է, թե «գոմեշի մսի գործ նման արտահայտությունը գեներացված գնահատական է, մենք խոսում ենք սովորական, դասական խարդախության մասին: Դա խարդախություն է, որի արդյունքում տավարի մսի փոխարեն մատակարարվել է գոմեշի միս»:

Կոստանյանն ասել է, թե նման գործերը բարդ են ապացուցողական տեսակետից, ապա հավելել, թե Օհանջանյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է, ինչի համար նախաքննական մարմինը հաշվի է առել այն, որ Օհանջանյանը պետությանը փոխհատուցել է պատճառված վնասը, ինչպես նաև այն, որ նա բավարար առողջական վիճակում չի եղել:

Կոստանյանը նաեւ հավելել է, թե գեներալ Փայտյանի հետ կապված՝ այն հանգամանքը, թե մամուլով ինչ է տարածվում, բավարար չէ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, եւ որ ամեն դեպքում, քրեական գործի քննությունը շարունակվում է, եւ իրենք դեռ պատրաստ չեն բոլոր անձնանց վարքագծին իրավական գնահատական տալ:

 

Նախորդ հոդվածը‘Land of Artsakh. Գրավիչ հոլովակներ զբոսաշրջիկների համար ‘
Հաջորդ հոդվածը‘Միխայիլ Բաղդասարովը՝ գրագող. Մամուլ’