‘Լոնդոնի Սքոթլանդ-Յարդի նշանավոր շենքը կվաճառվի 240 միլիոն դոլարով ‘

1097

Լոնդոնի իրավապահ մարմինների ղեկավարությունն այսօր որոշում է կայացրել մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Սքոթլանդ-Յարդի կենտրոնակայանը վաճառել մոտավորապես 240 միլիոն դոլարով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Այդ մասին հայտնել է մայրաքաղաքի ոստիկանապետի տեղակալ Քրեյգ Մաքքեյը: Ըստ նրա՝ նման քայլ արվում է մինչև 2015 թ. ոստիկանական ծախսերը 800 միլիոն դոլարով կրճատելու նպատակով: «Սքոթլանդ-Յարդի շենքն ամեն տարի բյուջեի վրա 18 միլիոն դոլար է նստում, իսկ ներկա պահին շենքն անհրաժեշտ է նորոգել, ինչը կարժենա 80 միլիոն դոլար»,- նշել է Մաքքեյը: Տնտեսելու նպատակով լոնդոնյան ոստիկանությունը ստիպված կլինի վաճառել իր գույքի գրեթե մեկ երրորդը, ավելացրել է նա: Ի դեպ, մայրաքաղաքի իրավապահների տրամադրության տակ ավելի քան 700 շենք ու շինություն կա: Առաջիկայում նախատեսվում է փակել նաև ոստիկանության 65 բաժին: Սքոթլանդ-Յարդը մտադիր է իր կենտրոնակայանը, պտտվող New Scotland Yard մակագրությամբ հանդերձ, տեղափոխել Թեմզայի առափնյակի  շենքերից մեկը:

Սքոթլանդ-Յարդի ներկայիս քսանհարկանի շենքը կառուցվել է 1967թ. Լոնդոնի պատմական կենտրոնում՝ Վեսթմինսթերում: Այն շրջապատված է բետոնե պարիսպներով:

Վաճառքի գումարի և հավանական գնորդների վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի նոյեմբերին, ընդգծել է Մաքքեյը:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահը հանդիպել է շրջվարչակազմերի ղեկավարներին ‘
Հաջորդ հոդվածը‘Հրաչ Քեշիշյանը ֆիլմի ստեղծման շուրջ խորհրդակցե՞լ է Նժդեհի թոռնուհու հետ ‘