‘Լֆիկի կողմնակիցները գործի են դնում պարտիզանական պայքարի բոլոր հնարքները. Մամուլ ‘

1599

«ՉԻ»-ն իր «Լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Երեկ Կոմիտասի «Երևան սիթի» սուպերմարկետի մերձակայքում մի շարք միջադեպեր են արձանագրվել: Սամվել Ալեքսանյանի կողմնակիցներից մեկը սուպերմարկետների ցանցը բոյկոտողների դեղին գլխարկներից մեկը դրել է գլխին, մտել նրանց մեջ ու կտրել բարձրախոսի լարը: Ակտիվիստների մեքենաներից երկուսի անվադողերն էլ դանակներով պատռվել են:

«ՉԻ»- Փաստորեն՝ Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները գործի են դնում պարտիզանական պայքարի բոլոր հնարքները. դիվերսիոն խմբերը ոչնչացնում են թշնամու «մարտական տեխնիկան», հետախույզները հագնում են թշնամու համազգեստը և սողոսկում նրանց շարքերը և այլն: Երևի շուտով նաև գերիներ կվերցնեն, կհարցաքննեն ու կպարզեն թշնամու պլանները: Ամեն դեպքում՝ գնդակահարություններ, կարծում ենք, չեն լինի, կախաղաններ՝ նույնպես:

Ի դեպ, ոստիկաններին այս միջադեպերն առանձնապես չեն հետաքրքրում: Ավելին՝ նրանք ակտիվիստներին բացատրել են, որ իրենց հասցեին հնչող «բոմժ» արտահայտությունը հեչ էլ վիրավորանք չէ: Նրանք միանգամայն իրավացի են: «Էշ» արտահայտությունը նույնպես վիրավորանք  չէ. էշը չորքոտանի սմբակավոր կենդանի է: Չեք հավատում՝ բառարանում նայեք:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Մեզ նորից դժվար ճանապարհ է սպասվում’
Հաջորդ հոդվածը‘Պոզները հրաժարվել է մասնակցել Օլիմպիական կրակի էստաֆետին’