‘Լֆիկի աշխատողները՝ ՀՀԿ նախընտրական ցուցակում’

3397

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում են հայտնվել նաև ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրեն Վահրամ Կիրակոսյանը, նույն սուպերմարկետների ցանցի անվտանգության ծառայության պատասխանատու Արշակ Ամիրյանը։

Վահրամ Կիրակոսյանը ցուցակի 88-րդ տեղում է: Նա Կենտրոնական ընտրական հանձնաժողով է հայտարարագրել համատեղ սեփականության իրավունքով մեկ բնակարան Տիչինայի փողոցում, ևս մեկը՝ միանձնյա սեփականության իրավունքով Գյուլբենկյան փողոցում, ինչպես նաև արտադրական տարածք Զաքյան փողոցում և երկու հողատարածք: «Երևան Սիթի»-ի տնօրենը երեք ավտոմեքենա ունի՝ BMW X5 մակնիշի մեկ և Nissan Altima մակնիշի երկու ավտոմեքենա: «Ալեքս Գրիգ» ընկերությունում նրա տարեկան աշխատավարձը կազմում է 1 միլիոն 850 հազար դրամ: Այլ դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու պահին կազմել է 2 միլիոն դրամ:

Արշակ Ամիրյանը ցուցակում 149-րդն է: Հայտարարագրել է բնակարան Րաֆֆու փողոցում՝ համատեղ սեփականության իրավունքով, ավտոտնակ նույն հասցեում, առանձնատուն և հողամաս Լուսագյուղում: Որպես շարժական գույք հայտարարագրել է Վազ 2107 մակնիշի ավտոմեքենա: «Երևան Սիթի»-ում նրա տարեկան աշխատավարձը 871 հազար դրամ է, ևս 1 միլիոն 200 հազար դրամ ստանում է տարածքի վարձակալությունից: Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել է 1 միլիոն դրամ:

Հասկանալի չէ, թե ինչ տրամաբանության շրջանակներում են վերը նշված անձինք հայտնվել ավագանու ընտրությունների ցուցակում: Գուցե պատճառն այն էր, որ Հանրապետական կուսակցությունն արժանի մարդկանց գտնելու հարցում դժվարություններ է ունեցել ու դիմել է իր օլիգարխ պատգամավորների օգնությանը:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ–ն ընդդեմ ՀՀ սահմանադրության’
Հաջորդ հոդվածը‘Ակցիա քաղաքապետարանի դիմաց (ֆոտոշարք, տեսանյութ)’