‘Լյուդմիլա Սարգսյան. Իշխանությունն անցել է տեռորիստական գործողությունների’

1660

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի դեմ կատարված հարձակման վերաբերյալ iLur.am-ը զրուցեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ:

— Տիկին Սարգսյան, կխնդրեի գնահատական տալ տեղի ունեցածին:

— Գնահատականը հստակ է՝ իշխանությունն անցել է տեռորիստական գործողությունների՝ համարելով, որ դրա արդյունքում կարող է կանխել Համաժողովրդական շարժման ընթացքը: Նրանք փորձում են վախի մթնոլորտ ստեղծել երկրում, բայց կարծում եմ՝ ուղղությունը սխալ են վերցրել, որովհետեւ ընդդիմադիր դաշտին նման մեթոդներով վախեցնել չեն կարող: Մենք անցել ենք շատ երկար ճանապարհ եւ իշխանությունների կողմից իրականացված այդ կարգի գործողությունների հետ բազմիցս ենք առնչվել: Բայց, ինչպես տեսնում եք՝ մնացել ենք ամուր եւ սկզբունքային: Այնպես որ՝ սրանք զուր ջանքեր են:

— Ձեր կարծիքով, արդյո՞ք պատահական էին վերջին օրերի հարձակումները՝ սկզբում ազատամարտիկներ, հիմա՝ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյան:

— Տեղի ունեցած միջադեպերն ամենեւին էլ պատահական չէին: Հիմնականում հարձակման թիրախ են ընտրել այնպիսի մարդկանց, որոնք կարող են վճռորոշ դեր ունենալ գործընթացի մեջ՝ ազատամարտիկներ՝ ղարաբաղյան պատերազմի հերոսներ, երկրի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը վտանգած մարդիկ: Հիմա նաեւ՝ ընդդիմադիր պատգամավոր: Իշխանությունների անբարոյականությունն այստեղ ակնհայտ է: Գնահատականը մեկն է՝ իրենց ներքին խուճապն արտահայտում են տեռորիստական գործողությունների միջոցով: Միայն թե այդ գործողությունները որեւէ արդյունք չեն տա:

— Ձեր կարծիքով՝ կբացահայտվի՞ արդյոք կատարվածը:

— Եթե հրահանգն ամենավերեւից չի եղել, ապա իրենց դեմքը մաքրելու համար կփորձեն բացահայտել: Բայց առավել քան վստահ եմ, որ չեն բացահայտի:

— Այսինքն՝ կարծում եք, որ հրահանգը եղել է վերեւի՞ց:

— Ենթադրում եմ՝ այո: Սա ահաբեկչական հատուկ օպերացիաների շարք  է, իսկ այդ մասին որոշում կայացնել ու այն իրականություն դարձնել կարող էին միայն ամենավերին օղակներում:

— Այս համատեքստում կխնդրեի անդրադառնալ նաեւ ոստիկանապետի տեղակալ Լյովա Երանոսյանի վերջին հայտարարություններին, երբ ասել էր՝ կկտրի Ս.Սարգսյանի մասին վատ բան ասողների ականջները: Այս հայտարարություններից հետո Երանոսյանը դեռ շարունակում է պաշտոնավարել:

— Նույն ոստիկանական համակարգում, եթե բարձրաստիճան պաշտոնյաները Երանոսյանի նման մարդիկ են, մեր ոստիկանությունն իրականում ծառայում է քրեաօլիգարխիկ կլանին ու զբաղված է Սերժ Սարգսյանի անձի պաշտպանությամբ: Բայց նույնիսկ նման մարդիկ քիչ թե շատ խելք պետք է ունենան՝ իրենց հաշիվ տալու, թե ինչ են ասում: Եթե նա ահաբեկում է մարդկանց՝ ասելով, թե Սերժի մասին ավելորդ բան ասողի ականջները կկտրեմ, ապա հիմա պիտի ողջ հայ ժողովրդի ականջները կտրի: Թող դուրս գա փողոց, մարդկանց հարցնի՝ որեւէ մեկը լավ բան կարո՞ղ է ասել Սերժի հասցեին: Այնպես որ, հիմա նա պետք է բուն գործը թողած՝ սկսի ականջ կտրելով զբաղվել, եթե իհարկե, դա նրան հաջողվի:

Արման Գալոյան

Նախորդ հոդվածը‘Համաժողովրդական շարժման հայտարարությունը` բռնության եւ հաշվեհարդարի դեպքերի վերաբերյալ ‘
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ-ները տեղեկացրել են Ռոտենբերգի և Տիմչենկոյի պետպայմանագրերի գումարի մասին’