‘Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ճանաչել է ԼՂՀ անկախությունը’

1391

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անկախ և ինքնիշխան պետություն ճանաչելու մասին միաձայն որոշում է ընդունել: Միջազգային հանրությանը միաժամանակ նույնպես կոչ է արվել ԼՂՀ-ն որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն ճանաչել, գրում է panarmenian.net-ը՝ հղում անելով «Ասբարեզ»-ին:

Բանաձևի հեղինակը քաղաքային խորհրդի հայազգի անդամ Պոլ Գրիգորյանն է:

«Ուզում ենք շնորհակալություն հայտնել Պոլ Գրիգորյանին և Լոս Անջելես քաղաքին ճշմարտությանն ու արդարությանն աջակցելու համար, ինչպես նաև մեր երախտագիտությունն արտահայտել յուրաքանչյուրին, ով միացել է Արցախի անկախությունն ընդունելու հարցում գործադրված ջանքերին»,- նշել է Ամերիկայի Հայ Դատի Գլենդելի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը:

Խորհրդի անդամներն ընդունված բանաձևում մասնավորապես նշում են, որ ԼՂՀ-ը նպաստում է Կովկասի տարածաշրջանի կայունությանը՝ անցկացնելով ազատ և արդար ընտրություններ:

Բանաձևում անդրադարձ է եղել նաև ԼՂՀ ինքնորոշման համար մղված պայքարին, որը ոգեշնչել է տարածաշրջանի շատ ժողովուրդներին: Իմիջիայլոց, բանաձևը լրացնում է Մեյնում, Մասաչուսեթսում, Լուիզիանայում, Մերիլենդում, Ռոդ Այլենդում, Ֆրեզնոյում ու այլուր ընդունված նմանօրինակ բանաձևերի և հռչակագրերի շարքը:

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի սկզբին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդարան էր ներկայացվել Լեռնային Ղարաբաղն որպես ինքնիշխան պետություն ճանաչող ու Միացյալ Նահանգներին այն ևս ճանաչելու կոչ անող օրինագիծը: Այն ներկայացրել էր Լոս Անջելեսից ընտրված դեմոկրատ պատգամավոր, նահանգային խորհրդարանի հատկացումների հանձնաժողովի նախագահ Մայք Գաթոն:


Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանի եղբորը «Նաիրիտից» վճարվել է 42 մլն դրամ. 168.am’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ Դաշնային խորհուրդն այսօր փաստաթուղթ կընդունի Ուկրաինայի վերաբերյալ’