‘Լյուդմիլա Սարգսյան. Հայոց պատմության այսօրինակ կեղծումը մեզ համար ինքնության պահպանման խնդիր է դառնում’

1581

Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.

«Արդեն շուրջ երկու շաբաթ մամուլում ամենաքննարկվող թեման Երևանի պետական համալսարանի կողմից հրատարակված «Հայոց պատմություն» դասագրքում 2008թ. մարտիմեկյան դեպքերի մասին տեղ գտած ակնհայտ կեղծիքներն են: Ամոթալի այս կեղծիքների հեղինակը գործող ռեժիմն է՝ իր ղեկավար, Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Այս անամոթության բոլոր համահեղինակները, անկասկած, ստանալու են իրենց արժանի գնահատականը: Ստանալու են հասարակությունից, իրենց ուսանողներից, իրենց զավակներից: Բայց հարցը շատ ավելի խորն է, քան ընդամենը նորագույն պատմության դասագրքում տեղ գտած աղաղակող կեղծիքները: Այսօրինակ զեղծարարությունը տանում է ազգային ինքնության, հայկական մշակույթի այլասերման: Թուրք և ադրբեջանցի պատմաբանները, իրենց երկրների քաղաքական շահերից ելնելով, անվերջ փորձում են աղավաղել հայոց պատմությունը՝ հրամցնելով բացարձակ անհեթեթության աստիճանի հասնող խեղաթյուրված տեղեկություններ:

Այս ամենին հայ պատմաբանները միշտ հակադարձել են անհերքելի փաստերով՝ պատմիչների վկայություններով, հայկական հնադարյա մշակութային հուշարձաններով:

Հիշագրված դասագրքում, մասնավորապես՝

1. 2008-ի նախագահական ընտրությանը հաջորդած շուրջօրյա խաղաղ հանրահավաքները գնահատվում են ապօրինի, թեև ոչ մի ընդդիմադիր չի մեղադրվել ու չի դատապարտվել այս հոդվածով:
2. Ընդդիմությունը մեղադրվում է խանութներ թալանելու, մեքենաներ հրկիզելու մեջ, մինչդեռ ընդդիմությունից ոչ մեկը դրա համար չի դատապարտվել։
3. Դասագիրքը ուսանողին սովորեցնում է, թե մարտի 1-ին ցուցարարների կողմից ոստիկանության վրա հարձակում է եղել եւ փոխհրաձգություն, այլ խոսքով՝ երկուստեք հրազեն է օգտագործվել։ Մինչդեռ ընդդիմության՝ հարյուրավոր ձերբակալվածներից եւ ոչ մեկը մարտի 1-2-ին չդատապարտվեց ոչ միայն հրազեն օգտագործելու, այլ նույնիսկ կրելու համար:

4. Եվ ու՞ր է մեզ տանում այս ռեժիմը: Մարդիկ, ովքեր ներգրավված են այս կեղծիքների մեջ, ակամա փաստում են իրենց և գործող ռեժիմի լիակատար և վերջնական ձախողման մասին:

Փաստ է սակայն, որ վաղը նույն թուրք-ադրբեջանական քարոզչությունը վերը նշվածը մատուցելու է որպես անհերքելի ապացույց, թե ինչպես են հայերը կարողանում կեղծել պատմական փաստերը: Հայոց պատմության ու հայկական մշակութի այսօրինակ ակնհայտ կեղծումը մեզ համար արդեն ինքնության պահպանման խնդիր է դառնում:

Հաշվի առնելով վերոգրյալը` մենք պահանջում ենք անհապաղ շրջանառությունից հանել այդ անհեթեթ դասագիրքը, և մարտի մեկի իրադարձություններին անդրադառնալ այդ իրադարձություններից առնվազն 10 տարի հետո, երբ դա իսկապես կլինի պատմություն և ոչ թե քաղաքական գնահատականների առարկա»:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» «Բենֆիկայի» դեմ կխաղա երկրորդ կազմով’
Հաջորդ հոդվածը‘Դամասկոսի մոտ դպրոցի պայթյունի հետեւանքով 8 աշակերտ է զոհվել ‘