‘Լևոն Զուրաբյան. Եկել է արկածախնդիրներից ազատվելու ժամանակը’

4640

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը

— ԱԺ Ձեր հայտարարության մեջ անդրադարձաք Զորի Բալայանի հայտնի նամակին եւ տեսակետ հնչեցրիք, թե ՀՀ իշխանությունները Հայաստանում հասարակական կարծիքը նախապատրաստում են ԼՂ խնդրով զիջումների: Կխնդրեի ավելի մանրամասնել, թե ինչ նկատի ունեիք:

— Զորի Բալայանը, որը ղեկավարեց Հայաստանի պատմության մեջ երեւի ամենամեծ հանրահավաքը՝ 1988թ. փետրվարի 26-ի հանրահավաքը, 100 հազարավոր մարդկանց այդ օրը տուն ուղարկեց՝ մեջբերելով Գորբաչովի` Ղարաբաղի հարցը հօգուտ Հայաստանի լուծելու՝ իրեն տված խոստումը: Դրան հաջորդեցին Սումգայիթյան ջարդերը, Հայաստանում հանրահավաքների արգելումը եւ հալածանքները ղարաբաղյան շարժման ակտիվիստների նկատմամբ: Այդ ժամանակից սկսած՝ հայ ժողովուրդը իր մեջ հաղթահարեց աշխարհի մեծամեծներից ինչ-որ բան խնդրելու, նրանց շահն իրենց բացատրելու մանկամիտ բարդույթը: Հայաստանում հաղթանակեց Ղարաբաղյան նոր շարժումը՝ «Ղարաբաղ» կոմիտեի նոր կազմով եւ նոր գաղափարախոսությամբ: Այդ գաղափարախոսության էությունն այն էր, որ հայ ժողովուրդը պետք է, առաջին հերթին, կայանա որպես քաղաքական գործոն՝ իր ռազմական, տնտեսական, ինտելեկտուալ ռեսուրսներով, որի հետ աշխարհի ազդեցիկ ուժերը հաշվի կնստեն: Ղարաբաղյան ազատագրական պատերազմի հաջողությունը պայմանավորված էր հայ ժողովրդի կողմից հենց նման գաղափարախոսության որդեգրումով: Մեծամեծներին աղերսողների եւ նրանց շահերը բացատրողների ժամանակն անցավ, եւ նման ֆիգուրները ընդհանրապես ուղղակի չքվեցին հայ քաղաքական մտքի ասպարեզից:

Երբ հրապարակվեց Զորի Բալայանի նամակը, ես հակված էի այն ընդունել որպես մոռացության մեջ հայտնված քաղաքական մի «բրածոյի»  հոգու ճիչ, որին մեծ նշանակություն պետք չէ տալ, որովհետեւ 88-ից ի վեր հայ ժողովուրդն այնպիսի քաղաքական դպրոց էր անցել, որ թվում էր, թե նման քաղաքական տկարամտությունը այլեւս որեւէ շանս չի կարող ունենալ: Բայց արի ու տես, որ, ինչպես պարզվեց հետագայում, սա իշխանական քարոզչամեքենայի մի լայնածավալ օպերացիայի առաջին զարկն էր ընդամենը: Բոլոր իշխանամետների եւ իշխանության կողմից վերահսկվող «ընդդիմադիրների» կողմից սկսվեց այս թեմայի արհեստական արծարծման եւ կամ հենց փառաբանման մի գործընթաց, որն ակնհայտորեն ղեկավարվում էր իշխանության կողմից եւ աստիճանաբար ներառեց ավելի եւ ավելի ազդեցիկ իշխանամետ գործիչների աջակցությունը: Ուստի բնական է, որ մենք պետք է ավելի լուրջ վերաբերվենք Զորի Բալայանի, իսկ ավելի ճիշտ՝ իր կողմից խորհրդանշվող մտածողության վերադարձին՝ հայ քաղաքական միտք: Հասկանալի դարձավ, որ նամակի գլխավոր ուղերձը՝ Ղարաբաղը Ռուսաստանին հանձնելու միջոցով խնդրի կարգավորման անհրաժեշտությունը, ուներ մեկ նպատակ. իշխանությունները հասարակական կարծիքը նախապատրաստում են ղարաբաղյան հարցում աննախադեպ զիջումների:

— Բայց Ձեր հակառակորդները կարող են հակադարձել, որ նույն բանն անում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը 1997թ.՝ «Պատերազմ, թե խաղաղություն» հայտնի հոդվածով, որտեղ նույնպես խոսում էր զիջումների մասին՝ համաձայնելով, այսպես կոչված՝ ԼՂ խնդրի կարգավորման փուլային տարբերակին:

— Նման բան ասողները ուղղակի չեն պատկերացնում, թե ինչ էր նշանակում ձեր նշած 1997թ.  «ԼՂ զինված հակամարտության դադարեցման մասին համաձայնագիրը»: Այդ համաձայնագիրը նախ եւ առաջ պետք է ստորագրեր ԼՂ-ն՝ որպես Հայաստանից ու Ադրբեջանից առանձին՝ ինքնուրույն կողմ: Խաղաղությունը հաստատվում էր՝ պահպանելով հայկական ուժերի վերահսկողությունը ԼՂ-ի եւ դրան Հայաստանի հետ կապող շրջանների վրա: Իսկ ամենակարեւոր կետը համաձայնագրի 11-րդ կետն էր, որում ասված էր. «Ներկայիս համաձայնագրի 3 կողմերը, վերջ դնելով հակամարտության ռազմական ասպեկտին, համաձայնվում են բարեխղճորեն շարունակել բանակցությունները…որպեսզի համապարփակ կարգավորում գտնեն հակամարտության այլ ասպեկտներում…ինչը ներառում է ԼՂ կարգավիճակի սահմանումը…»: 

Այսինքն՝ ինչպես տեսնում ենք, համաձայնագրի ընդունումով ԼՂ-ն ճանաչվում էր բանակցություններում ՀՀ-ին եւ Ադրբեջանին իրավահավասար կողմ, եւ ԼՂ կարգավիճակի սահմանման հարցում ստանում էր վճռորոշ ձայնի իրավունք, ըստ էության՝ վետոյի իրավունք, քանի որ որեւէ համաձայնություն ԼՂ վերջնական կարգավիճակի վերաբերյալ չէր կարող կայանալ առանց ԼՂ պաշտոնական համաձայնության եւ ստորագրության: Եթե համաձայնագիրը կնքվեր, սա, ըստ էության, նշանակում էր ԼՂ ինքնորոշման սկզբունքի եւ անկախության ճանաչման հանգրվանային առաջին քայլը: Հատուկ ցանկանում եմ նշել, որ ի տարբերություն այլ փաստաթղթերի, որոնց այսօր համաձայնվում է Սերժ Սարգսյանը, տարածքային ամբողջականության սկզբունքն ընդհանրապես այս համաձայնագրում՝ հիմանական տեքստում կամ նրա պրեամբուլայում, նշված չէ: Փաստորեն, սա խաղաղության հաղթական ծրագիր էր, որը մենք արդեն ուժով պարտադրել էինք Ադրբեջանին, քանի որ արդեն ստացվել էր Ադրբեջանի պաշտոնական համաձայնությունը, եւ որը սահմանում էր ԼՂ համար թեեւ ոչ վերջնական, սակայն միջազգայնորեն ճանաչված եւ երաշխավորված  կարգավիճակ՝ առանց Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիշատակման: Ահա այս հաղթական ծրագիրն է մերժվել ներկայիս ռեժիմի կողմից այն պատրվակով, թե հնարավոր է հասնել ավելի նպաստավոր լուծումների կամ ընդհանրապես սառեցնել հակամարտությունը:

— Հիմա հնարավոր չէ՞ կրկին վերադառնալ Տեր-Պետրոսյանի ժամանակ քննարկված ծրագրին:

— 1994թ. հայկական կողմը հաղթանակած դուրս եկավ ահավոր այս պատերազմից՝ ուներ համեմատելի մարդկային եւ տնտեսական ռեսուրսներ Ադրբեջանի հետ, ինչպես նաեւ առավելություն Ադրբեջանի նկատմամբ՝ սպառազինությունների եւ զինամթերքի առումով: Միեւնույն ժամանակ, Տեր-Պետրոսյանին պարզ էր, որ հակամարտությունը սառեցնելու ծրագիրը ապագա չունի, քանի որ Ադրբեջանը օգտագործելու է իր նավթային հարստությունը՝ տարածաշրջանում ռազմաքաղաքական բալանսն արմատապես հօգուտ իրեն փոխելու համար: Պետք էր խաղաղություն կնքել ուժեղի դիրքերից: Վերադարձ այդ ծրագրին այլեւս հնարավոր չէ, որովհետեւ անցած 15 տարիների ընթացքում Հայաստանի դիրքերն անընդհատ թուլացվել են արկածախնդիր եւ անհեռատես մոտեցումների պատճառով: 2001թ. ՀՀ իշխանությունները գնացին, այսպես կոչված, քիվեսթյան արկածախնդրությանը: Մշակվել էր պլան, համաձայն որի՝ ԼՂ-ն պետք է դառնար Հայաստանի մաս, փոխարենը Ադրբեջանը Մեղրիի միջանցքով կապվեր Նախիջեւանի հետ: Քանի որ պլանի իրագործումը նախատեսում էր Ղարաբաղի միացումը Հայաստանին եւ Հայաստանի կողմից տարածքային զիջումներ Ադրբեջանին, այն կարող էր իրագործվել միայն, եթե բանակցությունների ձեւաչափը փոխվեր՝ եռակողմ ֆորմատից դեպի երկկողմ՝ հայ-ադրբեջանական միջպետական ֆորմատ, որում Ադրբեջանն ու Հայաստանն, ըստ էության, տարածքային փոխանակումներ են կատարում: Համաձայնելով ձեւաչափի նման փոփոխմանը՝ Հայաստանի իշխանությունները տապալեցին ամենակարեւոր նվաճումը, որ մենք ունեինք Ղարաբաղի անկախության ճանաչման ճանապարհին: Այն է՝ 1994թ. ԵԱՀԿ-ի Բուդապեշտյան գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթի այն դրույթը, ըստ որի՝ ԼՂ-ն ճանաչվում էր հակամարտության, ուստի եւ՝ բանակցությունների լիիրավ կողմ: Ձախողելով Քի-Վեսթը, որի միակ արդյունքը դարձավ բանակցությունների սեղանից  Ղարաբաղյան կողմի դուրս գալը եւ հակամարտության միջազգային նոր ընկալումը՝ որպես հայ-ադրբեջանական միջպետական հակամարտության, ռեժիմը սկսեց փնտրել ուղիներ հակամարտության սառեցման համար:

— Եվ որո՞նք էին այդ ուղիները:

— Դրա միակ հնարավորությունը Հայաստանի շրջափակման վերացումն էր: Հակամարտության պահպանման դեպքում ՀՀ-ի եւ ԼՂ-ի հիմնական խնդիրը Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից կիրառվող շրջափակումն է, ինչը զգալիորեն խեղդում է Հայաստանի զարգացման հնարավորությունները եւ ելքերը այլտընտրանքային շուկաներ, թանկացնում էներգետիկ ծախսերը: Վարչախմբի հաշվարկով՝ եթե հնարավոր դառնար վերացնել Թուրքիայի կողմից շրջափակումը, Հայաստանը կստանար ազատ շնչելու եւ ԼՂ խնդրի կարգավորման հարցում չշտապելու հնարավորություն: Բարձրացնելով Թուրքիայի եւ միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը եւ դարձնելով այն պետական արտաքին քաղաքականության օրակարգի բաղադրիչ մաս՝ Հայաստանի իշխանավորները հույս ունեին, որ Թուրքիան նման զարգացումներից խուսափելու նպատակով ստիպված կլինի կարգավորել իր հարաբերությունները Հայաստանի հետ ու բացել հայ-թուրքական սահմանը: Թուրքիան, սակայն, շատ ավելի հնարամիտ գտնվեց, քան Հայաստանի անհեռատես ղեկավարներն էին կարծում, եւ 2005թ. հանդես եկավ պատմական անցյալն ուսումնասիրելու հայ-թուրքական միջպետական հանձնաժողով ստեղծելու առաջարկով: Այդ առաջարկը Հայաստանին անմիջապես դրեց շատ անհարմար վիճակում: Եթե Հայաստանը հրաժարվում էր նման հանձնաժողովի ստեղծումից, ապա Թուրքիան միջազգային հանրությանը հայտնում էր, որ Հայաստանը խուսափում է պատմական ճշմարտությունը վերլուծելու եւ հաստատելու պատասխանատվությունից: Իսկ եթե Հայաստանը համաձայներ այդ առաջարկին, կստացվեր, որ Հայաստանն ինքը համաձայն է, որ ցեղասպանության իսկության վրա կարելի է դնել հարցական նշան:  Քի-Վեսթից հետո սա երկրորդ ծանր ռազմավարական սխալն էր՝ թույլ տրված ՀՀ իշխանությունների կողմից: Երրորդը, որ երկրորդի տրամաբանական շարունակությունն էր, Հայաստանի իշխանությունների որդեգրած,  այսպես կոչված՝ ֆուտբոլային դիվանագիտությունն էր, երբ Հայաստանն, այնուամենայնիվ, ընդունեց Թուրքիայի առաջարկը՝ հույս ունենալով, որ ցեղասպանության ուրացումով հնարավորություն կստանա բացելու հայ-թուրքական սահմանը եւ շարունակելու ԼՂ հակամարտության սառեցման քաղաքականությունը: Արդյունքում՝ շրջափակումը չվերացվեց, բայց Թուրքիան ստացավ այն, ինչ ուզում էր՝ Հայաստանի պաշտոնական համաձայնությունը պատմական անցյալն ուսումնասիրելու վերաբերյալ: Դա թույլ տվեց հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրն, ըստ էության, հանելու միջազգային քաղաքականության օրակարգից: Այսպիսով՝ սպառվեց շրջափակման հաղթահարման վերջին ռեսուրսը:

— Բայց արդյո՞ք եվրոինտեգրացիայի պրոցեսը եւս չի կարելի համարել շրջափակումը ճեղքելու եւս մեկ փորձ:

— Եթե ստորագրվեին ԵՄ-ի հետ Ասոցացման եւ Խորը  և համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերը, դա ինքնաբերաբար չէր լուծի Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման խնդիրը: Թեեւ հասկանալի է, որ, այնուամենայնիվ, նման պայմանագրերի ստորագրումը զարկ կտար Հայաստանի տնտեսության զարգացմանը, ինչպես նաեւ կբերեր հայ-թուրքական սահմանի բացմանն ուղղված միջազգային ճնշման ուժեղացմանը: Բայց այստեղ կարեւորը բոլորովին այլ հանգամանք էր. 90-ական թվականներին Տեր-Պետրոսյանի ղեկավարած իշխանությունը հասկանում էր, որ ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ հավասարակշռված քաղաքականության պահպանումն առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի պահպանվեն Ղարաբաղյան խնդրի լուծման հնարավորությունները՝ ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Այն ժամանակվա իշխանությունները գիտակցում էին, որ եթե ռեգիոնը հայտնվի մեկ գերտերության ազդեցության ներքո՝ լինի դա ՌԴ-ն, թե Արեւմուտքը, Ղարաբաղյան հարցն անմիջապես կլուծվի հօգուտ Ադրբեջանի, քանի որ երկու դեպքում էլ՝ լիներ դա Pax Americana, թե Pax Russica , միեւնույն է, խաղաղության երաշխավոր տերությունը ԼՂ խնդիրը կլուծեր հօգուտ բոլոր ռեսուրսներով ավելի գրավիչ Ադրբեջանի, ինչպես դա արեցին անգլիացիները 1918թ. կամ բոլշեւիկյան Ռուսաստանը՝ 1921թ.: Ուստի, հենց Ղարաբաղի պահպանման տեսակետից շատ կարեւոր է պահպանել այն բալանսը ՌԴ-ի ու Արեւմուտքի միջեւ, որն ընկավ Տեր-Պետրոսյանի հիմնադրած արտաքին քաղաքականության դոկտրինայի հիմքում: Ձախողվելով Ռուսաստանի եւ Արեւմուտքի շահերի հաշտեցման նուրբ գործում՝ Սերժ Սարգսյանը խախտեց այդ հավասարակշռությունը, եւ այսօր արդեն կարելի է արձանագրել, որ Ղարաբաղի խնդրի սառեցման քաղաքականության երկու կարեւորագույն ռեսուրսները, այն է՝ Թուրքիայի շրջափակման վերացման հնարավորությունը ու ՌԴ եւ Արեւմուտքի միջեւ հավասարակշռության պահպանումը, սպառված են:

Այսպիսով, վերադառնալով ձեր այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է վերադարձը 1997թ. ծրագրին, ես կարող եմ ասել հետեւյալը, որ այսօր դա արդեն ուտոպիայի բնագավառից է: Բացի նրանից, որ հակամարտության սառեցման եւ Ղարաբաղյան հարցում մանեւրելու ռեսուրսները սպառված են, այս անհեռատես փնտրտուքների վրա ծախսված ժամանակը ՀՀ իշխանությունները չօգտագործեցին՝ Հայաստանը մոդեռնիզացված եւ արդյունավետ կառավարման ինստիտուտներով ղեկավարվող երկիր դարձնելու ու Ղարաբաղը բնակեցնելու նպատակով: Ադրբեջանի բնակչությունն անընդհատ աճում է, Հայաստանինը՝ անընդհատ պակասում: Վերջին տարիներին այս գործընթացն այլեւս ընդունել է աղետալի բնույթ: Եթե 1997թ. ՀՀ եւ Ադրբեջանի ՀՆԱ-ները համադրելի էին, ապա այսօր արդեն Ադրբեջանի ՀՆԱ-ն 7 անգամ գերազանցում է ՀՀ ՀՆԱ-ն: Ադրբեջանը գործածում է իր հզոր ֆինանսական հնարավորությունները ՌԴ-ում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում պրո-ադրբեջանական լոբբիների՝ գնալով ավելի ազդեցիկ գործունեության համար: Այս պարագայում խոսել, թե Հայաստանը կարող է նորից հասնել Ադրբեջանի համաձայնությանը 1997թ. ծրագրին, նշանակում է հավատալ հեքիաթների: Ուստի, Ադրբեջանն այսօր բացարձակապես ոչ մի շահագրգռություն չունի կարգավորելու ԼՂ խնդիրը, այլ համբերատար սպասում է, թե ինչպես է մի օր Ղարաբաղն ինքը ընկնելու իր ձեռքերի մեջ:

Պատահական չեմ համարում, որ Զորի Բալայանի պարտվողական  նամակը եւ նրա ուժգնացող աջակցությունն իշխանության կողմից տեղի ունեցավ Եվրոասոցացման գործընթացի տապալումից անմիջապես հետո: Իշխանություններն այսօր իրենք էլ են հասկանում, որ Ղարաբաղյան խնդրում այլեւս որեւէ խաղաքարտ չունեն: Ուստի եւ, ինչպես ասացի սկզբում, սկսել են հասարակական կարծիքը նախապատրաստել  միակողմանի զիջումների:

— Եւ այս իրավիճակում որո՞նք են ժողովրդի եւ, մանավանդ, ընդդիմության անելիքները:

— Մեր անելիքը նույնն է, ինչ անցյալում. ժողովրդին առավելագույնս մոբիլիզացնել այս ռեժիմի դեմ պայքարում: Պարտվողական այս պրոպագանդայի լայնարձակումը երկրում ցույց է տալիս, որ ռեժիմը թեեւ ինքն արդեն գիտակցում է իրավիճակի անելանելիությունը, այնուամենայնիվ, ոչ թե պատրաստ է հրապարակավ ընդունել իր պարտությունը եւ հեռանալ քաղաքական ասպարեզից, այլ ցանկանում է անգամ Ղարաբաղի կորստի գնով պահպանել սեփական իշխանությունը: Ահա այս ծրագրի հետ է, որ հայ ժողովուրդը չպետք է հաշտվի: Եվ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի 2012-13թթ. ընտրական ցիկլից հետո հուսահատված ժողովուրդը նորից իր մեջ կամք արթնացնի հրապարակային պայքարով երկրում արմատական փոփոխություններ կատարելու համար: Բազմաթիվ կեղծված ընտրություններից հետո առաջացած այս հուսահատությունն ու անտարբերությունը բնական են, բայց՝ ժամանակավոր: Ժողովուրդը շուտով նորից վերադառնալու է ակտիվ քաղաքական պայքարի: Եկել է արկածախնդիրներից ազատվելու ժամանակը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

Նախորդ հոդվածը‘Բարոզու. Ուկրաինայի հետ ասոցացումը հնարավոր կլինի միայն Տիմոշենկոյի հարցի լուծումի հետո’
Հաջորդ հոդվածը‘ReAnimania V միջազգային փառատոնը կբացի «Իմ մայրիկն Ամերիկայում է և հանդիպել է Բաֆֆալո Բիլին» ֆիլմը’