‘Լրագրողական կազմակերպությունները պահանջում են իրավական գնահատական տալ լրագրողի աշխատանքի խոչընդոտման փաստին ‘

1013

Մի շարք լրագրողական կազմակերպություններ դատապարտել են օրերս Օպերայի եւ բալետի թատրոնում ընթացող  «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամանակ, ապա նաեւ թատրոնին հարող տարածքում լրագրող Թագուհի Հովհաննիսյանի մասնագիտական գործունեության խոչընդոտման փաստը:

Հայտարարության հեղինակները հիշեցնում են, որ այդ օրը Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ընկերակցության ղեկավար Արտյուշա Կարապետյանը, որին լրագրողը մոտեցել է իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով, քաշքշել է նրան, խլել ձայնագրիչը եւ շպրտել, ապա հրահանգել իրեն ուղեկցող անձանց՝ «սրան ստեղից կորցրեք»: Քիչ ուշ, արդեն Կարապի լճի մոտ, «ՀԺ» թղթակիցը փորձել է հեռախոսով նկարել Արտյուշա Կարապետյանին, սակայն վերջինիս ուղեկցողները խլել են հեռախոսը եւ սպառնացել այն նետել ջուրը: Նրանցից մեկը ջնջել է նկարահանածը եւ վերադարձրել հեռախոսը:

«Մենք՝ ներքոստորագրյալներս, ողջունելով համաժողովի կազմակերպիչների դատապարտող գնահատականները կատարվածին, այնուամենայնիվ, հերթական անգամ հարկ ենք համարում նշել, որ լրագրողական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է, եւ դրան պետք է հետեւի իրավապահ մարմինների համարժեք արձագանքը», — ասվում է հայտարարության մեջ: ։  

ՀՀ դատախազությունից պահանջում ենք սույն հայտարարությունը, ինչպես նաեւ մամուլի հրապարակումները դիտել որպես հաղորդում հանցագործության մասին եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար», — ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին «ԻՆտերնյուս»), Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան կազմակերպությունը եւ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը:

 

 

Նախորդ հոդվածը‘ՀՔԾ. ՔԿՀ-ի աշխատակիցը դատապարտյալին օգնել է թմրամիջոց ձեռք բերել’
Հաջորդ հոդվածը‘Մանր առեւտրականները սպառնում են համընդհանուր գործադուլ անել – բողոքի ցույց կառավարության դիմաց’