‘Լրագրողական կազմակերպությունների կոչը ակտիվիստներին եւ հեռուստաընկերություններին’

1086

Մի շարք լրագրողական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որտեղ անդրադարձել են Մաշտոցի պուրակում տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ շարժման երիտասարդ ակտիվիստների կողմից «Հ1», «Արմնյուզ» եւ «Շանթ» հեռուստաընկերությունների նկարահանող խմբերի գործունեության խոչընդոտման փաստին։

 

«Օգոստոսի 2-ին շարժման մասնակիցների անունից տարածված հայտարարությամբ ակտիվիստներն իրենց այդ գործողությունը մեկնաբանել են որպես ինքնաբուխ բոյկոտի ակցիա, որն ուղղված չէր կոնկրետ լրագրողների դեմ, այլ՝ հեռուստաընկերությունների, որոնց ներկայացուցիչները, ըստ հայտարարության հեղինակների, ժամանել էին միայն այն պատճառով, որ պուրակի քննարկմանը ներկա էր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։ Ակտիվիստների կարծիքով՝  հեռուստաընկերություններն իրականում հետաքրքրված չէին գործընթացի լուսաբանմամբ եւ այս տասը օրվա մեջ գրեթե անուշադրության են մատնել պայքարը։

Մենք՝ ներքոստորագրյալներս, լավատեղյակ լինելով հայաստանյան լրատվական դաշտի թերություններին ու խնդիրներին եւ հասկանալով երիտասարդ ակտիվիստների դժգոհությունը հեռարձակվող լրատվամիջոցների մեծ մասի հաճախ կողմնակալ լուսաբանումներից, այնուամենայնիվ, անթույլատրելի ենք համարում հեռուստաընկերությունների աշխատակիցների մասնագիտական գործունեության խոչընդոտումը։ Գտնում ենք, որ այդ գործողությունները խախտում են ոչ միայն օրենսդրությունը, այլեւ՝ մարդկային տարրական էթիկան»,- ասված է հայտարարության մեջ։

Այս կապակցությամբ հեղինակները կոչ են արել շարժման ակտիվիստներին զերծ մնալու նման քայլերից եւ լրատվամիջոցներից դժգոհություններ արտահայտելու համար ընտրել օրինական եւ քաղաքակիրթ մեթոդներ։  Հայտարարության հեղինակները մյուս կողմից՝ կոչ են արել հայաստանյան ԶԼՄ-ներին եւ մասնավորապես՝ հեռուստաընկերություններին պատշաճ ուշադրություն ցուցաբերելու այս եւ քաղաքացիական այլ շարժումներին ու դրանց առնչվող իրադարձությունները լուսաբանելու անաչառորեն՝ հաշվի առնելով քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքի ապահովման անհրաժեշտությունը։  

Հայտարարությունը ստորագրել են

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին՝ «Ինտերնյուս»)

Երեւանի մամուլի ակումբը

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստանը

«Լրագրողները հանուն ապագայի» հ/կ-ն

 

Նախորդ հոդվածը‘Պանամայի իշխանությունները հրաժարվել են բանտից ազատել նախկին բռնապետին’
Հաջորդ հոդվածը‘Ղազախստանը, Ռուսաստանի օրինակով, կարգելի ուկրաինական «Ռոշենի» ներմուծումը’