‘Լոնդոնն սպասում է Թրամփին’

904

Լոնդոնում՝ Բուկինգհեմյան պալատում, Նորին Մեծություն թագուհին ընդունելու է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, որն այսօր՝ հունիսի 3-ին, սկսում է իր պետական այցը Միացյալ Թագավորությունում:

Անցյալ տարի հուլիսին ամերիկյան առաջնորդն արդեն հանդիպել էր թագուհու հետ: Այն ժամանակ նա անհարմար դրության մեջ էր հայտնվել. գվարդիականների շարքերը նայելիս նա միապետին կորցրել էր տեսադաշտից, և վերջինս հայտնվել էր նրա թիկունքում: Տեսագրությունը հայտնվել էր համացանցում և օգտատերերի զայրույթը հարուցել, նրանք քաղաքական գործչին մեղադրել էին թագուհու նկատմամբ անհարգալի վերաբերմունքի մեջ:

Այս այցը նույնպես հեշտ չի լինելու: Սպիտակ տան ղեկավարը նախատեսել է բանակցություններ վարել բրիտանական կառավարության ղեկավար Թերեզա Մեյի հետ, որի հրաժարականին հաշված օրեր են մնացել: Բայց Մեյը դեռ չի հեռացել, մինչդեռ Թրամփն արդեն հայտարարել է, թե ՆԳՆ նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնը հրաշալի գլուխ կհանի վարչապետի պարտականություններից, եթե դառնա պահպանողականների նոր առաջնորդը: Մշուշոտ Ալբիոնում Թրամփի այս խոսքերը խիստ քննադատության են արժանացել:

Բրիտանացիներին դուր չեն եկել նաև ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ Թրամփի խորհուրդները: Այսպես, ամերիկյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե բրիտանական իշխանությունների փոխարեն՝ ինքը Բրյուսելին ոչինչ էլ չէր վճարի brexit-ի համար, և Լոնդոնին առաջարկել էր ԵՄ-ի հետ բանակցությունների ուղարկել հայտնի եվրասկեպտիկ Նայջել Ֆարաջին:

Այնպես որ՝ Լոնդոնում Թրամփին միայն հանդիսավոր միջոցառումներ չեն սպասվում, այլ նաև բողոքի ցույցեր, որոնցից ամենազանգվածայինն կլինի երեքշաբթի, երբ նա հանդիպելու է Թերեզա Մեյի հետ:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Դատարանը մերժել է Վահագն Հարությունյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը. ՀԺ’
Հաջորդ հոդվածը‘Փոմփեո. ԱՄՆ-ը պատրաստ է նոր միջուկային պայմանագիր կնքել Իրանի հետ’