‘Լոռու մարզի բնակչուհին երեխային վաճառել է 3500 դոլարով’

1494

Լոռու մարզի 43-ամյա բնակչուհի Ռիմմայի արտաամուսնական կապից ծնվել են երկվորյակ երեխաներ՝ տղա և աղջիկ: Սոցիալական ծանր պայմաններից ելնելով՝ մայրը որոշել է սեփական տղա երեխային վաճառել՝ նույն Լոռու մարզում գնորդ էլ է գտնվել՝ Ա.Կ.-ն զավակներ չուներ և ցանկանում էր երեխա որդեգրել:

Ռիմման հանդիպել է գնորդին՝ հավաստիանալու համար, որ երեխային ապահով ընտանիքի է տալու: Ըստ գործի նյութերի, վաճառողն ու գնորդը նախնական պայմանավորվածության են եկել մանկան վաճառքի գնի շուրջ՝ 1.291.125 ՀՀ դրամին համարժեք 3500 ԱՄՆ դոլար:

Պայմանավորվածության համաձայն, գումարի մի մասը` 367.850 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլարը, գնորդը պետք է վճարեր մինչև երեխային հանձնելը, իսկ մնացած մասը` երեխային հանձնելուց հետո: 2011 թվականի մարտի 13-ին Ա.Կ.-ն Ռիմմային է տվել պայմանավորված նախնական գումարը՝ 367.850 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար գումարը, իսկ երկու օր անց երեխան հարձնվել է նոր ծնողներին: Շուրջ մեկ տարի անց, ըստ քննության տվյալների, 2012 թվականի մարտի 22-ին Ռիմման նոտարական կարգով հրաժարվել է որդուց` Նիկոլայից, որից հետո Ա. Կ.-ն առանձին Ռիմմային է հանձնել պայմանավորված գումարի մնացած մասը՝ 923.275 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար:

Ոստիկանության Թումանյանի քննչական բաժնում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա երեխայի մորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի առաջին մասով՝ Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը: Հոդվածը նախատեսում է ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Ինչպես նշում է «Փաստինֆո» գործակալությունը, տվյալ պարագայում դժվար է ասել, թե փոքրիկի համար որն է ավելի լավ` մեծանալ ոչ կենսաբանական ծնողների հետ և լինել սպասված զավակ, թե ոչ ցանկալի երեխա` կենսաբանական մոր կողքին…

Նախորդ հոդվածը‘Հայաստանի հավաքական. 5 անհրաժեշտ քայլեր’
Հաջորդ հոդվածը‘Առողջապահության նախարարի առաջին տեղակալն ազատվել է պաշտոնից’