‘Լվովի բնակչին դատապարտել են Յանուկովիչի վերաբերյալ անհաջող կատակի համար’

816

Դատարանը երկամյա պայմանական ազատազրկման է դատապարտել Լվովի 33-ամյա մի բնակչի՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ  նախապատրաստվող մահափորձի մասին կեղծ տեղեկություն հաղորդելու համար, հայտնում է Լվովի շրջանային դատախազության մամլո ծառայությունը:

Իբր նախապատրաստվող մահափորձի վերաբերյալ հաղորդումը Ուկրաինայի անվտանգության ծառայությունն ստացել էր հուլիսի 7-ի երեկոյան: ՆԳՆ մայոր ներկայացած մարդը հայտնել էր, որ Լվովի մի խումբ բնակիչներ մտադիր են մահափորձ անել երկրի ղեկավարի նկատմամբ: Անվտանգության աշխատակիցներն արագ պարզել էին անանուն աղբյուրի ինքնությունը և ձերբակալել նրան: Օրինախախտի խոսքերով՝ ինքն ուզեցել էր ստուգել, թե որքան արդյունավետ են գործում անվտանգության մարմինները: Բացի այդ՝ պարզվել էր, որ նա զանգահարելիս սաստիկ հարբած է եղել:

Ուկրաինական իշխանությունները վերջերս զգալիորեն ուժեղացրել են «հեռախոսային ահաբեկիչների» դեմ պայքարը: Անցյալ տարվա հունիսին Վիկտոր Յանուկովիչը ստորագրեց օրենք, որի համաձայն՝  պայթյուն, հրկիզում և մարդկանց կյանքին վտանգ սպառնացող նման այլ գործողություններ կազմակերպելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ հաղորդելու համար նախատեսվում է ազատազրկում՝ մինչև վեց տարի ժամանակով, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Տոնական տորթ քաղաքապետարանին՝ «Կերեք, կշտացեք» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Չեմ վճարելու 150 դրամ, օր 6-րդ. լուսանկարներ’