‘«Լֆիկ՝ հանցագործ», «Ալեքսանյան՝ բարեգործ». Ցույց Փակ շուկայի մոտ (տեսանյութ)’

2018

Երեւանի Փակ շուկային կից տարածքն այսօր մարդաշատ էր եւ աղմկոտ: Հեռվից վանկարկումներ լսեցի՝ «Առեւտրական՝ հան-ցա-գործ»: Մոտենալով՝ հասկացա, որ սխալվել եմ՝ իրականում Շուկայի շենքի մոտ՝ աղբամաններից սարքած պատվանդանի վրա կանգնած, ոտքից գլուխ կարմիր զգեստներով երիտասարդը բարձրախոսով գոռում էր՝ «Ալեքսանյան-բա-րե-գործ» ու թեւերը ռիթմիկ վերուվար էր անում: Հավաքված հարյուրից ավելի մարդիկ էլ նախանձելի ոգեւորությամբ կրկնում էին՝ «Ալեքսանյան-բա-րե-գործ»: 

«Եթե Սամվել Ալեքսանյանը բացի այս շուկան, այստեղ աշխատելու կընդունվի 700 մարդ, այսինքն՝ այդքան մարդ չի լքի հայրենիքը, ուրեմն, ժողովուրդ ջան, գոռում ենք՝ Ալեքսանյան՝ հայ-րե-նա-սեր», — ասում էր կարմրազգեստ երիտասարդը: «Ալեքսանյան՝ հայ-րե-նա-սեր», կրկնում էին հավաքվածները:
Նրանցից մի քանիսի ձեռքին պաստառներ կային՝ «Պահանջում ենք աշխատատեղ», «Թողեք ապագա սերնդին ապրել արժանավաել քաղաքում» (վրիպակ չկա-խմբ): Շուկայի ճակատին էլ մի խոշոր պաստառ էր փակցված՝ Պարույր Հայրիկյանի բարեկամ եւ համախոհ Կարո Եղնուկյանի մեծադիր դիմանկարով, վերեւը գրված՝ «ՄԱՍՈՆ», ներքեւը՝ «ո՛չ վարձու ընդդիմախոսներին, ո՛չ՝ օտարերկրյա լրտեսներին»:
Եղնուկյանը շաբաթ օրը տեղի ունեցած ակցիայի ժամանակ Շուկայի՝ ճարտարապետական հուշարձանի տեսքն աղճատելու դեմ ելույթ ունեցողների թվում էր: Ի դեպ, այսօրվա հավաքի ժամանակ Սամվել «Լֆիկ» Ալեքսանյանի կողմնակիցներին ընդդիմացող ակտիվիստներից ոչ ոք չկար: Չհաշված Վարդգես Գասպարիին, որի ձեռքին եղած «Ո՛չ, օրենքից վեր սրիկաներին» մակագրությամբ պաստառը փորձեցին խլել Ալեքսանյանի կողմնակից երիտասարդները:
Հավաքի մասնակիցներին առատորեն ջուր եւ սնունդ էին բաժանում, իսկ մի քանի պատանիներ ձեռքների սուլիչներն առանձնապես ջանադրաբար օգտագործում էին տեղում աշխատող լրագրողների ականջների տակ:

«Եթե Ալեքսանյանը սխալ ա, իշխանությունները սխալ են ու սխալ»

Հավաքին, իր խոսքով՝ պատահաբար միացած Յուրան նախ նշեց, որ ազգանունն Ալեքսանյան է, բայց Սամվել Ալեքսանյանի հետ բարեկամական կապեր չունի: «Պատահական տրանսպորտով անցնում էի, տեսա, որ ժողովուրդը հավաքված են, հետաքրքրվեցի, իջա, հարցրեցի ու իմացա, որ լավ բանի համար են հավաքվել», — ասաց Ալեքսանյանը: Նա նշեց, որ հիացած է Սամվել Ալեքսանյանի աշխատասիրությամբ եւ «ուրախ է, որ կառուցում է Երեւանը»: Քիչ անց Յուրան հավաքի կազմակերպիչ երիտասարդներից վերցրեց բարձրախոսը եւ կոչ արեց միասնական լինել, որովհետեւ «ողջ աշխարհն է հետեւում մեր պայքարին»:

Իսկ Լեոյի փողոցում բնակվող տիկին Սուսանին չի հետաքրքրում, որ քաղաքային իշխանությունները Սամվել Ալեքսանյանի կառույցն անօրինական են ճանաչել: «Մարդիկ ինչ ուզում՝ էն էլ ասում են: Էսօր մեր վերեւները նստած իշխանավարներն ինչքա՞նով են ճիշտ: Եթե Սամվել Ալեքսանյանը սխալ ա, իրանք սխալ են ու սխալ են, եղա՞վ», — ասաց տիկին Սուսանը: 

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ շուկայում ընթացող շինարարությունը համապատասխանում է բոլոր նորմերին, շինթույլտվությունը ստացել է 2012 թվականի սեպտեմբերի հինգին», — մեզ հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության աշխատակից ներկայացած Կարինե Սարգսյանը: Նա ասաց նաեւ, որ այն ժամանակ, երբ պետությունը՝ «Սփյուռքի նախարարությունը, դաշնակները, ոչ ոք սիրիահայ ընտանիքներին աշխատատեղ չի տրամադրում, Սամվել Ալեքսանյանը միանշանակ անխոսք նրան աշխատանք է տրամադրում եւ ժամանակին վարձատրում է»: 

Ավելի ուշ պարզեցինք, որ Կարինե Սարգսյանը աշխատում է Տիգրան Մեծ պողոտայում գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետում, ընդ որում՝ նրա գործառույթներն այնքան էլ հստակ չեն. մեկ նա մոտենում է դրամարկղի մոտ կանգնած հաճախորդներին ու իր «բոնուս-քարտն» է առաջարկում, մեկ հրահանգում է ուղեկցել հատուկ հաճախորդներին, մեկ էլ զննում է կասկածելի հաճախորդների տոպրակները:

Մեր զրուցակիցների հիմնական մասը խոստովանեց, որ աշխատում է Սամվել «Լֆիկ» Ալեքսանյանի սուպերմարկետների ցանցում կամ պատրաստվում է աշխատանքի անցնել նոր բացվելիք առեւտրի կենտրոնում:

Ցույցի մասնակիցները էլի մի քանի ժամ նույն վանկարկումներն անելուց հետո հեռացան, իսկ Փակ շուկայի ապամոնտաժումը պահանջող քաղաքացիական ակտիվիստներն այդպես էլ չժամանեցին:

Հակոբ Կարապետյան

Նախորդ հոդվածը‘Արձանագրվել են դատական ակտերի կատարման հետ կապված խախտումներ’
Հաջորդ հոդվածը‘Կրեմլ. Սարգսյանն ու Պուտինը կքննարկեն Մաքսային միության հետ ինտեգրացիան եւ ԼՂ խնդիրը’