‘Լյուդմիլա Սարգսյան. Կարող եք հույսներդ չդնել ժողովրդի հիասթափության վրա’

1737

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի ելույթը՝ Լեւոն Զուրաբյանի եւ Նաիրա Զոհրաբյանի նախաձեռնած «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ:

Այն, որ Հայաստանում առկա է կառավարման ճգնաժամ, արդեն իսկ ակնհայտ էր բոլորին: Սակայն հանրապետական կուսակցության խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը առավել քան ամրապնդեց մեր համոզմունքը, որ երկրում առկա է խորը համակարգային ճգնաժամ, և այն անհրաժեշտ է հաղթահարել քաղաքական կամքի դրսևորմամբ և սահմանադրական ճանապարհով:

Խորհրդարանական մեծամասնությունը կարծես թե գտավ այն աստեղային պահը, երբ իր համար այլևս անվտանգ է քննարկման դնել «կառավարման ճգնաժամի մասին» ԱԺ որոշման նախագիծը: Միգուցե ակնկալում եք նաև շնորհավորանքնե՞ր, բայց թույլ տվեք պնդել, որ ձեր ամենազորության պատրանքը ընդամենը կարճաժամկետ հեռանկար ունի:

Մոլորություն է, եթե ձեզ թվում է՝ թշնամու տարածքում գրավել եք կարևոր բարձունք և այժմ անթաքույց բերկրանքի մեջ եք: Բայց մի մոռացեք, որ նույն երկրում ենք ապրում, որտեղ ձեր տարածքը գնալով փոքրանում է: Գործող ընդդիմությունն էլ ունի իր կայուն տարածքը, որտեղ ներկայացնում է ամբողջ ժողովրդին, և նրա նկատմամբ ձեր կարծեցյալ հաղթանակը հավասար է ժողովրդին պարտության մատնելուն: Հիշեցնեմ ձեզ, որ ժողովուրդը չի կարող վերջնական պարտություն կրել:

Անկախ նրանից, թե ինչ ընթացք կստանա այսօրվա քննարկումը, դուք չեք կարող հիմնավոր փաստարկներով հերքել երկրում կառավարման ճգնաժամի առկայությունը: Իսկ հանրապետական կուսակցության չակերտավոր ինտելեկտուալ հավաքից հետո ճգնաժամի առկայությունն այլևս հնարավոր չէ քողարկել:

Որպեսզի պնդումս անհիմն չհնչի, ներկայացնեմ այս պահին առկա իրավիճակի նկարագրությունը, այն հիմնված է բացառապես փաստերի վրա: Դրանք օբյեկտիվորեն գոյություն ունեն, ոչ մի տեղ չեն կորչելու, ու եթե ոչ այսօր, ապա առաջիկայում պատուհաս են դառնալու իշխող մեծամասնության համար:

Այսպես, ուրեմն, փաստ առաջին՝

վերը նշված ժողովի ժամանակ առաջին անգամ բաց տեքստով երկրի գործող նախագահի կողմից եղավ քաղաքական հետապնդումներ իրականացնելու ուղղակի հրահանգ: Ընդ որում, առանց տողատակերի ասվեց, որ մինչև հիմա աչք է փակվել իբր ինչ-ինչ իրավախախտումների վրա, սակայն այս պահից սկսած՝ դրանք պետք է բացահայտվեն:

Ի՞նչ փաստացի հետևություն է բխում Սերժ Սարգսյանի խոսքերից: Ստացվում է, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը, տեղյակ լինելով թույլ տրվող իրավախախտումներին, գիտակցաբար լռել է: Այսինքն, մարդը փաստացի արձանագրեց, որ ինքը և գործող համակարգը հանցակից են եղել այդ իրավախախտումներին: Այլապես ինչու՞ էին մինչև հիմա լռում: Այս փաստի արձանագրումը ոչ այլ ինչ է, քան երկրում օրենքի կիրառման բացակայության ուղղակի խոստովանություն:

Փաստ երկրորդ՝

Սերժ Սարգսյանը նույնիսկ առանց քաղաքական պատշաճության կանոնները պահպանելու արձանագրեց, որ Բարգավաճ Հայաստանի նկատմամբ կիրառվելիք բռնաճնշումների պատճառն այն է, որ նրանք համարձակվել են համակարծիք չլինել սահմանադրական փոփոխություննրի՝ սարգսյանական ծրագրին և հանդես են գալիս որպես ընդդիմախոս, որի արդյունքում ձախողվում է սահմանադրական փոփոխությունների շուրջ ձևավորելիք քաղաքական կոնսոլիդացիայի գաղափարը:

Անձնական բնույթի անպարկետ վիրավորանքները, անպատասխանատու որակումները վկայում են այն մասին, որ գործող համակարգը ոչ մի աղերս չունի իրական քաղաքականության հետ: Մարդուն ընտրում է ժողովուրդը, և միայն ժողովուրդը կարող է իր քվեով ամրագրել քաղաքական գործչի կշիռն ու հեղինակությունը: Ընտրակեղծիքների այն ծավալը, որով հանրապետականը ապահովում է իր վարչակարգի վերարտադրության համար, ուղիղ ապացույց է ձեր նկատմամբ ժողովրդի ունեցած անվստահության և երկիրը կառավարելու ձեր անկարողության մասին:

Երրորդ.

նշված ժողովի ընթացքում, ըստ էության, արձանագրվեց նաև, որ ցանկացած քայլ, որը միտված է օրինական ճանապարհով իշխանությունը փոխելուն, հանդիպելու է բռնի ուժի կիրառման:

Թվում է, թե այս հանգամանքը պիտի խոսեր համակարգի ուժեղ լինելու մասին: Երկարաժամկետ հեռանկարում իրականությունը ճիշտ հակառակն է: Ինքնավստահ, ուժեղ քաղաքական միավորն իրեն թույլ չի տա այնքան իջնել, որ անձնավորված մոտեցում դրսևորի հակառակորդ քաղաքական ուժերի նկատմամբ և անթաքույց սպառնա իրականացնել քաղաքական հաշվեհարդար: Սա ակնհայտ թուլության, անվստահության նշան է: Գործող նախագահը մինչև վերջ բացեց իր բոլոր խաղաքարտերը: Պարզվեց, որ շատ պարզունակ բռնության և կոմպրոմատի մեխանիզմից զատ՝ վերջինիս զինանոցում այլ միջոց չկա:

Ակնհայտ է, որ քաղաքականությունից խոսող անձինք, բացի վարչական և ուժային մեխանիզմներից, այլ պայքարի միջոց չունեն: Պարզվեց ևս մեկ բան՝ որ ժողովրդի համախմբումը այն հզոր ուժն է, որն իրական վտանգ և սպառնալիք է գործող համակարգին:

Չորրորդ.

Հանրապետական խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը մեծ պաթոսով խոսում էր սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունից՝ փաստարկելով, որ դա շատ կարևոր է մարդու իրավունքների ավելի լավ պաշտպանության, մեր զավակների լուսավոր ապագայի համար:

Այս ամենի ամբողջ ցինիզմն այն է, որ սահմանադրությունից խոսելուն զուգահեռ՝ Սերժ Սարգսյանը, դուրս գալով իր սահմանադրական լիազորությունների շրջանակից, պետական մարմիններին ուղղված անմիջական հրահանգ է իջեցնում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսելու քաղաքական հետապնդումներ:

Սա էլ՝ ուղղակի վկայություն այն մասին, որ սահմանադրական փոփոխությունները որևէ աղերս չունեն օրինականության ամրապնդման կամ մարդու իրավունքների պաշտպանության հետ: Չէ՞ որ ներկայիս Սահմանադրությունը արդեն իսկ նախատեսում է իշխանությունների տարանջատան մեխանիզմ, որտեղ ամրագրված է նախագահի լիազորությունների սպառիչ ցանկը:

Գործող Սահմանադրությունը նախագահին իրավունք չի վերապահում ուղղակի հրահանգներ իջեցնել և կոպտորեն միջամտել իշխանության այլ ճյուղերի գործառույթներին: Իր այս քայլով Սարգսյանն ու հանրապետական «ինտելեկտուալ» վերնախավը ցույց տվեցին, որ Սահմանադրությունն իրենց համար ընդամենը թղթի կտոր է, որ փոփոխված սահմանադրությունն էլ լինելու է մեկ այլ թղթի կտոր, որն ընդամենը գործող վարչակարգին լրացուցիչ հնարավորություն է ընձեռելու Հայաստանը դարձնել ադրբեջանական մոդելի ժառանգական սուլթանություն:

Ամփոփելով ելույթս՝ նշեմ, որ առկա խնդիրները՝ համատարած աղքատությունն ու զանգվածային արտագաղթը, չեն դադարել: Տնտեսական անկման դեմ որևէ հակաքայլ այս իշխանությունը չունի ու չի կարող ունենալ՝ տարատեսակ հակակոռուպցիոն հանձնաժողովներ ստեղծելու միջոցով, քանզի կոռուպցիան համակարգվում է հենց վերևից:

Որքան էլ համարեք, որ այս պահի քաղաքական խնդիրը լուծված է, և հիմա ձեր իշխանությանը վտանգ չի սպառնում, ուզում եմ հիշեցնել, որ երկիրը կանգնած է վառոդի տակառի վրա, որն ամեն պահ կարող է պայթել: Հիշեք, ձեր իշխանությունը ժողովրդից կողոպտել է մոտ 20 միլիարդ դոլար՝ ստվերում պահելով երկրի տնտեսության երկու երրորդը, որի պատճառած վնասը կազմում է տարեկան ավելի քան 2.5 միլիարդ ԱՄՆ դոլար: Ունեք 300 հազար արտագաղթած քաղաքացիներ, 37 տոկոս աղքատություն: Սրանք են ձեր հաղթանակի դափնիները: Վստահ եղեք, որ բռնաճնշումների՝ ձեր փորձարկած մեթոդներն ու կոմպրոմատային պրիմիտիվ գործելաոճը չեն կարող վիճակ փոխել՝ հատկապես որ ձեր բոլոր խաղաքարերը բացված են:

Ասեմ նաև, որ կարող եք հույսներդ չդնել ժողովրդի հիասթափության վրա, քանի որ ժողովուրդը հիասթափվելու խորքային պատճառներ չունի: Ընդդիմությունը ընդամենը ժամանակավորապես տեղի է տվել բռնաճնշումներին: Իսկ դա հիմք չէ հիասթափության: Այնպես որ, այս պահին մաղթում եմ ձեզ բարձր տրամադրություն՝ վայելեք պահի հաճույքը, ապրեք կարճաժամկետ պատրանքներով, մինչև կառավարման ճգնաժամի իրողությունը նորից կստանա իր հուժկու դրսևորումը:

Նախորդ հոդվածը‘Վիեննայում պղծել են խորհրդային Ազատարար զինվորի հուշարձանը’
Հաջորդ հոդվածը‘Քեմերոնը կարգադրել է ակտիվացնել պայքարը ռուսաստանյան լրտեսների դեմ’