‘Լոնդոնում ձերբակալվել է Ղրղզստանի նախկին նախագահի որդին ‘

1036

Երեկ Լոնդոնում ձերբակալվել է Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևի որդին՝ 34-ամյա Մաքսիմ Բակիևը: Վերջինս ԱՄՆ իշխանությունների պահանջով «անձամբ է ներկայացել ոստիկանական բաժին», հաղորդում է  ИТАР-ТАСС-ի թղթակիցը՝ հղում անելով գործի հանգամանքներին ծանոթ փաստաբանի: Ոստիկանության բաժնում կարճատև զրույցից հետո Բակիևը ձերբակալվել է: Լոնդոնում դեռևս հասանելի տեղեկատվություն չկա այն մասին, թե ԱՄՆ իշխանությունների կողմից ինչ հանցանքների համար է մեղադրվում Բակիևը: Այնուհանդերձ, ИТАР-ТАСС-ի թղթակցին հաջողվել է պարզել, որ այդ հանցագործությունները վերաբերում են «ֆինանսական ոլորտին և կարող են կապ ունենալ նաև ԱՄՆ զինված ուժերին, Մանասի ղրղզական ավիաբազայի վարձակալության ընթացքում, վառելիք մատակարարելու խնդրի հետ»: Ըստ նախնական տեղեկատվության՝ Բակիևը լոնդոնյան դատարանի միջոցով պայքարելու է, որպեսզի իրեն չհանձնեն Միացյալ Նահանգներին:

Հիշեցնենք, որ Մաքսիմ Բակիևը հոր վարչախմբում զբաղեցնում էր Զարգացման, ներդրումների և ինովացիաների կենտրոնական գործակալության ղեկավարի պաշտոնը: 2010 թ. պետական հեղաշրջումից և Կուրմանբեկ Բակիևի հրաժարականից հետո Ինտերպոլը նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել՝ կոռուպցիայի և հանցագործ ճանապարհով ձեռք բերված  եկամուտների լվացման մեղադրանքներով: 

Նախորդ հոդվածը‘Աշոտ Մանուկյան. Վանաձորում մեռյալ վիճակ է ‘
Հաջորդ հոդվածը‘Բելգիայում առգրավվել է երկրի պատմության մեջ կոկաինի ամենախոշոր խմբաքանակը ‘