‘Լֆիկ+Տարոն հանցավոր գործակցություն՝ երեխաների առողջության հաշվին ‘

7841

Սառեցված հավերի հետ կապված սկանդալային պատմությունը, պարզվում է՝ ոչ միայն չի ավարտվել, այլեւ՝ դրա հետ կապված նոր մանրամասներ են ի հայտ գալիս:

Տեստոստերոնով հարուստ այդ հավերը, պարզվում է՝ ոչ միայն շարունակվում են վաճառվել խանութներում, այլեւ՝ տրվում են Երեւանի մանկապարտեզներին: Վտանգավոր այդ սննդամթերքով, փաստորեն, կերակրում են մեր երեխաներին: iLur.am-ի հավաստի աղբյուրները փոխանցում են, որ օրերս իրենք փորձել են մանկապարտեզների տնօրեններից ճշտել, թե ինչո՞ւ իրենք չեն դադարեցնում այդ վտանգավոր հավերի ընդունումը, եւ որ պատասխանն ավելի քան ուշագրավ է եղել: Մանկապարտեզների տնօրեններն ասել են, թե այդ հավերը ձեռք են բերում ոչ թե մանկապարտեզները, այլ՝ թաղապետարանները: Ասել է թե՝ ամեն ինչ կատարվում է քաղաքապետարանի գիտությամբ: Փաստորեն, քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է նույնիսկ երեխաների կյանքի հաշվին օգնել իր հարազատ օլիգարխ Սամվել Ալեքսանյանին, ով էլ հենց ներկրում է այդ սառեցված հավերը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ մեծ աղմուկ էր բարձրացել կապված Հայաստան ներկրվող  «Սադիա›› և «Ֆրանգոսուլ» (DOUX) սառեցված հավերի հետ: Դրանցում՝ «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ի փորձարկման լաբորատորիայում իրականացված փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է տեստոստերոն հորմոնի մեծ քանակություն: Թեմային անդրադարձել էին մասնավորապես, Hetq.am եւ Panorama.am լրատվական կայքերը: Ընդ որում, փորձաքննության արդյունքների հրապարակումից հետո հայտնի էր դարձել, որ այդ սառեցված հավերը շարունակվում են վաճառվել Երեւանի տարբեր խանութներում, այդ թվում նաեւ՝ հենց Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկ Սամոյի «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում:

Հիշեցնենք նաեւ, որ օրեր առաջ Hetq.am-ի հետ զրույցում՝ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգենիկ և հակահամաճարակային տեսչության սնուցման և սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը ասել էր, որ հորմոնների սահմանային թույլատրելի քանակություններից բարձր պարունակությամբ սննդամթերք օգտագործելու դեպքում օրգանիզմում կարող են առաջանալ՝ հորմոնային հավասարակշռության խանգարումներ՝ դիսբալանս, կարող են հանգեցնել կրծքագեղձի և շագանակագեղձի ուռուցքների առաջացմանը, առաջացնել աուտոիմուն հիվանդություններ՝ ալերգիա, ասթմա և այլն, խախտել օրգանիզմի վերարտադրողական ֆունկցիան, հղիության ժամանակ նպաստել պտղի աճի խանգարմանը, հորմոնները հատկապես վտանգավոր են երեխաների և դեռահասների համար, երեխաների մոտ կարող են առաջացնել վաղաժամ սեռական հասունացում, մազակալում և այլն:

Մեկ այլ տարօրինակ հանգամանք եւս. այս սառեցված հավերը ներկրվելուց պետք է պարտադիր զննում անցնեն: Եթե դրանցում վտանգավոր նյութեր կան, ապա դե յուրե դրանց ներկրումը պետք է որ անհնար լիներ: Այնինչ, վտանգավոր տեստոստերոնը հայտնաբերվել էր ոչ թե ներկրման ժամանակ, այլ՝ վաճառքի հանվելուց հետո, այն էլ՝ միայն այն ժամանակ, երբ խնդիրը բարձրաձայնվել էր Hetq.am-ի կողմից: 

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանի համար «Շախտյորը» 40 միլիոն եվրո է պահանջում ‘
Հաջորդ հոդվածը‘Կիրակնօրյա աստղագուշակ’