‘Լևոն Բարսեղյանը՝ Գիզիրյանի հնարավոր ազատման մասին. Անպայման մի որևէ տեղ կնշանակեն, որ ծառայի ռեժիմին’

1258

Լուրեր ունեինք, որ մարդը երազում էր լինել ՀՀ ոստիկանության պետ, վերջին ակորդը լինելու էր Շիրակի մարզում վարունգի աճման հետ կապված հերոսական ցուցանիշներ ապահովելը. չի ստացվել մարդու մոտ: iLur.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը՝ անդրադառնալով Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հնարավոր ազատմանը: Մեր հարցին, թե, այնուամենայնիվ, հնարավոր համարո՞ւմ է, որ մարզպետի պաշտոնից հրաժարական տալուց հետո Գիզիրյանը մեկ այլ պաշտոնում նշանակվի ոստիկանությունում, Լևոն Բարսեղյանը պատասխանեց.

«Հնարավոր է: Հերոսական կադրերին ռեժիմը աճեցրել է տարիներ շարունակ, մարտի 1-ում է օգտագործել: Էդ հերոսական կադրերը ահագին բան գիտեն, սրանք սովետի ծնունդ են: Անպայման մի որևէ տեղ կնշանակեն, որ ծառայի ռեժիմին»:

Բարսեղյանը համապատասխան ձայները չապահովելու համար տեղացի պաշտոնյաների նկատմամբ իշխանության կողմից ճնշումների կամ հաշվեհարդարների դեպքերի մասին չգիտի, սակայն չի բացառում, որ իշխանական շրջանակներում նման բան լինի: «Հնարավոր է՝ իշխանական շրջանակներում իրենց բրիգադիրների մեջ հաշվեհարդար լինի, փորձեն պարզել, թե՝ ախպեր ջան, բա դու էսքանի համար վիզ էիր դրել, ինչի՞ չկարողացար»,- նշեց  նա:

Բարսեղյանից հետաքրքրվեցինք նաև, թե Գյումրիում ինչ հետընտրական տրամադրություններ են տիրում: Նրա խոսքով՝ գյումրեցիները «կայֆավատ են լինում»:

«Գիտեն, որ այստեղ խիյարը ճիշտ է աճում, որտեղ խփի, Գյումրիում չի կարող խփել: 46-47 հազար ձայն է ստացել Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրիում: Գյումրեցիք հասկանում են, որ դրա մեծ մասը դժգոհության քվեներ են, ոչ թե հատուկ Րաֆֆի Հովհաննիսյանի համար, այլ Սերժ Սարգսյանի դեմ, ինչպես 2003-ին Ստեփան Դեմիրճյանի օգտին քվեարկեցին ահագին մարդիկ՝ հատկապես Ռոբերտ Քոչարյանին դեմ իմաստով»,- կարծիք հայտնեց Բարսեղյանը:

Նշենք, որ Գիզիրյանն ինքը իր հնարավոր ազատման մասին ասել է, թե «առայժմ ոչ մի նման բան չկա»:

Նախորդ հոդվածը‘Բողոքի ակցիա Բաղրամյան պողոտայում. Ոստիկանները բռնի խոչընդոտում են քաղաքացիների տեղաշարժը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հայկ Բաբուխանյան. Րաֆֆիին ընտրել են աղանդավորները, համասեռամոլներն ու դառնացած մարդիկ’