‘Լուիշ Ֆիգուն ներկայացրել է իր ծրագիրը ‘

884

Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Լուիս Ֆիգուն հունվարին հայտարարեց, որ կպայքարի ՖԻՖԱ-ի նախագահական աթոռի համար, որն այժմ պատկանում է Զեպ Բլատերին: Իսկ օրեր առաջ Ֆիգուն հանրության դատին ներկայացրեց իր ծրագիրը: Միջոցառումը տեղի ունեցավ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: Ներկայացնում ենք, Ֆիգու նախընտրական ծրագրի կետերը:

1. Հասարակական ֆուտբոլի զարգացում

Ֆիգուի ծրագրի առանցքային կետերից է հասարակական ֆուտբոլի զարգացումը: «Իմ ծրագրում այս կետը գլխավորն է: Մտադիր եմ ծրագրեր մշակել ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաներից յուրաքանչյուրի համար` դպրոցական մակարդակում ֆուտբոլի զարգացման նպատակով: Կցանկանայի տեսնել, թե ինչպես է երկրներից յուրաքանչյուրում աճում մարզադաշտերի և մասնագետների թիվը»,-ասաց Ֆիգուն: Պորտուգալացին մտադիր է 1 միլիարդ դոլար տրամադրել այս նպատակի իրագործման համար: Բացի այդ, Ֆիգուն ընդգծեց, որ այս ծրագրին որպես երկարաժամկետ նախագծի է մոտենում` ֆուտբոլային հանրությանը կոչ անելով ուշադրություն կենտրոնում պահել հարցը:

2. Աշխարհի առաջնության ձևաչափի փոփոխություն

Ֆիգուի ծրագրի ամենաքննարկված կետը Մունդիալի ձևաչափի ընդլայման փոփոխություններին վերաբերող մասն էր: Նա առաջարկում էր մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցների թիվն ընդլայնել ու 32-ից հասցնել 40-ի կամ 48-ի: Սա հնարավոր է, եթե առաջնության անցկացման օրերը 3-4 օրով ավելանան: Ֆիգուի ծրագրով` 24 մասնակիցներից բաղկացած մրցաշարերը պետք է միաժամանակ անցկացվեն երկու մայրցամաքներում: Օրինակ, առաջնությունը կարող է միաժամանակ ընթանալ Ամերիկայում և Ասիայում, կամ Աֆրիկայում և Եվրոպայում: Սա թույլ կտա աշխարհի բոլոր մասերի ֆուտբոլասերներին հաճույք ստանալ խաղից ամեն երկրորդ առաջնության ժամանակ: Այդ փուլին կհաջորդի եզրափակիչ մասը, որը կընթանա մեկ երկրում:

Ֆիգուն կարծում է, որ սա ոչ միայն կնպաստի ՖԻՖԱ-ի անդամ ֆեդերացիաների ժամանակակից դառնալուն այլ նաև կընդլայնի կազմակերպության եկամուտները, որոնք կարելի կլինի ուղղել սպորտի հետագա զարգացմանը: ՖԻՖԱ-ի հնարավոր շահույթը 3.5 միլիարդ դոլար է գնահատվում: Դատելով արձագանքներից` եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաները դժվար թե որևէ բան շահեն ընդլայնումից, քանի որ նախատեսվում է դա անել այլ աշխարհամասերի երկրների միջոցով: Շատ փորձագետներ կարծում են, որ Ֆիգուն աֆրիկական և ասիական այս ձևով ֆեդերացիաների համակրանքը շահելու միտում ունի:

3. Խաղից դուրս` հին ձևով

Ֆիգուն առաջարկել է փոփոխել խաղի կանոններն ու հետ բերել նախկինները` հատկապես, «խաղից դուրս»-ի դեպքում: Այդպիսով, ֆուտբոլիստը կարող է «խաղից դուրս» իրավիճակում հայտնվել անկախ այն բանից, թե նա խաղային դրվագի ակտիվ մասնակի՞ց է, գտնվու՞մ է դարպասապահի տեսադաշտում, գրավու՞մ է արդյոք պաշտպանների ուշադրությունը: Ֆիգուն կարծում է, որ ժամանակակից կանոնները, հատկապես «խաղից դուրս»-ի պարագայում այնքան են խճճվել, որ որևէ մեկն արդեն մինչև վերջ չի հասկանում ինչպես վարվել: Դրա համար էլ ավելի լավ է վերադառնալ նրան, երբ «խաղից դուրս»-ն ուղղակի խաղից դուրս էր: Դա զգալիորեն կթեթևացներ մրցավարների կյանքը, և նրանք այլևս գլուխ չէին կոտրի բարդ իրավիճակներում:

4. Տեխնոլոգիական որոշումներ

Գոլի որոշման տեխնոլոգիան վերջին տարիներին ՖԻՖԱ-ի ուշադրության կենտրոնում է, բայց Ֆիգուն շատ հետաքրքրված է ու շահագրգռված դրա կատարելագործմամբ: Թեկնածուն կողմ է տեսագրություններին` որպես օգնություն մրցավարներին:

5. Տուգանվածների նստարան

«Ուեմբլիում» կայացած հանդիպման ժամանակ Ֆիգուն նաև ասել է, որ հարկավոր է առանձին նստարան հատկացնել ասենք դատավորների նկատմամբ ոչ մարզական պահվածք դրսևորած ֆուտբոլիստների համար, ովքեր ժամանակավորապես այնտեղ կնստեն: Նման պրակտիկա կիրառվում է հոկեյում:

6. Եռակի պատժի վերացում

Իր ելույթի ընթացքում թեկնածուն հարց բարձրացրեց վերջին հույսի խախտման համար եռակի պատժի մասին: Ֆիգուն կարծում է, որ պատիժը, երբ ֆուտբոլիստը կարմիր քարտ է ստանում, որակազրկվում է, ու թիմն էլ 11-մետրանոցն ընդունում սեփական դարպասը, շատ կոպիտ է: Ֆիգուն առաջարկում է փոխել պատժի ձևաչափը. ֆուտբոլիստներին կա՛մ չեն պատժի, կա՛մ հեռացման փոխարեն կզգուշացնեն:

Ովքե՞ր են աջակցում Ֆիգուին 

ՖԻՖԱ-ի նախագահի աթոռի թեկնածուների հայտերի ընդունման վերջնաժամկետից առաջ Ֆիգուն հայտնեց, որ արդեն ստացել է որոշ ֆուտբոլային ասոցիացիաների աջակցությունը, ովքեր պատրաստ են նրան ձայն տալ առաջիկա ընտրություններում: Ֆիգուին համակրողների շարքում են` Դանիան, Լյուքսեմբուրգը, Մակեդոնիան, Չեռնոգորիան, Լեհաստանը: Զարմանալի չէ, որ Ֆիգուին աջակցում է նաև Պորտուգալիան: Պետք է նշել, որ պաշտոնի համար պայքարելու հնարավորություն ունենալ կարող է այն թեկնածուն, ում առնվազն 5 ֆեդերացիա աջակցում է:

Ֆեդերացիաներից բացի, Ֆիգուին աջակցում են Արսեն Վենգերը, Ժոզե Մոուրինյոն, Դևիդ Բեքհեմը, Պատրիկ Վիեյրան, Սթիվ Մակմանամանան, Հիդետոսի Նակատին և շատ ուրիշներ:

Ինչու՞ է Ֆիգուն առաջադրել թեկնածությունը

Ի տարբերություն թեկնածուներից շատերի, օրինակ` Դաիդ Ժինոլայի, ում ակտիվորեն աջակցում է «Paddy Power» բուքմեյքերական ընկերությունը, ով քարոզարշավը մեկնարկել է ներդրումային ծրագրերով, Ֆիգուն հայտարարել է` իր թիկունքում ֆինանսական կառույցնր չկան. «Ես բավականաչափ միջոցներ ունեմ, որպեսզի իմ ճանապարհի ծախսերը հոգամ»,-ասել է Ֆիգուն հավելելով` Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան իրեն միայն գաղափարապես է աջակցում:

42-ամյա պորտուգլացու խոսքերով`  նա պարզապես իր պարտքն է վերադարձնում ֆուտբոլին, որն իրեն ապահովված մարդ է դարձրել ու որին նա ամբողջ սրտով է սիրում: «Ֆուտբոլային աշխարհին մտադիր եմ վերադարձնել այն ամենը, ինչով նա ինձ պարգևատրել է»,-այսպես է Ֆիգուն բացատրում ՖԻՖԱ-ն գլխավորելու իր ցանկությունը:

Ֆիգուի մրցակիցները

ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան Ցյուրիխում, մայիսի 29-ին: Ներկայիս նախագահի` Զեպ Բլատերի հետ, ով կազմակերպությունը գլխավորում է 1998-ից սկսած, այդ պաշտոնի համար պայքարում են ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Շամպենը, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը, ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Դավիդ Ժինոլան և Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային միության ղեկավար Միխայել վան Պրագը:

Նախորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության հարցազրույցի փուլը մեկնարկել է’
Հաջորդ հոդվածը‘Այսօր կկայանա Բաղդադ-Երեւան-Էրբիլ առաջին չվերթը ‘