‘Լևոն Զուրաբյան. Անկախ հեռուստատեսության գոյությունը ռեժիմի համար մահի նման մի բան է’

1240

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը ԱԺ-ում՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2013 թվականի գործունեության մասին հաղորդման ժամանակ:

«Ես ցանկանում եմ, նախեւառաջ, ընթերցել Սահմանադրության 83.2 հոդվածը, որից հետեւում է, որ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը տապալել է իր սահմանադրական գործառույթը: Հոդվածում ասված է հետեւյալը.
«Հեռարձակվող լրատվության միջոցների ազատության եւ բազմազանության ապահովման նպատակներից ելնելով՝ օրենքով ստեղծվում է անկախ կարգավորող մարմին»:
Այսինքն, այս մարմնի ամբողջ սահմանադրական իմաստը  հենց լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության ապահովումն է: Որ այս խնդիրը իրականում Հայաստանի ժողովրդավարության համար ամենակարեւոր խնդիրներից մեկն է, դրա մասին խոսում է նաեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, եւ ես ձեզ ցանկանում եմ ընթերցել Հայաստանի ժողովրդավարությանը վերաբերող վերջին բանաձեւից մի մեջբերում, դա 2011թ. ընդունված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 18.37 բանաձեւն է: Ահա ինչ է ասում այդ բանաձեւը.
«Վեհաժողովը դիտարկում է իրապես բազմազան լրատվական միջավայրը՝ որպես Հայաստանի ժողովրդավարության զարգացման կարեւորագույն պայման: Ա1+ լիցենզիայի տենդերը չդարձրեց լրատվական միջավայրը ավելի բազմազան, հետեւաբար՝ տենդերի արդյունքը չի համապատասխանում վեհաժողովի պահանջներին: Վեհաժողովը կոչ է անում Հայաստանի իշխանություններին իրավականորեն պարտավորել՝ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի լիցենզավորման որոշումը ընդունելիս առաջնորդվել Հայաստանի լրատվական միջավայրի բազմազանությունը եւ տարբերակվածությունը մեծացնելու անհրաժեշտությամբ»:
Այս պահանջները մինչեւ հիմա կատարված չեն: Բայց ԵԽԽՎ շատ ճիշտ ակցենտ է դրել, որովհետեւ, իսկապես, ամենակարեւոր խնդիրը, իսկ այստեղ խոսվեց  եթերի բովանդակության մասին, վերահսկողության մասին, մշակութային չափանիշների մասին, բայց չխոսվեց ամենակարեւոր արատի մասին՝ այդ այն է, որ մենք չունենք հեռուստատեսային եթերի ազատություն, որը ժամանակակից աշխարհում ամենակարեւոր գործոններից է:
Մենք ի՞նչ ենք ուզում: Ի՞նչ է նշանակում՝ բազմազանություն: Ի դեպ, ես բացեմ, այս ձեւակերպումները ԵԽԽՎ-ում հենց այնպես չեն արվել: Ես ունեցել եմ բազմաթիվ բանակցություններ, մոնիթորինգային հանձնաժողովի քարտուղարության հետ, նրա նախագահի հետ եւ տարբեր անդամների հետ: Այս ձեւակերպումները ընդունվել են հետեւյալ միտումով. նրանք ասում են՝ լավ, Ա1+ հարցը չլուծվեց, բայց այստեղ ասելու շատ բան չունենք, որովհետեւ տենդերը, ի վերջո, անցել է օրինական ճանապարհով: Բայց խնդիրը հետեւյալն է. մենք խնդիրը պետք է լրիվ այլ կերպ դնենք: Հայաստանում պետք է ապահովվի լրատվամիջոցների բազմազանություն: Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է՝ ցանկացած քաղաքական ուժ, ցանկացած քաղաքական ուղղություն կամ գաղափարախոսություն պետք է ազատություն ունենա՝ իր լրատվամիջոցը ունենալու: Եվ մենք այստեղ խոսում ենք ամենակարեւոր ոլորտի ՝ հեռուստատեսության մասին, որովհետեւ հեռուստատեսությունը, նախ, ամենահասանելի լրատվամիջոցն է մեր ժողովրդի համար՝ մեկ, եւ երկրորդը՝ հեռուստատեսությունը, ըստ էության, այն միջոցն է, որն իսկապես նպաստում է ժողովրդավարության հաստատմանը Հայաստանում: Եւ մենք հիմա ցանկանում ենք անցնել այն կետին, որը վերաբերում է, թե ինչպես է Հայաստանում այդ բազմազանությունը արգելակվում: Ինչ է անում Հայաստանի իշխանությունը: Հայաստանում կար, մինչեւ 2008թ., 21 անալոգային հաճախականություն: Հայաստանը նման ժառանգություն ստացել էր Սովետական Միությունից՝ 21  անալոգային հաճախականության դիապազոն եւ ամեն մի այդ հաճախականությամբ կարող էր մի հեռուստատեսություն հեռարձակվել: Եվ ահա, ինչ արեցին Հայաստանի իշխանությունները: Շատ պարզ մի հնարք: Բոլոր այդ հաճախականությունները լցրեցին իրենց կողմից ստեղծված եւ վերահսկվող հեռուստատեսություններով, իսկ մրցութային համակարգով, փաստորեն, արգելափակեցին որեւէ անվերահսկելի հեռուստատեսության գոյությունը այդ հաճախականություններով: Մասնավորապես, եթերից դուրս շպրտվեցին Ա1+ եւ Նոյան Տապանը, որովհետեւ չէին վերահսկվում իշխանությունների կողմից: Լավ: Թվում էր, թե թվայնացման դարաշրջան է, եւ այս պրոբլեմը կլուծվի, որովհետեւ ամեն անալոգային հաճախականության վրա կարելի է կառուցել 6 թվային հաճախականություն: Ինչը նշանակում է, որ Հայաստանում մենք կունենաինք, շատ հանգիստ, 60-70 հաճախականություն եւ, ըստ էության, բոլոր հայտ ներկայացնողները, եթե նրանք ենթարկվում են, կատարում են օրենքի բոլոր չափանիշները եւ պահանջները, հնարավորություն կունենային հեռարձակելու Հայաստանում: Եւ ինչ արեց իշխանությունը՝ շատ հետաքրքիր մի բան: Մեկ էլ ինչ-որ տարօրինակ ձեւով պարզվում է, որ Հայաստանը կորցրել է անալոգային հաճախականությունները: Մնացել է ընդամենը 7 անալոգային հաճախականություն: Երբ որ հարցնում ես՝ այդ ո՞նց կատարվեց, ո՞նց եղավ, որ Հայաստանին մեկ էլ այդպես սահմանափակեցին: Ասում են՝ դե գիտեք ինչ, մենք դրա հետ գործ չունենք, մենք չգիտենք՝ դա ոնց է եղել: Մինչեւ հիմա իշխանություններից ոչ մի պատասխան չկա: Կապի նախարարությո՞ւնն է զբաղվում: Իսկ դուք երբեւիցե դիմե՞լ եք կապի նախարարությանը այդ հարցով: Փորձե՞լ եք իրենցից պատասխան ստանալ, թե ինչո՞ւ է այդ սահմանափակումը կատարվել: Սա մեկ: Երկրորդը: Լավ, մնացել է 7 անալոգային, շատ լավ է, դրանցից 3-ը թվայնացրել եք, դրա համար ստացել եք էլի նույն 18 ալիքի տեղը: Այդ 18 ալիքը էլի ձեր հեռուստատեսություններով փակել եք: Ի՞նչն է խանգարում 4-րդ կանալն էլ թվայնացնել: Ինչո՞ւ եք այդ պրոցեսը արգելակել: Ինչո՞ւ չեք 4-րդ մուլտիպլեկսորը աշխատեցնում: Ինչո՞ւ չեք բացում ճանապարհը մասնավոր մուլտիպլեկսորային ընկերությունների համար: Ինչո՞ւ: Ինչո՞ւ ոչ մի բան չի արվում այս ուղղությամբ: Շատ պարզ է, որովհետեւ իշխանությունը հասկանում է, որ հերթական անալոգային հաճախականությունը բացելը նշանակում է՝ բացել ճանապարհ ազատ հեռուստատեսության համար, որովհետեւ այլեւս որեւէ ձեւ մերժելու, ասենքմ նույն Հայ ազգային կոնգրեսին հաճախականություն կամ որեւէ հեռուստատեսություն, որն ունի այդ գաղափարական ուղղությունը, ինչ որ Կոնգրեսը, դուք չեք կարողանալու: Եվ հենց դրա համար է, որ այս ամբողջ գործընթացը արգելափակված է: Հիմա: Ես մի հարց եմ ուզում տալ: Դուք գիտե՞ք, իրականում, այս պրոցեսներին ով է հետեւում: Ո՞վ է այս ամենի ետեւում կանգնած: Թվում էր, թե հանձնաժողովը՝ իր սահմանադրական գործառույթներով, կամ կապի նախարարությունը պետք է զբաղվեն այս հարցերով: Չկա նման բան: Կա մի մարդ, որ զբաղվում է դրանով: Դա Գրիգոր Ամալյանն է: Գրիգոր Ամալյանը, դա բոլորը շատ լավ գիտեն, զբաղված է այդ հաճախականությունների եւ լիցենզիավորման եւ տեխնոլոգիական հնարավորությունների զարգացման ոլորտում ընդունվող որոշումներով, որովհետեւ դա քաղաքական կարեւորագույն մի լծակ է այս իշխանությունների համար՝ արգելափակելու հեռուստատեսության ազատությունը Հայաստանում: Գրիգոր Ամալյանը, որը առաջ ձեր պաշտոնն էր զբաղեցնում, հիմա ինչ-որ մի համեստ պաշտոն է զբաղեցնում, որտե՞ղ՝ Բաղրամյան 26-ում, նախագահի աշխատակազմում ինչ-որ մի նյութատեխնիկական բաժին է: Բայց չգիտես թե ինչու ամբողջ քաղաքականությունը ինքն է որոշում: Բայց մենք շատ լավ գիտենք, թե ինչու, որովհետեւ իրականում այս բանգավառը մի ոլորտ է, որտեղ Սերժ Սարգսյանը ցանականում է մինչեւ վերջ պահպանել իր վերահսկողությունը: Տեսեք, բաժանել էին հեռուստականալներ, ըստ էության, որ մտնում էին կոալիցիայի մեջ, դրա համար ԲՀԿ-ն ուներ հնարավորություն հեռարձակելու: Բայց հենց որ ԲՀԿ-ն դուրս եկավ վերահսկողությունից, թե ինչ կատարվեց ԲՀԿ-ի չեզոքացման խնդրի հետ, դրան բազմիցս անդրադարձել ենք՝ չենք խոսի, բայց այս ենթատեքստում պետք է ասենք հետեւյալը՝ միանգամից հասկանալով, որ ամենամեծ վտանգը այս ռեժիմի համար  Կենտրոն հեռուստատեսությունն է, Կենտրոն հեռուստատեսությունը վերցվել է Սերժ Սարգսյանի անձնական վերահսկողության ներքո:
 Այսինքն՝ ռեժիմը շատ լավ հասկանում է, որ իր համար անկախ հեռուստատեսության գոյությունը  մահի նման մի բան է: Մահ: Մի քանի օր չեն կարողանա դիմանալ, եթե լինի Հայաստանում ազատ, անկախ հեռուստատեսություն կամ որեւէ անվերահսկելի քաղաքական ուժի կողմից ղեկավարվող հեռուստատեսություն: Եվ քանի դեռ այս խնդիրը լուծված չէ, իսկ սա ժողովրդավարության ամենաառանցքային խնդիրներից մեկն է, մեզ մնում է, որպես Հայաստանի արմատական, իշխանությունների կողմից անվերահսկելի ընդդիմություն, դիմել մեր ավանդական եւ միակ միջոցին: Դրանք համաժողովրդական հանրահավաքներն են, դիմել Ազատության հրապարակի օգնությանը: Դա է պատճառը, որ ես հիմա, օգտվելով այս հնարավորությունից, որովհետեւ այլ հնարավորություններ մեզ հեռուստատեսությունները համարյա չեն տալիս, կոչ անել մեր ժողովրդին՝ բոլորդ հավաքվեք մարտի 1-ին Ազատության հրապարակում, ժամը 15:00, որպեսզի մենք ժողովրդի ուժով ցույց տանք, որ Հայաստանում մենք երբեք թույլ չենք տա մեկ մարդու կողմից կառավարվող, վերահսկելի մի ժողովրդավարության ֆասադ, եւ մենք հասնելու ենք հաղթանակի»:

Նախորդ հոդվածը‘Բոլոր դոլարային վարկերը մենք պետք է փոխարինենք դրամայինի. Տնտեսագետ’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Վիրաբյանը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ’