Լուկաշենկոն Եվրոպային սպառնում է գազի խողովակով

336

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնացել է, որ կդադարեցնի գազի մատակարարումը Եվրոպա, եթե Եվրամիությունը նոր պատժամիջոցներ սահմանի՝ բելառուսա-լեհական սահմանին սաստկացող միգրացիոն ճգնաժամի պատճառով։

«Մենք տաքացնում ենք Եվրոպային, նրանք դեռ սպառնում են մեզ, թե սահմանը կփակեն,- Մինսկում կառավարության հետ խորհրդակցության ժամանակ ասել է Լուկաշենկոն։- Իսկ եթե մենք փակենք այնտեղ հոսող բնական գա՞զը։ Դրա համար էլ ես Լեհաստանի ղեկավարությանը, լիտվացիներին և մնացած անգլուխներին խորհուրդ կտայի խոսելուց առաջ մտածել»։

Լուկաշենկոն նաև ասել է, որ չի կարգադրել զորքեր կուտակել երկրի սահմանի մոտ, սակայն «պետք է դիմակայելու պլաններ լինեն՝ եթե հանկարծ ինչ-որ բան պատահի»։

«Մենք պետք է տեսնենք։ Եվ կանխատեսենք ամեն ինչ։ Որ հանկարծ մեզ այնտեղ սահմանին ինչ-որ պատերազմ չսարքեն, իսկ մենք էլ, պարզվի, պատրաստ չենք»,- հայտարարել է Լուկաշենոկոն։

Լուկաշենկոյի սպառնալիքները Եվրոպայում սաստկացրել են անհանգստությունը՝ բնական գազի գնի բարձրացման և էներգակիրների գնի աճի ֆոնին։ Տնտեսության հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին հայտարարել է, թե Եվրամիությանն ահաբեկելը անթույլատրելի է։

Ինչպես նշում են դիտորդները՝ գազի հոսքը դադարեցնելու վերաբերյալ Բելառուսի ավտորիտար առաջնորդի մտադրությունները կարող են աղետալի լինել երկրի տնտեսության համար, թեպետ անցյալում կոլխոզի նախկին նախագահ Լուկաշենկոն մեկ անգամ չէ, որ տնտեսության հարցում անհեթեթ որոշումներ ընդունելու հակում է ցուցաբերել։ Բացի այդ՝ գազը, որի տարանցումը սպառնում է դադարեցնել Բելառուսի նախագահը, ոչ թե իրենն է, այլ Ռուսաստանինը, և այդ հարցով ցանկացած որոշում կկայացվի Մոսկվայում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Յուվենտուսը» «Ռոմային» առաջարկել է վարձակալել Աարոն Ռեմզիին
Հաջորդ հոդվածըՇախմատի թիմային ԵԱ․ Հայաստանի հավաքականների կազմը