‘Լևոն Բարսեղյան. Մենք հասկացանք, որ ահագին տարբեր են Սերժ Սարգսյանները’

1095

Ինքնաբուխ մտքերի արտահայտման ժամանակ բացահայտվում է անձի ինտելեկտը և լեզվամտածողությունը, սա ակնհայտ է: iLur.am-ի հետ զրույցում Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը նման կարծիք հայտնեց Սերժ Սարգսյանի քարոզարշավի ընթացքում վերջին շրջանում մեծ աղմուկ հանած միջադեպերի վերաբերյալ: Ըստ Բարսեղյանի՝ սրանով երևում է, թե Սերժ Սարգսյանն ինչպիսի լեզվամտածողություն, բառապաշար, հոգեկերտվածք ունեցող անձնավորություն է:

«Մի բան է գրված տեքստը վերցնել, կարդալ, այլ բան է մարդկանց հետ անմիջական շփման ժամանակ անմիջականորեն արտահայտել այն մտքերը, որոնք այդ պահին մարդու գլխին գալիս են: Ես ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ պետք է լուրջ վերլուծության ենթարկել խիյարի պատմությունը, կամ ավելի վաղ արտահայտված «թամբալ», «լոդր» բառերը և այլն»,- ասաց Բարսեղյանը:

Նա հիշեց, որ տարիներ առաջ երբ Ռոբերտ Քոչարյանին Շիրակի մարզպետարանում հարց տվեցին ընդդիմության մասին, ասաց՝ նրանք իքիբիրի կարգի ընդդիմություն են: Ըստ Բարսեղյանի՝ «իքիբիր» բառը այդ անձի բնութագրական բառն էր, որը այդ մարդու բառապաշարում կար և որը ամենահարմարը գտավ այդ բառով որպես ստորացուցիչ ածական բնութագրել ընդդիմությանը: Վերադառնալով օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին, երբ Եռաբլուրում բողոքող կանանցից մեկին Սերժ Սարգսյանն այսպես պատասխանեց՝ «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես», Բարսեղյանն ասաց՝ չի կարծում, որ Սերժ Սարգսյանը գնացել էր Եռաբլուր որևէ բան տոնելու:

«Գնացել էր հարգանքի տուրք մատուցելու և գլուխ խոնարհելու զոհվածների հիշատակին և հաստատ այդ տոնի տեղը չէր: Մի խոսքով, մենք հասկացանք, որ ահագին տարբեր են Սերժ Սարգսյանները. մի դեպքում մենք ունենք փողկապով, կոկիկ հագնված, լավից-վատից գրագետ հայերենով գրված տեքստերը ընթերցող Սերժ Սարգսյան, մյուս կողմից՝ ահագին զվարճանքներ հանրությանը պատճառող Սերժ Սարգսյան»,- նկատեց Լևոն Բարսեղյանը:

Մեր դիտարկմանը, թե Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչներ պնդում են, թե նման հանդիպումներն անմիջական են դարձնում քարոզարշավը, Բարսեղյանն ասաց, որ եթե նրանք իսկապես լուրջ են ասում դա, ապա Սերժ Սարգսյանի PR-ի մասնագետները ողբալի վիճակում են:

«Եթե սա է այդ մարդկանց մտքի արգասիքը, ուրեմն բազմակի խայտառակ վիճակի մեջ ենք: Այսինքն, իրենք ուզում են ասել, որ դա միայն Սերժ Սարգսյանի ինպրովիզացիոն լուծումների արգասիքը չէ: Անմիջականություն ցույց տալու համար բազմաթիվ ուրիշ հնարքներ կան: Կարելի է բարեխիղճ լինել, ազնիվ լինել ու այդ անմիջականությունը կերևա: Կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ Սերժ Սարգսյանն անմիջականություն ցուցաբերելու համար այցելեր բոլոր այն զինվորականների տները, որոնք անցած տարվա ընթացքում մահացել են: Որևէ բեմադրության կարիք չէ լինի»,- եզրափակեց Լևոն Բարսեղյանը:

Նախորդ հոդվածը‘«Աբգար Հինգերորդ»-ն ընդդեմ Ուսամա Բեն Լադենի, Սադամ Հուսեյնի ու …«Յունիբանկ»-ի’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան. Ամերիկյան ներդրողներին երաշխիքներ են անհրաժեշտ անկախ դատական համակարգի ոլորտում’