‘Լյուքս Ստեփանյանի գործով տուժողի հիշողությունը մասամբ վերականգնվել է’

1095

Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործում բեկում կարող է լինել։ Ծառայակցի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանի փաստաբանի ներկայացրած Վերաքննիչ բողոքի քննությանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, անսպասելիորեն դատարան է ներկայացել տուժող Հրաչյա Սարգսյանը, որը հայտարարել է, որ ցանկանում է ցուցմունք տալ՝ նշելով որ որոշ բաներ է հիշել դեպքի մասին, որոնք ցանկանում է հայտնել դատարանին: Ինչպես փոխանցում է News.am-ը, Հրաչյա Սարգսյանը, որը կատարված ողբերգության ականատեսն է եւ տուժողը, մինչեւ հիմա հրաժարվում էր դատարան ներկայանալ՝ առողջական խնդիրներ ունենալու եւ հիշողությունը կորցնելու պատճառաբանությամբ։

Հրաչյա Սարգսյանի հայրը՝ Վաղինակ Սարգսյանը,  հայտնել է, որ իր որդու հիշողությունը մասամբ վերականգնվել է։

Դատարանը որոշել է հետաձգել միջնորդության քննությունը:

Հիշեցնենք, որ ողբերգությունը կատարվել էր 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ժամկետային զինծառայող Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել: Դավիթ Խաչատրյանը, որը պնդում էր, որ կատակով է կրակել, զենքը ուղիղ Լյուքսի վրա չի պահել, եւ գնդակն անդրադարձով է դիպել Լյուքսին, մեղավոր է ճանաչվել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից եւ դատապարտվել 17 տարվա ազատազրկման։

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիան առաջին ավիահարվածն է հասցրել Իսլամական պետության դիրքերին’
Հաջորդ հոդվածը‘Իջևանի ոստիկանապետը կալանավորվել է եւ տեղափոխվել «Վարդաշեն» ՔԿՀ’