‘Լյուդմիլա Սարգսյան. Ժողովրդին հաղթել հնարավոր չէ’

854

ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի ելույթը՝ Ազատության հրապարակում

Սիրելի հայրենակիցներ

Կուզեի ձեզ շնորհավորել գարնան առաջին օրվա կապակցությամբ, սակայն, 2008-ի Մարտի 1-ից հետո, այն կորցրել է իր խորհուրդը և դարձել ցավի, կորստի ու ողբերգության խորհրդանիշ:

Խոսքերով չեմ կարող արտահայտել, թե ինչ հպարտություն եմ ապրում, որ այսքան մարդաշատ է Ազատության հրապարակը: Դա նշանակում է, որ Մարտի մեկի էջը ձեզ համար չի փակվել, և քանի դեռ չեն բացահայտվել ու պատժվել ժողովրդի դեմ կատարած ոճրագործության կազմակերպիչներն ու կատարողները, այս հրապարակը լիքն է լինելու և ըմբոստ:

Մեզ համար պարզ է իշխանության համառ դիմադրության պատճառը, քանզի ոչ մի հանցագործ չի օժանդակում իր իսկ կատարած հանցագործության բացահայտմանը: Սակայն, նրանց հանցանքը վաղ թե ուշ ապացուցվելու է, քանի որ այն վաղեմության ժամկետ չունի:

Ներկայիս վարչախումբը չի ներկայացնում հայ ժողովրդին և բարոյական իրավունք չունի Թուրքիայից պահանջել 1915 թվականի ցեղասպանության ճանաչում, երբ ինքն է կրակում սեփական ժողովրդի վրա և ժխտում այդ փաստի իրողությունը:

Նույնիսկ Տիգրան Սարգսյանի` «չկա մարդ, չկա խնդիր» տրամաբանությամբ կազմակերպված զանգվածային արտագաղթը չի փրկի նրանց երկիրն այս վիճակին հասցնելու պատասխանատվությունից և անխուսափելի տապալումից:

Սա մեր վեցերորդ Մարտի Մեկն է: Ամուր և իրավական պետություն կերտելու, բարեկեցիկ և պաշտպանված հասարակություն ունենալու երազանքն էր, որ մեզ միավորեց 2008-ին: Այդ նույն նպատակներն են մեզ միավորում նաև հիմա:

Շուրջ վեց տարի Համաժողովրդական առաջադեմ շարժումը փորձել են ջլատել ու ջարդել, կոտրել մեր կամքը: Սակայն, դա նրանց չի հաջողվում, և մեր շուրջը համախմբված երիտասարդները դրա վառ վկայությունն են: Չնայած դժվարություններին, պառակտումներին ու հալածանքներին, մենք այսօր կարող ենք արձանագրել, որ մնացել ենք ոտքի վրա ամուր կանգնած:

Ես չեմ ուզում թվարկել վարչախմբի կատարած հանցագործությունների շարքը: Չեմ տալու տնտեսական գնահատականներ և չեմ խոսելու մեր երկրին սպառնացող ներքին և արտաքին վտանգների մասին, քանզի ձեզնից յուրաքանչյուրն այդ մասին շատ լավ տեղեկացված է:

Ցավոք, մենք դեռ չենք լուծել բոլոր այն խնդիրները, որոնք մեր առջև դրված էին 2008-ին:

Սակայն, պայքարի տարիներն իզուր չեն անցել: Այս ընթացքում թրծվեց ու ամրացավ պայքարի բովով անցած մեր քաղաքացին, որը երբեք չի կոտրվելու, չի զիջելու և ուղղակի «դատապարտված է» հաղթանակի: Մոտ է այն օրը, երբ Մարտի մեկը կդառնա ոչ թե սգո, այլ վերածննդի ու զարթոնքի օր:

Պատմությունը վկայում է, որ անպատիժ մնացած հանցանքները կրկնվում են: Փաստ է նաև, որ այսպիսի ոճրագործություններն անպայման բացահայտվում են, իսկ ոճրագործներն արժանանում են Չաուշեսկուի կամ լավագույն դեպքում` Միլոշևիչի ճակատագրին:

Իրենց ժողովրդավար հռչակած գերտերությունները 2008-ին աչք փակեցին հայ ժողովրդի դեմ իրականացված ոճրագործության վրա, և հիմա տեսնում ենք, թե ինչ կատարվեց Կիևի փողոցներում: Թող բոլորը հասկանան, որ չի կարելի աջակցել կոռումպացված, հակաժողովրդական ռեժիմներին՝ լինի դա Հայաստանում, Ուկրաինայում, թե մեկ այլ երկրում: 

Այս տարիներին բոլորս համոզվեցինք, որ կարող ենք ապավինել միմիայն սեփական ուժերին: Ոչ մի գերտերություն շահագրգռված չէ, որ Հայաստանը լինի ամուր տնտեսությամբ ժողովրդավարական երկիր: Իսկ մենք պետք է համարժեք գնահատենք տարածաշրջանում ուժերի դասավորությունը և մեր քայլերը կառուցենք մեր ազգային շահերին համահունչ:

Գործող վարչախումբը թող հույս չունենա մեր անսահման համբերության ու ողջամտության վրա, քանզի այն սպառվում է, ու ամբոխներն էլ խելագարվում են:

Սիրելի հայրենակիցներ, հիշե՛ք, ժողովրդին հաղթել հնարավոր չէ, եթե նա միակամ է ու վճռական: Ես մեզ մաղթում եմ հավաքական կամք ու հաղթանակի վճռականություն:

 

 

Նախորդ հոդվածը‘Ազատամարտիկների մարտիմեկյան հավաքը. Ինչպես 88-ին, նրանք հիմա էլ պայքարի առաջին շարքերում են’
Հաջորդ հոդվածը‘2 Ուղիղ միացում Ազատության հրապարակից’