‘Լրագրողների նկատմամբ ոտնձգությունները իրականացվում են պաշտոնատար անձանց կողմից’

1189

Այսօր Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ խոսքի ազատության կոմիտեի 2014 թվականի տարեկան զեկույցի քննարկումը: Քննարկման ընթացքում խոսվեց Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին: Զեկույցում նշվում է, որ նախորդ տարվա ընթացքում ԶԼՄ-ները գործել են որոշակիորեն լարված պայմաններում: «Նրանց վիճակված էր դիմակայել բազմաթիվ մարտահրավերների, իրենց իրավունքները եւ ընդհանրապես խոսքի ազատությունը սահմանափակելու փորձերի: Ընդ որում, ինչպես եւ նախկինում, սպառնալիքները հիմնականում գալիս էին իշխանական տարբեր ճյուղերից»,- ասվում է տարեկան զեկույցում: Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ գրանցված բոլոր դեպքերում մեղավորները այդպես էլ չեն ենթարկվել պատասխանատվության: «Պետք է նշեմ, որ լրագրողների նկատմամբ հիմնականում բոլոր ոտնձգությունները իրականացվել են պաշտոնատար անձանց կողմից»,- ասաց նա:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հայտնեց, որ նախորդ տարի գրանցվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու 9, ճնշումների՝ 43 եւ տեղեկատվություն տարածելու իրավունքի սահմանափակման 13 դեպք: Նա տեղեկացրեց նաեւ, որ ԶԼՄ-ների համար լուրջ մարտահրավեր էր հանդիսանում ՀՀ դատախազության հաղորդագրությունը, որով նախազգուշացվում էր, թե նախաքննական տվյալները առանց դատախազության թույլտվության հրապարաեկելու համար սահմանվում է քրեական պատասխանատվություն: Լրագրողների գնահատմամբ՝ այդ հայտարարությունը հակասում էր «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ եւ 9-րդ հոդվածներին:

Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի անդամ Վասակ Դարբինյանի՝ դատական գործերի շրջանակում ամենաաղմկահարույց գործը հանդիսացել է տեղեկատվության աղբյուրի բացահայտումը, որով դատարանը պարտադրել էր «iLur.am» լրատվական կայքին եւ «Հրապարակ» օրաթերթին բացահայտել այն աղբյուրը, որի հիման վրա լրատվամիջոցները իրարից անկախ պատրաստել էին հրապարակում մի միջադեպի մասին, որը տեղի էր ունեցել Գյումրիում, մայիսի 7-ին՝ ոստիկանության քաղաքի բաժնի պետ, գնդապես Վարդան Նադարյանի եւ եղբայրներ Արթուր ու Ռաֆայել Ալեքսանյաննների միջեւ: Վասակ Դարբինյանի խոսքով՝ սկզբում ՀՔԾ-ն փորձեց ինքը ԶԼՄ-ներից ստանալ հետաքրքրող տեղեկությունները, բայց, մերժում ստանալով, դիմեց դատարան: «Երկու լրատվամիջոցներն էլ ընդհանուր  իրավասության դատարանի որոշումը բողոքարկեցին ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն վերջինս մերժեց «Հրապարակ» թերթի եւ «iLur.am» կայքի բողոքը: Վերաքննիչ դատարանի այս որոշումը քննադատության նոր ալիք առաջացրեց ԶԼՄ-ներում եւ լրագրողական կազմակերպություններում»,- ասաց նա:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն համարում է, որ իրավապահ մարմինների եւ դատական ատյանների գործողությունները թաքնված գրաքննության դասական օրինակներ են, ԶԼՄ-ների գործունեության ապօրինի սահմանափակում, իրավական մեխանիզմների գործադրմամբ՝ ճնշում նրանց վրա: 

Նախորդ հոդվածը‘Ձեռներեցների բոլոր առաջարկները մանրամասն կքննարկվեն. Կառավարություն’
Հաջորդ հոդվածը‘Հանդիպել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարները ‘