Լուլա․ «Բրազիլիայում դիմակայում են դեմոկրատիան ու ֆաշիզմը»

423

Բարաք Օբաման նրան անվանել է «ամենահեղինակավոր քաղաքական գործիչն աշխարհում», բայց նրա անկումը նույնքան տպավորիչ էր, որքան իշխանության գալը։ 2017 թ․ Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան մեղավոր ճանաչվեց կոռուպցիայի մեջ և ուղարկվեց բանտ։ Սակայն այս տարի Գերագույն դատարանը չեղարկեց այդ դատավճիռը և վերականգնեց նրա քաղաքական իրավունքները։ Սոցիոլոգիական հարցումների տվյալներով՝ Լուլան կարող է հաղթել գործող նախագահ Ժաիր Բոլսոնարուին առաջիկա նախագահական ընտրություններում։

Պատմում է Բրազիլիայի նախկին նախագահ և քաղաքական գերաստղ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան․

«Ես ասել էի, որ այլևս չեմ առաջադրվի նախագահի պաշտոնում, բայց հիմա միտքս փոխել եմ։ Այն ժամանակ ինձ թվում էր, թե ես 75 տարեկանում ծեր կլինեմ, բայց պարզվեց՝ դեռ երիտասարդ եմ։ Իսկ երբ ԱՄՆ-ում նախագահ առաջադրվեց և հաղթեց 78-ամյա Բայդենը, մտածեցի՝ իսկ ինչո՞ւ ես էլ չառաջադրվեմ։

․․․ Բոլսոնարուին օգնեցին ընտրվել նրանք, ովքեր ինձ 580 օրով փակեցին բանտում, նրանք, ովքեր կեղծ մեղադրանքներ հորինեցին իմ դեմ։ Հիմա այդ ամենն ապացուցված է։ Բոլսոնարուի ընտրությունն այդ կեղծիքի ու ստի արդյունքն էր։ Երբևէ որևէ ընտրարշավի ժամանակ այդքան fake news չի եղել։ Բոլսոնարուն ոչ մի բանավեճի չի մասնակցել, նա միայն ստել է, անամոթաբար ստել։

Հիմա Բրազիլիան պառակտված չէ աջերի ու ձախերի միջև, հիմա այստեղ դիմակայում են ֆաշիզմն ու դեմոկրատիան։

Ես ներկայացնում եմ դեմոկրատիան, քանի որ ես դեմոկրատական կառավարման երկարատև պատմություն ունեցող կուսակցություն եմ ներկայացնում։ Իսկ Բոլսոնարուն ներկայացնում է ֆաշիզմը։ Ահա թե որն է գլխավոր հարցը։ Մենք այդ դիմակայությունից չպետք է վախենանք։

․․․Ես նախագահ եմ եղել ութ տարի և ապացուցել եմ, որ կարելի է կառուցել զարգացած Բրազիլիա, այնպիսի Բրազիլիա, որը բարձրացնում է իր քաղաքացիների կենսամակարդակը»։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՄիգրանտները պատմում են, թե ինչպես են Բելառուսից հասնում Լիտվա
Հաջորդ հոդվածըԱյսօր Բաստիլի գրավման օրն է