‘Լոնդոնի գեյ-բարերը բոյկոտում են ռուսաստանյան օղին’

768

Լոնդոնում և Մեծ Բրիտանիայի մի շարք այլ քաղաքներում գեյ-բարերը բոյկոտ են հայտարարել ռուսաստանյան օղու նկատմամբ՝ այդպիսով իրենց բողոքն արտահայտելով, իրենց կարծիքով՝ սեռական փոքրամասնությունների իրավունքները ոտնահարող օրենքների դեմ: Այս ակցիայով լոնդոնցիները միացել են ավելի վաղ ԱՄՆ-ի և Կանադայի բարերի կողմից հայտարարված բոյկոտին՝ ի պաշտպանություն ռուսաստանցի ԼԳԲՏ-հանրության իրավունքների: «Այս արշավը թափ է հավաքում, և եթե ամբողջ աշխարհը դադարի գնել ռուսաստանյան ապրանքները, ի վերջո՝ նրանք դա շոշափելիորեն կզգան»,- ասել է ակտիվիստներից մեկը: Ակցիայի մասնակիցներից ոմանք առաջարկում են բոյկոտել նաև 2014 թ. Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերը: Մինչ այդ՝ այսօր Մոսկվայում մեկնարկում է թեթև ատլետիկայի աշխարհի առաջնությունը, և ռուսաստանցի գեյերն ու լեսբուհիները մարմնամարզիկներին համերաշխության կոչ են արել:

Ռուսաստանում վերջերս ընդունված օրենքն արգելում է համասեռական հարաբերությունների քարոզը անչափահասների շրջանում, ինչպես նաև՝ երեխա որդեգրելը գեյերի կողմից:

Վլադիմիր Պուտինը, սակայն, հայտարարել է, թե Ռուսաստանում սեռական փոքրամասնության ներկայացուցիչները հասարակության լիարժեք անդամներ են, և նրանց իրավունքները չեն ոտնահարվում:

Պաշտոնատար անձինք նաև հայտարարում են, թե գեյ-քարոզչության վերաբերյալ օրենքը չի վերաբերի Օլիմպիադայի հյուրերին, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Որտե՞ղ է Սերժ Սարգսյանը. Հո բան չի՞ պատահել ‘
Հաջորդ հոդվածը‘«Վճարովի կանգառների բիզնեսում Սաշիկը Քեթրինի Միհրանի հետ $2մլն փող է դրել»’