‘Լևոն Բարսեղյան. Ամոթալի բան է 24 տարի հետո երկրում ունենալ այս ծավալի անօթևան ընտանիքներ’

1175

Չգիտեմ՝ պարոն Դավթյանը որ ծավալների հետ համեմատած է ասում՝ առյուծի բաժինը. եթե աղետի օրվանից հաշված ենք ասում, այո, իսկապես, բնակարանաշինության առյուծի բաժինն արված է: iLur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Գյումրիի ավագանու անդամ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ մեկնաբանելով Հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանի՝ այսօր արած հայտարարությունը, թե աղետի գոտու բնակարանաշինության և բնակարանների ապահովության առյուծի բաժինը իրականացվել է:

«Ամենախոշոր բաժինը Խորհրդային Միության միջոցներով է արվել մինչև 1990-91 թվականը, այնուհետև պետական միջոցներ են եղել, Լինսի հիմանդրամի, բարեգործական մի շարք հիմնադրամների, Կարմիր խաչի, Հանթսմանի միջոցները, և վերջին երկու-երեք տարիներին էլի պետական միջոցներով, բայց մեր ուսումասիրությունները ցույց են տալիս, որ բուն երկրաշարժից անօթևան ընտանիքների թիվը Գյումրիում մոտավորապես մնում է 2600 ընտանիք, որոնց մեծ մասը՝ 1900-2000-ը, այն ընտանիքներն են, որոնք տարիների ընթացքում աճել, մեծացել, զարգացել են և կիսվել են»,- ասաց Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ պետությունը, կառավարության 1998 թվականի որոշման համաձայն՝ փոխհատուցել է և փոխհատուցում է այնքան մակերես ունեցող բնակարաններ, որքան կորցրել է ընտանիքը 1988-ի երկրաշարժին, ու հաշվի չի առնվում այն փաստը, որ այս 24 տարվա ընթացքում ընտանիքներն աճել են:

«Հազարավոր օրինակներ կան, երբ 5 հոգանոց ընտանիքը հիմա դարձել է 10-15 հոգանոց, ու փոխհատուցվում է էլի նույն 2 սենյականոց բնակարանը: Հասկանալի պատճառներով 15 հոգանոց ընտանիքը չի կարող տեղափոխվել այդ երկու սենյականոց բնակարանը, ընտանիքի մի մասն է տեղափոխվում, մյուսները մնացել են տնակների մեջ: Դա ամենախոշոր, կարիքավոր խումբն է: Այսօր «Քաղաքը մերն է» նախաձեռնությունը կոչով դիմեց ԱԺ նախագահին, հանձնաժողովների նախագահներին, նախագահի աշխատակազմի մի քանի բաժինների և կառավարությանը, որով մենք կոչ ենք անում ուժը կորցրած ճանաչել կառավարության 1998 թվականի որոշումը, այս ընտանիքներին ճանաչել անօթևան ու փոխհատուցել գոնե առաջիկա երկու տարում»,- տեղեկացրեց Լևոն Բարսեղյանը:

Վերջին 3,5 տարում շուրջ 2600 բնակարան են տրամադրել անօթևան ընտանիքներին: Շինարարությունն իրականացրել է «Գլենդել հիլզ» ընկերությունը, սակայն բնակարանների կառուցման համար անցկացված տենդերը, Բարսեղյանի խոսքով, շատերի սրտով չի եղել:

«Այդ մրցույցը հայտարարվել է մեկ ամբողջական լոտով, փաթեթով, ինչին տեղական փոքր շինարարական կազմակերպությունները մասնակցելու հնարավորություն չեն ունեցել և այդ խոշոր փաթեթին մասնակցելու հնարավորություն է ունեցել մեկ կազմակերպություն: Կարելի է ասել՝ մրցութը չի եղել, ինչը վնասեց  տեղական շինարարական կազմակերպություններին ու իմ համոզմամբ՝ այդ շինարարության ընդհանուր որակին»:

Ըստ Բարսեղյանի՝ իշխանությունները պրոբլեմն ամբողջությամբ չեն գիտակցում: Նա կասկածում է, որ իշխանությունը կամք կունենա ընդունել, որ դա խնդիր է, իսկ ընդունելու դեպքում հեշտ կլինի միջոցներ դրսից էլ գտնել, «բյուջեում էլ վերանայել մի շարք անհեթեթ ծախսումներ»: Բարսեղյանը համոզված է, որ գերկարևոր խնդիրներից հետո հաջորդը իշխանության համար հաջորդը պետք է լիներ Գյումրիի անօթևան ընտանիքների խնդիրը:

«Այդ ընտանիքների մեծ մասում տղամարդիկ չկան, արտագաղթել են, կամ վերադառնում են կամ չեն վերադառնում, մայրերը երեխաներին մանկատուն են ուղարկում, պահելու միջոց չունեն: Տնակներն էլ բարակ պատերով խայտառակ բան են: Խոշոր հաշվով ամոթալի բան է, էլի: 24 տարի հետո երկրում ունենալ այս ծավալի անօթևան ընտանիքներ ու այս խնդիրն առաջնահերթությունների գոնե հնգյակի մեջ չունենալ…»:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը վտանգում է տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը. Է. Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ նախարարական խորհրդում’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնանկ է արվել Նոր Նորքի ոստիկանապետը’