Լրջանալու չգիտեմորերորդ պահը․․․ «ՉԻ»

611

Լրջանալու չգիտեմորերորդ այս պահին ի՞նչ է թափվում հեռուստադիտողի, համակարգչի մոտ նստածի կամ սոցցանցի ժապավենը թերթողի գլխին։ Ահա․

ա․ Պատերազմ է լինելու, և մենք պետք է կռվենք։

բ․ Նոր Սարդարապատ է լինելու։

գ․ Թուրքերը նոր ցեղասպանություն են ծրագրել։

դ․ Ռուսները դավաճան են։

ե․ Արևմուտքը դավաճան է։ 

Եվ իհարկե` հիստերիկ, սրտաճմլիկ տեքստեր, որոնք ոչ ոքի պետք չեն։

Եվ իհարկե` «պետք է» պարտավորական բայով և անորոշ դերբայով լեզվական բազմաթիվ կառույցներ, որոնք նույնպես որևէ ռացիոնալ արժեք չունեն։

Ինչո՞ւ։ Որովհետև իրականում ճշմարիտ ինֆորմացիա մենք չունենք և կարծես չենք ուզում ունենալ։ Ինչո՞ւ։ Որովհետև իշխանությունը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, սուսուփուս իր աթոռը հավերժացնելու խնդիրն է լուծում, ընդդիմություն կոչվածը՝ տնտեսական կապիտալի և սեփական չեղած դեմքը փրկելու, իսկ մտավորականություն կոչվածը՝ դարավոր զառանցանքին չդավաճանելու։

Սա՛ է մեր պատկերը։ Թեպետ մեկ-երկու ողջախոհ ձայներ էլ կան, որոնք, սակայն, դարձյալ անիրատեսական կոչեր են հիշեցնում։ Օր․՝ հարգարժան իրավապաշտպան Վարդան Հարությունյանը դիմում է Նիկոլ Փաշինյանին և հորդորում, որ նա ասի ճշմարտությունը։ Չի ասելու։ 

Սթափ վերլուծական միտք ունեցող Սուրեն Սուրենյանցը պնդում է, որ Ն․ Փաշինյանը պետք է ընտրի բանակցային լուծումը, եթե ոչ, նրան պետք է հեռացնել։ Չի ընտրելու։ 

Մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ Նիկոլ Փաշինյանն ընտրել է պատերազմի ճանապարհը, որովհետև մարսել է 2020-ը, մարսել է 5000 զոհերը, կորուսյալ տարածքները։ 

Եվ սա բոլորս գիտենք։ Այն, որ Ն․ Փաշինյանի իշխանությունն ինքնին աղետ է, շատերն էին հասկանում, բայց դրանից չկարողացանք ազատվել։ Ու հիմա զբաղված ենք լոկ աղետի գործունեությունը, դրա հետևանքները նկարագրելով, փնթփնթալով կամ վերամբարձ տոնով նոր պատերազմ գուժելով։

Արդյունքը զրո է։ Այո՛, զրո է։

Անհրաժեշտ է գերագույն ջանքով դուրս գալ Փաշինյան-ՀՅԴ-Քոչարյան փակ շղթայից։ Որովհետև այս շղթայի բաղադրիչները Հայաստանում անելիք չունեն։ Նրանք հանգիստ կործանել ու կործանում են երկիրը, քանի որ բոլորն էլ «գնացքից թռչելու» ծրագիր և հնարավորություն ունեն։ 

Ուրեմն, առաջին հերթին երկրի համար պատասխանատու են նրանք, ովքեր ապրել և ապրելու են հայրենիքում։ Այո՛, Լրջանալու հորդորը վերաբերում է միայն այն ուժերին և անհատներին, որոնք Հայաստանից ծլկելու ծրագիր չունեն։ Թող ներեն մեզ Սփյուռքում ապրող մեր բարեկամները, բայց կործանարար պատերազմին նրանք չեն մասնակցելու, նրանց որդիներն այսօր ՀՀ սահմաններին կանգնած չեն․․․

Զարուհի Գաբրիելյան

4rd.am

Նախորդ հոդվածըՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը հերթական արկածախնդրությունն է, որն ավելի մշուշոտ է դարձնում Արցախի հայկականության հեռանկարը.1in.am
Հաջորդ հոդվածըԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից երեք հիվանդ է տեղափոխվել Հայաստան