‘Լորան Ֆաբիուս. Ֆրանսիան հետաքրքրությամբ և զգուշավորությամբ ուսումնասիրում է Ռուսաստանի առաջարկը’

803

«Մենք Ռուսաստանի առաջարկը դիմավորեցինք հետաքրքրությամբ և զգուշավորությամբ,-հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը «Եվրոպա-1» ռադիոկայանի եթերից:- Հետաքրքրությամբ՝ քանի որ առաջին անգամ է նման բացախոսություն դրսևորվում, և զգուշավորությամբ՝ քանի որ խոսքը վերաբերում է Ռուսաստանի կողմից դիրքորոշման կտրուկ փոփոխությանը: Նրանց կողմից մեկը մյուսին հակասող հայտարարություններ են հետևել իրար. սկզբում Ռուսաստանը հերքում էր, թե Սիրիայում քիմիական զենք կա, այնուհետև հերքում էր, թե քիմիական գրոհ է տեղի ունեցել: Նրանց կարծիքն այժմ փոխվել է, և դա լավ է»:

Ֆաբիուսի խոսքերով՝ Ֆրանսիան կմիանա սիրիական քիմիական զենքի խնդրի դիվանագիտական լուծման վերաբերյալ «Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև կայանալիք բանակցություններին»: «Օրվա ընթացքում ես կբանակցեմ ամերիկացի գործընկերոջս հետ, իսկ հաջորդ շաբաթ պետք է մեկնեմ Ռուսաստան: Ես այդ հարցը կքննարկեմ նաև իմ չինացի գործընկերոջ, եվրոպացի գործընկերների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ,- տեղեկացրել է Ֆրանսիայի արտգործնախարարը և հավելել:- Այդ բանավեճը չպետք է ընդհատվի»: Նա նաև ընդգծել է, որ ֆրանսիական կողմն առաջվա պես պնդում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրաժարական տա: «Իհարկե՝ Ասադը պետք է հեռանա: Դժվար է պատկերացնել, որ 110 հազար մահվան համար պատասխանատու մեկը կարող է անվերջ մնալ իշխանության ղեկին: Մեր նպատակը քաղաքական բանակցություններն են, սակայն մենք արդեն ասել ենք, որ դրան հասնելու համար հարկավոր է կոշտ վերաբերմունք դրսևորել»,- ասել է Լորան Ֆաբիուսը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Հայաստան — Դանիա (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Նորվեգիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմությունը’