Լուկաշենկոն հրահանգել է փակել Ուկրաինայի հետ սահմանը

1538

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամայել է փակել Ուկրաինայի հետ սահմանը։ Իր այդ որոշումը նա բացատրել է արտասահմանից զենք ներմուծելու և դիվերսանտների կողմից ՌԾՆ կայանը պայթեցնելու փորձերը կանխելու մտահոգությամբ։

Լուկաշենկոն ելույթ է ունեցել Անկախության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր հավաքում և հայտարարել, թե Բելառուսում փորձել են պայթեցնել Ռուսաստանի ՌԾՆ «Վիլեյկա» կապի հանգույցը, որն ապահովում է ռուսաստանյան նավատորմի գլխավոր շտաբի հաղորդակցությունը Ատլանտյան, Հնդկական և Խաղաղ օվկիանոսներում գործող ատոմային սուզանավերի հետ։

Դիվերսանտները, պետության ղեկավարի վարկածի համաձայն՝ օգտագործել են Ուկրաինայից բերված զենք։ Նա դրա մասին զեկուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ «Մենք լրջորեն քննարկեցինք նաև այդ խնդիրը; Դրա արդյունքում, հասկանում եք, ահաբեկչական գործողության բոլոր մասնակիցները, այդ թվում՝ կազմակերպիչներն ու իրականացնողները, երկու օրվա ընթացքում հայտնաբերվեցին և ձերբակալվեցին»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Ըստ Բելառուսի նախագահի՝ «քնած ահաբեկչական կառույցները», որոնք մտադիր էին տապալել գործող քաղաքական կարգը, բացահայտված են։ Ահաբեկչության կազմակերպման մեջ նա մեղադրել է Ուկրաինային, Գերմանիային, ԱՄն-ին, Լեհաստանին և Լիտվային։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԵվրո-2020. Օրվա խաղերը
Հաջորդ հոդվածըԱնսովոր տապի պատճառով հարյուրավոր մարդիկ են մահացել