‘Լևոն Անանյանը գրողների միության աթոռը զմռսել է իր հետույքին’

1475

Ստորև ներկայացվող վերամբարձ տեքստի հեղինակը ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն է, ով ոչ միայն չի հանդուրժում, որ որեւէ մեկը երբեւէ ասի, որ «իր աչքի վերեւ հոնք կա», այլեւ սեփականաշնորհել է Գրողների միության աթոռը եւ այն տառացիորեն զմռսել իր հետույքին: Իսկ այդ նպատակին հասնելու համար Գրողների միությունը ողողել է բառացիորեն աղբով՝ գրի ու գրականության հետ որեւէ առնչություն չունեցող մարդկանց գրող է հռչակել եւ ընդունել միություն: Այս եղանակով իր վերընտրման հավանականությունը մոտեցրել է 100 տոկոսանոց սահմանին եւ ապահովել է այս աթոռը ցկյանս տնօրինելու՝ որեւէ բարոյական նորմով չապահովված իրավունքը: Մանավանդ որ ստեղծագործական միությունների նախագահների թայֆայով կարողացան հասնել նրան, որ օրենքներն ու կանոնադրություններն այնպես փոխեն, որ որեւէ իրավական խոչընդոտ չլինի այդ ճանապարհին: Պարզապես զարմանալի է, թե ժամանակին Աբգար Ափինյանի դեմ մարտնչող գրողներն ուր են եւ ինչու են հաշտվել Գրողների միության իշխանամետ ու ոչ գրական «թագավոր» ունենալու մտքի հետ:

«Հրապարակի» նախորդ համարում ամենայն ուշադրությամբ կարդացի բանաստեղծ Հուսիկ  Արայի հարցազրույցն արձակագիր Սուսաննա Հարությունյանի հետ (երկուսն էլ` ՀԳՄ անդամ)։ Շատ բարձր եմ գնահատում ՀԳՄ նոր կանոնադրության նկատմամբ ե՛ւ թերթի, ե՛ւ հեղինակների սրտացավ վերաբերմունքը, բայց, դե, իմ վաղեմի բարեկամներն այդպես անտեղյակ կարող էին զրուցել Գրողների տանը եւ ոչ թե «Հրապարակ»-ով։ Այն էլ հայտարարելով, թե իրենք ծանոթ չեն ՀԳՄ նոր կանոնադրության տեքստին։

Իսկ ճշմարտությունը հետեւյալն է. դեռեւս 2011 թ. գարնանը ՀԳՄ նախագահությունը կազմեց հատուկ հանձնախումբ՝ հանձնարարելով կազմել կանոնադրության նոր տարբերակ։ Մինչ հանձնախմբի տարբերակի վերջնական մշակումը, «Գրական թերթի» երկու համարներում շարունակաբար հրապարակվեց արձակագիր Վլադիմիր Հայրապետյանի ալտերնատիվ կանոնադրությունը (NN 19-20, 2011)։ Արդեն տարեվերջին ԳԹ-ն հրապարակեց, ընդ որում՝ ամբողջ զույգ էջով, թավ տառերով, նոր ՀԳՄ նոր կանոնադրության տարբերակը, որն անգամ ամենակարճատեսի աչքից էլ չէր վրիպի։ Տեքստի ավարտին, խոշոր տառատեսակով, կոչ էր արվում Հայաստանի գրողների միության բոլոր անդամներին՝ հանձնախմբին ներկայացնել իրենց առաջարկություններն ու լրացումները (N 43, 2011)։  Սփյուռքից եւ Հայաստանից անմիջապես հաջորդեցին սույն թեմայի քննարկումները, որոնք սփռված են  ԳԹ-ի տարբեր համարներում։

Չերկարացնեմ. անցած ամիսներին էլ կանոնադրական հանձնախումբը, հենվելով  ՀԿ-ների  օրենքի պահանջների վրա, հաշվի առնելով արված առաջարկները, մասնավորապես Վլ. Հայրապետյանի տարբերակի բոլոր ընդունելի (օրենքով) լրացումներն ու շտկումները, հղկել է կանոնադրության վերջնական տեքստը, որը համագումարից առաջ կբաժանվի պատվիրակներին՝ ի նոր ծանոթություն։ Համագումարի ընթացքում հանձնախմբի նախագահ Պետրոս Դեմիրճյանը մի անգամ եւս մանրամասն կներկայացնի առաջարկությունների եւ լրացումների ողջ փաթեթը, որից հետո կծավալվի եւս մի քննարկում, եւ ապա միայն կհաստատվի կանոնադրությունը։

Այսքանից հետո էլ ի՞նչ վաշ ու վիշ, ափսոսանք ու հեկեկանք, էլ ի՞նչ մեղք ու մեղսագործ…

Ուրեմն, ապատեղեկատվություն տարածելուց առաջ,  նախ  բարի եղեք կարդալ ձեր իսկ «Գրական թերթը», հետո միայն  ձենձենեք, թե ինչ-որ բան նեխել է Դանեմարքայում (ճիշտ ձեւը՝ Դանեմարք)։ Գլուխը քարը Դանեմարք-Դանիան, դուք ազնիվ եղեք եւ նեխվածքը փնտրեք ձեր իսկ բարոյականության կալվածքներում, հավատացած եմ, այն ձեզ շա՜տ մոտ է…

Հարգանոք՝ Լեւոն ԱՆԱՆՅԱՆ

«Հրապարակ»

Նշենք նաև, որ Անանյանը, որ նախագահական ընտրությունների ժամանակ քարոզչություն էր իրականացնում Սերժ Սարգսյանի, իսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի օգտին, երեկ Հայաստանի գրողների միության 16-րդ արտահերթ համագումարին՝ բաց քվեարկությամբ միաձայն գրողների միության նախագահ է վերընտրվել:

Հիշեցնենք, որ Լևոն Անանյանը առաջին անգամ 2001 թվականին է ընտրվել միության նախագահ, հետո հաջորդաբար՝ 2005-ին և 2009-ին վերընտրվել է: 

Նախորդ հոդվածը‘Զինված հանցագործը Ստավրոպոլում սպանել է հայ գործարարի երկու անչափահաս երեխաներին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսական 4 երիտասարդների գործը Վերաքննիչ դատարանը կլսի օգոստոսի 5-ին’