‘Լրագրողների հետ հանդիպումից խուսափելու «մաստեր կլաս» նախարարի կողմից. Մամուլ’

884

«Երեկ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Մովսիսյանը լրագրողների հետ հանդիպումից խուսափելու «մաստեր կլաս» է ցույց տվել: Լրագրողներից «թռնելու» այդպիսի դեպք դեռ չէր արձանագրվել:

Կառավարության նիստից հետո նախարարը մոտ կես ժամ ուշ իջավ, հույս ունենալով, որ լրագրողները արդեն գնացած կլինեն: Սակայն, տեսնելով շենքի նախասրահում հավաքված լրագրողներին, նա անմիջապես փոխեց իր ճանապարհը` երկրորդ հարկի միջանցքով ուղղվելով դեպի կառավարության շենքի` Տիգրան մեծի փողոց դուրս եկող երկրորդ մուտք: Նրա ծառայողական մեքենան ևս շենքի գլխավոր մուտքի դիմացից, երթևեկության կանոնների միանգամից երկու կոպիտ խախտում անելով, թեքվեց դեպի Տիգրան Մեծի փողոց ու կանգ առավ երկրորդ մուտքի մոտ: Լրագրողները կռահելով նախարարի մանևրները` շտապեցին դեպի երկրորդ մուտք: Նախարարն էլ կռահելով, որ լրագրողները «վառել են» իր մանևրը, այդպես էլ դուրս չեկավ շենքից: Մոտ մեկ ժամ սպասելուց հետո լրագրողները, իհարկե, հեռացան: Իսկ լրագրողներին հետաքրքրում էր միայն մեկ հարց` ի՞նչ եղավ գազի գնի հարցը: Նախարարը խոստացել էր, որ դեկտեմբերի վերջին արդեն պարզ կդառնա, թե Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը որքա՞ն կլինի: Հայտնի է, որ զգալիորեն թանկանալու է, բայց դրա մասին պետք է խոսվի միայն նախագահական ընտրություններից հետո: Նախարարն էլ պետք է «թռած» մնա ևս մեկ ամիս և մեկ շաբաթ»,- գրում է «Հայկական ժամանակը»:

Նախորդ հոդվածը‘Տնային պայմաններում հղիությունից ազատվելու մատչելի, բայց մահաբեր միջոց. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սաշիկի որդին չի կրակել, «Բելաջոն» փակ է եղել, տեսախցիկները չեն նկարել. Մամուլ’