‘Լյուդմիլա Սարգսյան. ՀՀԿ-ականներն էլ կարող են հայտարարել, որ դեմ են քվեարկել’

1425

Գլխավոր դատախազի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը դեմ քվեարկած պատգամավորները «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունից են, iLur.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը:

Հիշեցնենք, որ գաղտնի քվեարկությանը մասնակցած 108 պատգամավորներից 3-ը դեմ են քվեարկել Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը, երկու քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Մինչեւ քվեարկությունը Հայ ազգային կոնգրես եւ «Ժառանգություն» խմբակցությունները հայտարարել են, որ դեմ են քվեարկելու:

«Կարող են Հանրապետականներն էլ հայտարարել, թե դեմ են քվեարկել Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը: Ես ոչ ոքի անկեղծությանը չեմ կասկածում, բայց ես ճանաչում եմ իմ ընկերներին, խմբակցության ներսում քննարկումների ժամանակ բոլորի արտահայտած դիրքորոշումներին, եւ վստահ եմ, որ նրանք դեմ են քվեարկել», — ասաց տիկին Սարգսյանը: Նա ԱԺ հաշվիչ հանձնաժողովի անդամ է եւ արձանագրել է, որ երկու անվավեր քվեաթերթիկները նույնպես դեմ էին քվեարկված: Մասնավորապես, նրա խոսքով, Ստեփան Դեմիրճյանը «կողմ» գրությունը ջնջել է V-աձեւ նշան անելով՝ ի տարբերություն վավեր քվեաթերթիկների, որոնց վրա նշումն արվել է X-աձեւ նշանով:

Լյուդմիլա Սարգսյանը նշեց նաեւ, որ հանգամանքների բերումով՝ խախտել է կարգը եւ բաց քվեարկություն է իրականացրել: Բաց է քվեարկել նաեւ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Կոնգրեսի խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը նույնպես մեզ հետ զրույցում հաստատեց, որ դեմ է քվեարկել: «Ես պարտաճանաչ պատգամավոր եմ եւ կատարում եմ ֆրակցիայի որոշումները», — նշեց նա:

Հրանտ Բագրատյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, սակայն հայտնի է, որ քվեարկությունից հետո նախկին վարչապետը հայտարարել է, որ քվեարկել է «ըստ իր համոզմունքների»:

Նշենք, որ ՀԱԿ-ից քվեարկությանը մասնակցել են խմբակցության 7 պատգամավորներից 6-ը: Խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը այս օրերին մասնակցում է Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանին:   

Նախորդ հոդվածը‘Բրադկե. Ադրբեջանի քաղաքացիական և քաղաքական ակտիվիստները ենթարկվում են աճող ճնշման’
Հաջորդ հոդվածը‘Օգոստոսին աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում նվազել է 10%’