‘Լյուդմիլա Սարգսյան. 35 000 դրամ աշխատավարձը ոչ թե վարձատրություն է, այլ շահագործում ‘

983

«Մեծ գնաճի պայմաններում ՀՀ կառավարության հերոսական ջանքերի արդյունքում սպասվում է նվազագույն աշխատավարձի բարձրացում ընդամենը 2500 դրամով: ԱԺ-ի սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովում նշված օրինագծի քննարկման ժամանակ հարց ուղղվեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրեիլյանին՝ պարզելու համար 2500 դրամով բարձրացման հիմնավորումը: Հարցին ի պատասխան՝ վերջինս ասաց, որ պետական բյուջեի պարունակությունը թույլ չի տալիս ավելին անել»: ilur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր, հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունը համապատասխան ջանքեր չի գործադրում՝ կրճատելու ստվերային տնտեսության ծավալները, օլիգարխներին հարկային դաշտ բերելու, երկրում արտադրությունը խթանելու և դրանով պետական բյուջեն ավելացնելու համար:

«Երկրում տիրող կոռուպցիայի և խրախուսվող արտագաղթի պայմաններում պետական բյուջեն երբեք ավելին չի էլ կարող լինել, քանի որ իշխանությունը չի առաջնորդվում ժողովրդի շահերով: 35 000 դրամ աշխատավարձը ոչ թե վարձատրություն է, այլ շահագործում: Այսպիսի օրենքի նախագծի քննարկումն անընդունելի ու նվաստացուցիչ է ինձ համար, պետք է նվաստացուցիչ լիներ նաև ՀՀ կառավարության համար, բայց նա կարծես այլ խնդիր է լուծում, քանի որ առջևում ընտրություններ են», — եզրափակեց Լյուդմիլա Սարգսյանը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ պաշտպանության նախկին նախարարի արխիվը վաճառվել է 1 միլիոն դոլարով ‘
Հաջորդ հոդվածը‘Զարուհի Փոստանջյանը կառավարությանը մեղադրեց ստախոսության մեջ ‘