Ընդդիմախոսների առևանգման հանցակիցը կդատվի արտերկրում

451

Շվեյցարիայում է դատվելու բելառուսական արագ արձագանքման հատուկ ջոկատի նախկին մարտիկ Յուրի Գարավսկին, որը խոստովանել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի քաղաքական ընդդիմախոսների առևանգմանը և սպանությանն իր հանցակցությունը։

Խոսքը 1999 թ․ դեպքերի մասին է, երբ Բելառուսում անհետ կորել էին ներքին գործերի նախկին նախարար Յուրի Զախարենկոն, գործարար Անատոլի Կրասովսկին և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին ղեկավար Վիկտոր Գոնչարը։ Քսան տարուց ավելի զոհերի ընտանիքներն ու հարազատները ջանում էին ճշմարտությունն իմանալ նրանց ճակատագրերի մասին։

2019 թ․ բելառուսցի նախկին հատուկջոկատային Յուրի Գարավսկին աղմկոտ հարցազրույց էր տվել  Deutshe Welle-ին, որում խոստովանել էր, որ եղել է նշված մարդկանց առևանգողների և սպանողների խմբում։ Նա պատմել էր, թե որտեղ են թաղված սպանվածների մարմինները, և հայտարարել էր, որ սպանությունը կատարվել է Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաների իմացությամբ։

Յուրի Գարավսկին 2018 թվականից ապրում է Շվեյցարիայում, որտեղ նա քաղաքական ապաստան է ստացել։ «Ես պատրաստ եմ ցուցմունք տալ Ստրասբուրգում, Գերմանիայում, այստեղ՝ Շվեյցարիայում։ Պատրաստ եմ պատիժս կրել եվրոպական ցանկացած երկրում, եվրոպական օրենքների համաձայն, բայց ոչ բելառուսական»,- զոհերից մեկի դստեր հետ հանդիպմանը 2020 թ․ փետրվարին ասել է Գարավսկին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԸստ Կադիրովի` ՌԴ զենքն արտասահմանյանից ավելի լավն է
Հաջորդ հոդվածըՍթոլթենբերգը նշել է ՆԱՏՕ-ին անդամակցելու պայմանները